Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Ի՞նչ ակնկալիքներ ունեն ՓՄՁ-ները կառավարությունից
29/06/2018 11:13
Կիսվել

Ի՞նչ ակնկալիքներ ունեն ՓՄՁ-ները կառավարությունից

Փոքր ու միջին ձեռնարկությունների պաշտպանվածության խնդիրը նոր կառավարության ուշադրության առանցքում է. այսօր նախատեսվում է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ոլորտի մասնագետների հետ։ Կառավարության ղեկավարն ակնկալում է առկա գաղափարական մոտեցումների շուրջ բուռն քննարկում եւ ՓՄՁ տնտեսավարողների գործունեության պայմանները բարելավող տեսակետների գեներացում։ Մյուս կողմն իր հերթին ունի օրակարգի վերաբերյալ իր մոտեցումները։ Մասնավորապես, ՓՄՁ ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում ողջունելով երկխոսության հարթակի վերականգնումը, կարեւորում է մեխանիզմների հաստատումը, որոնց պայմաններում, անկախ անձերից ու տրամադրություններից, կշարունակվեն նման ձեւաչափերը, ու դրանց արդյունքում կայացված որոշումները կդրվեն պարտադիր կատարման։

«Նախորդ կառավարությունների դեպքում, երբ եղել է ստացված երկխոսություն եւ գործել է վարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհուրդը, որի կանոններից էր առնվազն եռամսյակը մեկ անգամ հանդիպումների անցկացումը, արձանագրել ենք շոշափելի տեղաշարժեր։ Դրանք կապված են եղել նոր օրենքների ներդրման, ինչպես, օրինակ, 2012-ին շրջանառության հարկի, 2014-ին ընտանեկան ձեռնարկատիրությունը հարկերից ազատելու, ՏՏ սկսնակ եւ սահմանամերձ համայնքների ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին օրենքների հետ եւ այլն։ Ես ակներեւ բաներն եմ ասում, բայց այլ փոփոխություններ եւս շատ են եղել։ Բայց այն պահին, երբ երկխոսությունը խաթարվել է, ունեցել ենք հարկային օրենսգրքի նման փաստաթուղթ»,-ասում է Հակոբ Ավագյանը ու ավելացնում, որ երբ օրենսդրական նախագծերը բոլոր շահագրգիռ կողմերի հետ պատշաճ կերպով քննարկման չեն դրվում, հետո ստիպված փոփոխություններ են կատարվում արդեն ընդունված օրենքներում։

Նոր կառավարության հետ անդրանիկ հանդիպմանը մասնագետը հույս ունի գալ ընդհանուր հայտարարի՝ կապված երկու բնույթի խնդիրները հստակեցնելուն՝ օրենսդրական բացերով պայմանավորված եւ կիրառման տեսանկյունից խնդրահարույց հարցեր։

Մի շարք հարկատեսակների մասով վերանայման անհրաժեշտություն կա

Ինչ վերաբերում է հիմնական հարկատեսակների մասով առկա խնդիրներին, Հակոբ Ավագյանը հաստատում է, որ սկսնակ եւ փոքր բիզնեսի հարկման ռեժիմների գծով առկա է ընդունելի օրենսդրություն, բայց խնդիրը կիրառման մեջ է։ «Առաջնային խնդիրներից, որ նայում ենք, դիվիդենտի հարկն է, որ անցած տարի ընդունվեց ու այս տարի արդեն գործում է։ Այն կարող էր ընդունելի լինել, եթե շահութահարկի դրույքաչափը եւս փոխվեր, բայց այս պարագայում այն հարկային բառի ավելացում է ենթադրում։ Ես վստահ եմ, որ ՓՄՁ-ների մեծամասնությունը չգիտի, որ այս տարվա արդյունքներով մյուս տարվա ապրիլին հավելյալ 5 տոկոս դիվիդենտի հարկ է վճարելու»,–նշում է փորձագետը։

Հաջորդ խնդիրը, որ բարձրացնում է մասնագետը, գործատուների կողմից վարձու աշխատողներին չգրանցելն է, որն ունի իր պատճառները։ «Վարձու աշխատողի հարկը, որը որպես կանոն մեր երկրում հիմա գործատուի վրա է, հավելյալ բեռ է։ Սրան գումարվում է կուտակայինը, բանակի դրոշմանիշային վճարը, ինչն, ընդհանուր առմամբ, մեծ բեռ է դառնում գործատուի համար։ Եթե նայում ենք, եկամտային հարկը 23 տոկոս է, շահութահարկը՝ 20, բիզնեսի մոտ միշտ մտածելու տեղիք է դա տալիս, որ ավելի լավ է չգրանցի աշխատողին ու 20 տոկոս շահութահարկ տա, քան 23 տոկոս եկամտային հարկ»։ Հետեւաբար, ըստ Ավագյանի, հարկային դրույքաչափերի աղյուսակները եւս պետք է վերանայել։

Մեկ այլ խնդիր է չգրանցված աշխատողների տուգանքի չափը։ Օրենսդրական փոփոխություններով այն միջինացվել ու դարձել է 250 հազար դրամ։ Հակոբ Ավագյանի խոսքով՝ նմանատիպ տուգանքը գյուղական փոքրիկ խանութի համար կարող է փակման պատճառ դառնալ։ «Մարդիկ ունեն փոքրիկ խանութ, կինը դուրս է գալիս, ամուսինը երկու ժամով գալիս է փոխարինելու, օրենքի տառից ելնելով, հարկային մարմինը կարող է նրան դիտարկել որպես վարձու աշխատող։ Դուք պատկերացրեք՝ գյուղական համայնքի փոքր խանութի համար 250 հազար դրամ գումարած 50 հազար վարչական տուգանք, որ դառնում է 300 հազար դրամ տուգանք, կարող է հավասար լինել փակմանը»,–մտահոգություն է հայտնում ՓՄՁ ասոցիացիայի ղեկավարը։

Խնդրահարույց է նաեւ նոր սերնդի ՀԴՄ-ների գինը, որը ներկայում 160 հազար դրամ է։ «Մարդիկ չեն կարողանում նոր սերնդի ՀԴՄ գնել, ուր մնաց 300 հազար դրամ տուգանք վճարելը։ Այստեղ հավասարության սկզբունքն էլ է կարեւոր»,-եզրափակում է Հակոբ Ավագյանը։

Ուշագրավ վերլուծական տվյալներ ՓՄՁ-ների վերաբերյալ

Համաձայն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից իրականացված «ՓՄՁ-ների դերը Հայաստանի տնտեսության մեջ 2017» ամենամյա վերլուծության՝ 2017-ի վերջին պետռեգիստրում առկա է եղել 180 հազար գրանցված հարկ վճարող, որից միայն 106 հազար 596-ը կամ 59.2 տոկոսն են ակտիվ հարկ վճարողները։ Պետք է ընդգծել, որ ակտիվ հարկ վճարողների թիվը 2017-ին աճել է շուրջ 5 հազար 600-ով։ Ակտիվ եւ գրանցված հարկատուների միջեւ մեծ անհամապատասխանությունը, ըստ հետազոտողների, լուծարման բարդ գործընթացի արդյունք է, որը ստիպում է ընկերություններին սառեցնել իրենց գործունեությունը՝ գերադասելով դադարեցումը, ոչ թե փակումը։

2017-ի դրությամբ ՓՄՁ-ները ընդհանուր հարկ վճարողների 77 տոկոսն են կազմել՝ 82 հազար 209, որոնցից 76 հազար 615-ը ներկայացնում են միկրո բիզնեսը կամ ակտիվ հարկատուների 72 տոկոսը, 4570-ը՝ փոքր բիզնեսներն են (ակտիվ հարկատուների 4 տոկոսը), 1024-ը՝ միջին ձեռնարկություններն են (ակտիվ հարկատուների 1 տոկոսը)։

ՓՄՁ շրջանառությունը վերջին երեք տարիներին կազմել է Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ մեկ երրորդը։ Միկրոբիզնեսն ապահովել է ՀՆԱ 11.1, փոքր բիզնեսը՝ 11.7, միջին բիզնեսը՝ 11.6 տոկոսը։ ՓՄՁ-ները 2017-ին 246 հազար 702 աշխատատեղ են ապահովել, ինչը տարվա համար ընդհանուր աշխատատեղերի 30.3 տոկոսն է կազմում։

ՓՄՁ-ների գործունեության հիմնական ոլորտները մանրածախ եւ մեծածախ առեւտուրն է։ ՓՄՁ-ների մեծամասնությունը՝ 52.8 տոկոս գտնվում է Երեւանում, Կոտայքում է տեղաբաշխված դրանց 8 տոկոսը, Արմավիրում՝ 6.8, Արարատում՝ 5.3 տոկոսը։

2017-ին սահմանամերձ գոտիներում գործող ՓՄՁ-ների քանակն ավելացել է 11 տոկոսով, հավատարմագրված ՏՏ սկսնակ ընկերությունների քանակն աճել է 111 տոկոսով, ընտանեկան ձեռնարկություններինը՝ 74.5 տոկոսով։

Անի ՆԱԶԱՐՅԱՆ

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93