ԱԺ. Ֆիզիկական անձինք հողը օտարելուց առաջ կատարեն տվյալ հողի մասով հողի հարկի վճարումներ
Հ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ ֆիզիկական անձինք հողը օտարելուց առաջ, օտարման ամիսն ընդգրկող ժամանակահատվածը ներառյալ, կատարեն հողի հարկի վճարումները:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանի և Գևորգ Պապոյանի հեղինակած նախագիծը ԱԺ նիստում ներկայացրել էր Մեխակյանը:
Նախագծով առաջարկվում է, որ ֆիզիկական անձինք հողը օտարելուց առաջ, օտարման ամիսն ընդգրկող ժամանակահատվածը ներառյալ, կատարեն տվյալ հողի մասով հողի հարկի վճարումներ: Օրենքի գործող կարգավորմամբ, եթե վաճառողը չի կատարել հողի հարկի վճարումը, ապա այն փոխանցվում է նոր սեփականատիրոջը, ինչի մասին պարտավոր չէ տեղյակ պահել գնորդին: Եվ նոտարի կողմից օտարման պայմանագրում մեծ մասամբ չի նշվում, որ հողի հարկի պարտավորությունը փոխանցվում է նոր սեփականատիրոջը: Եվ նոր սեփականատերն է պարզում, որ ինքը պետք է վճարի նախորդ սեփականատիրոջ կողմից տարիներով չվճարած հողի հարկի գումարը` իր տույժ-տուգանքներով:
Նախագիծը նիստում ստացավ 67 կողմ, 36 դեմ և 9 ձեռնպահ ձայներ: