Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կարեն Կարապետյան. Ունենք լավ հնարավորություն՝ մեր հայրենակիցներին ներգրավելու մեր տնտեսական ծրագրերում
13/02/2018 19:19
Կիսվել

Կարեն Կարապետյան. Ունենք լավ հնարավորություն՝ մեր հայրենակիցներին ներգրավելու մեր տնտեսական ծրագրերում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զեկուցել է, որ 2017 թ. նախարարության առջև դրվել է ռազմավարական երեք խնդիր՝ նպաստել հայապահպանությանը՝ համագործակցելով Սփյուռքի կազմակերպությունների և հոգևոր կառույցների հետ, նպաստել հայկական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը՝ Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացման նպատակով և մշակել հայրենադարձությունը խթանող ծրագրեր: Այս նպատակով աշխատանք է իրականացվել 138 երկրում գործող համայնքների հետ, և հուշագրեր ու համաձայնագրեր են կնքվել 43 համահայկական կազմակերպության հետ: Աշխարհի 21 երկրում ձևավորվել են առևտրային ցանցեր, և սփյուռքահայ համայնքներում մասնագիտական բիզնես կառույցների ստեղծումը շարունակվում է: Հայրենադարձության մասով մշակվել է ռազմավարություն, ծրագիր, գործողությունների ծրագիր և օրենքի նախագիծ:

Սփյուռքի նախարարի խոսքով՝ կառավարության ծրագրով նախատեսված 6 գերակա խնդրի ուղղությամբ իրականացվել է 26 ծրագիր, որոնց մասնակիցների թիվը հասնում է 7000-ի։ 2017 թ. շարունակվել են աշխատանքները Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերի ինտեգրման, կեցության, կրթության, առողջապահության, աշխատանքի տեղավորման հարցերի լուծման ուղղությամբ։ Գործում են միջգերատեսչական հանձնաժողով, աշխատանքային խումբ, արագ արձագանքման խումբ և թեժ գիծ։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ կազմակերպվել է 5 գործարանների բացում, օժանդակություն է ցուցաբերվել բիզնես ծրագրերի մշակմանը։

Հայապահպանության և սփյուռքի երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացման ծրագրերի շրջանակում 2017 թ. «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին մասնակցել է 266 սփյուռքահայ 30 երկրից, 2016 թ. համեմատ մասնակիցների թիվն ավելացել է 100-ով։ Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրն իրականացվել է 9 փուլով, մասնակցել է 1055 սփյուռքահայ երիտասարդ՝ 36 երկրից։ ԱՄՆ-ի հայկական կրթօջախներում Երևանից ուղարկված մասնագետի ուժերով կազմակերպվել է 27 կրթօջախի 50 ուսուցչի վերապատրաստման դասընթաց։ 37 երկրի ավելի քան 200 Սփյուռքի հայկական կրթօջախի առաքվել են 87 000 կտոր դասագիրք և ուսումնաօժանդակ նյութեր։ Նախարարության աջակցությամբ Սփյուռքում ստեղծվել է 16 նոր մեկօրյա դպրոց։ Իրականացվել են նաև տարածաշրջանային կրթամշակութային ծրագրեր: Նախարարի խոսքով՝ 2018 թ. գերակա խնդիրներից է սփյուռքում մշակութային կյանքի զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

Նախարար Հակոբյանը զեկուցել է, որ ՀՀ ներդրումային ծրագրերին սփյուռքահայերի մասնակցության ապահովման գործուն մեխանիզմների ներդրման նպատակով՝ 2017 թ. ստեղծվել են աշխատանքային խումբ և «Մեկ պատուհան» կառուցակարգը, նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Ներդրումներ Հայաստանում» բաժին, որում ներկայացված են իրավական հարցեր, ներդրումային ծրագրեր և այլ տեղեկատվական նյութեր: Կայքում տեղադրվել է 180 ներդրումային ծրագիր և սփյուռքի գործարարներին ու հայկական առևտրաարդյունաբերական պալատներին են ուղարկվել բիզնես ծրագրեր և տեղեկատվություն Հայաստանում ներդրումներ իրականացնելու հարթակների մասին։ 290 գործարար ներդրում է կատարել Հայաստանում, մոտ 700-ի հետ նախարարությունը շարունակում է աշխատանքն այդ ուղղությամբ: Բիզնես ծրագրերի տարածման և ներդրումների ներգրավման ուղղությամբ տեղեկատվությունը փոխանցվում է տեսաժողովների և առցանց քննարկումների միջոցով: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ սփյուռքահայ գործարարները գոհ են մաքսային համակարգի աշխատանքից, իսկ խնդիրների շարքում նշում են շինարարական նորմատիվների կարգավորումը, դատական համակարգի բարեփոխումը, այլ լեզուներով ՀՀ օրենսդրության թարգմանությունը և այլն: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում այս ոլորտներում և համապատասխան հանձնարարականներ է տվել:

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայապահպանության, սփյուռքում ազգային ինքնության պահպանման և հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացման սփյուռքա¬հայ երիտասարդության շրջանում պատմական հիշողության ամրապնդման ուղղություններով տարվող շարունակական աշխատանքից և հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք համագործակցության տնտեսական օրակարգի ձևավորման խնդրին՝ կարևորելով ներդրումների ներգրավմանը, հայրենադարձության խթանմանը և մասնագիտական ներուժի համախմբմանն ուղղված ծրագրերը: «Ի դեմս Սփյուռքի նախարարության՝ մենք ունենք լավ հնարավորություն մեր տնտեսական ծրագրերում ներգրավելու մեր հայրենակիցներին, քարոզելու այն ձեռքբերումները, որն այսօր ունենք: Մենք ասում ենք, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, լավ պլատֆորմ է Եվրասիական տնտեսական միություն, Եվրոպական միություն, իրանական շուկա մտնելու համար: Այս առումով պետք է հստակ ձևակերպված լինի պետական յուրաքանչյուր օղակի և սփյուռքի նախարարության միջև շփման կանոնակարգը: Երկրորդը հայրենադարձության խնդիրն է. սփյուռքահայության ռեպատրիացիայի առումով սիրիահայերի փորձն ունենք, հիմա պետք է ձևակերպենք՝ ինչպես ենք ներգրավելու: Երրորդը մասնագիտական ներուժի համախմբումն է՝ նպատակ ունենալով սփյուռքի միջոցով ավելացնել արտաքին աշխարհի հետ շփման հնարավորությունները՝ ժամանակակից քաղաքացի ունենալու համար: 2018 թվականին այս խնդիրների մասով ակնկալում եմ ձեզնից որոշակի պրագմատիկ ռեցեպտներ», – ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է հստակ ձևակերպել և ներկայացնել Հայաստան-Սփյուռք համագործակցության ինստիտուցիոնալ զարգացման վերաբերյալ առաջարկությունները: Վարչապետը կարևորել է նաև սփյուռքահայության ներուժի օգտագործումը Հայաստանը՝ որպես զբոսաշրջային երկիր ներկայացնելու և քարոզելու գործում, և հանձնարարել համատեղ աշխատել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52