Հայաստանի Կենտրոնական բանկն այս տարի շուկայից գնել է մոտ 88 մլն դոլար
Հայաստանի ԿԲ-ն վերջին երեք ու կես տարում շուկայից գնել է 270 մլն դոլար, իսկ միայն այս տարի` մոտ 88 մլն դոլար: Այս տարի կենտրոնական բանկը դեռ չի վաճառել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում Կենտրոնական բանկի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելուց հետո ասաց նախագահ Արթուր Ջավադյանը:
«Մենք վերջին երեք ու կես տարվա ընթացքում շուկայից գնել ենք մոտ 270 մլն դոլար, այս տարի միայն մոտ 88 մլն գնել ենք շուկայից, ու դրա մեծ մասը գնել ենք ապրիլ ամսին: Դա նշանակում է, որ արտարժույթի շուկաներում բավականին լուրջ առաջարկ ունենք»,-ասաց Ջավադյանը:
Նրա կարծիքով` պետք է անցկացվեն որոշակի վիճակագրական ուսումնասիրություններ, իսկ այս պահին կրկին առկա է արտարժույթի առաջարկ: «Շատ լավ է, որ ԿԲ-ն համալրում է իր արտաքին պահուստները, մյուս կողմից՝ դա հնարավորություն է տալիս դրամին ոչ շատ ուժեղանալ, որը ազդեցություն կունենա մեր արտահանողների վրա»,-նշեց Ջավադյանն ու հավելեց, որ ԿԲ-ն միշտ վարում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն: