Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ` ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ
19/04/2011 17:10
Կիսվել

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ` ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նիստին, որի շրջանակներում վարչապետը հանդես է եկել ելույթով: 

Ներկայացնում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային համաժողովում.
 
Մեծարգո պարոն նախագահ,
Հարգելի տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք Հայաստանի կառավարության անունից ողջունել միջտարածաշրջանային համագործակցության հայ-ռուսական առաջին համաժողովի բոլոր մասնակիցներին և երախտագիտության խոսքեր ասել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են բոլոր առումներով հիրավի նշանակալից այս միջոցառման կազմակերպման գործում։ Այսօրվա համաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության 17 տարածաշրջանների շուրջ 300 ներկայացուցիչներ, ամենախոշոր միջոցառումներից մեկն է, որ երբևէ անցկացվել է հայ-ռուսական հարաբերությունների շրջանակներում, և այն մեծ ձեռքբերումների ցուցադրումն է, որ մենք այսօր գոհունակությամբ արձանագրում ենք մեր երկրների համագործակցության բնագավառում։
Հարգելի գործընկերներ,

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեզ ստիպեց վերաիմաստավորել մեր երկրների տնտեսական իրադրությունը։
Կառավարության կողմից մշակված և իրականացված հակաճգնաժամային ծրագիրն ակնհայտ արդյունքներ է տվել։ Մեզ հաջողվել է կատարել պետության բոլոր սոցիալական պարտավորությունները, դեռ ավելին՝ բարձրացնել բնակչության առանձին սոցիալական խմբերին կատարվող սոցիալական վճարումները։

Պետությունը նախաձեռնել է մի շարք ներդրումային նախագծեր, էական արտոնություններ է տրամադրել փոքր ու միջին բիզնեսին և լուրջ աջակցություն ցուցաբերել համակարգաստեղծ այն ձեռնարկություններին, որոնցում ժամանակավոր դժվարություններ էին ծագել միջազգային շուկաների կոնյունկտուրայի կապակցությամբ։

Նորագույն պատմության մեջ մեր երկրները բարդ իրավիճակներում միշտ էլ կողք-կողքի ենեղել և աջակցել են միմյանց։ Դա պարզորոշ դրսևորվեց նաև ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ։ Ռուսաստանի կառավարության կողմից ամենակարճ ժամկետում տրամադրված վարկն օգնեց նվազագույնի հասցնել ճգնաժամի հետևանքները։ Օգտվելով առիթից, թույլ տվեք մեկ անգամ ևս իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի կառավարությանը նրա կողմից ցուցաբերված աջակցության համար։
Բայց, ցավոք, դեռևս վաղ է խոսել լիակատար վերականգնման մասին։ Աճի արագացված տեմպերով մինչճգնաժամային ժամանակաշրջանը թուլացրեց մեր ուշադրությունը տնտեսության արմատական հիմքերի նկատմամբ, և հենց ճգնաժամը բացահայտեց կառուցվածքային այն հիմնախնդիրները, որոնք մեզ թույլ չեն տալիս խոսել դրանից վերջնականապես դուրս գալու մասին։ Դեռ ավելին, ակնհայտ դարձավ, որ աճի հին մոդելը, որը հիմնված է տնտեսության բազային մի քանի ճյուղերի վրա, չի կարող կայուն լինել։

Ճգնաժամը դարձավ հին ու նոր աշխարհը բաժանող յուրատեսակ ջրբաժան։ Համաշխարհային այն փոփոխությունները, որոնք նախկինում ակներև էին մասնագետների համար, այժմ տեսանելի են բոլորին։
Այսօր մեր առջև ծառացած են 21-րդ դարի մարտահրավերները, որոնք սահմանում են նորարարությամբ լի նրա բովանդակությունը։

Աշխարհն արագորեն փոխվում է, փոփոխությունների արագությունը մեծանում է, հաճախ մենք այդ փոփոխությունների ոչ թե առջևից, այլ հետևից ենք գնում։

Ժամանակակից աշխարհն արագորեն փոքրանում է, հասարակությունների փոխազդեցությունը` էականորեն մեծանում։
Ժամանակակից աշխարհում որպես հենքային գործընթաց հանդես է գալիս մտածողական գործունեությունը։ Յուրաքանչյուր մարդու առջև հառնում է ինքնության որոշման նոր հիմնախնդիրը, հիմնական ռեսուրս է դառնում ինտելեկտը, և ի հայտ է գալիս յուրաքանչյուր անհատի ինքնաիրացման պայմանների, նրա իրավունքների և ազատությունների ապահովման հարցը։
ՀՀ կառավարության տնտեսական ռազմավարությունը պատասխան է վերը թվարկված մարտահրավերներին։ Մենք մեզ համար սահմանել ենք բարեփոխումների յոթ հանգուցային փաթեթ, որոնք, լայն առումով, մեզ առաջ են տանում դեպի նորարարական տնտեսություն։

Առաջին փաթեթ. վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ կառավարությունը դիմել է այնպիսի գործիքի, ինչպիսին պետական արդյունաբերական քաղաքականությունն է։ Տնտեսության դիվերսիֆիկացումը, արտահանման զարգացումը երկարաժամկետ կայուն աճի, կայունության և ինովացիոն ներուժի ընդլայնման ապահովման հիմքն են։ Այսօր հենց ճյուղերի սահմանակետում են ստեղծվում որակապես նոր արտադրանքներ ու ծառայություններ։ Կառավարությունը, չնայած բյուջետային խիստ սահմանափակումներին, արտոնյալ քաղաքականություն է վարում տեխնոլոգիաները նորացնող ձեռնարկությունների նկատմամբ, ֆինանսավորում է նոր արտադրությունների ստեղծման ինովացիոն նախագծերը։

Մի քանի օր առաջ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ աննախադեպ հարթակներ կստեղծվեն ինովացիաների զարգացման համար։

Մենք սկսել ենք նորովի կառուցել ապրանքների ու ծառայությունների որակի, անվտանգության և ստանդարտացման համակարգը և մոտ ժամանակներս կունենանք սերտիֆիկացման սեփական համակարգ, որը կհամապատասխանի եվրոպական չափորոշիչներին։

Երկրորդ, ոչ պակաս կարևոր ուղղությունը գյուղատնտեսության զարգացումն է։ Հայաստանը գյուղատնտեսության արդիականացման և օրգանական սննդամթերքի թողարկման ծավալների ավելացման ծրագիր է իրականացնում։ Դա իր հերթին նշանակում է այնպիսի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրում, որոնք թույլ են տալիս մթերքը պահպանել բնապահպանական ամենաբարձր մակարդակի վրա։

Անցյալ տարին արդեն բեկումնային է դարձել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման տեսանկյունից։ Հայաստանյան արևի ներքո աճեցված, լեռնային մաքուր ջրով ոռոգված գյուղատնտեսական մթերքը վիթխարի պահանջարկ է վայելում ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում։ Այսօր մենք կանգնած ենք ոչ թե իրացման, այլ պահանջվող ծավալների արտադրման ու վերամշակման խնդրի առջև, և առանց ինովացիոն տեխնոլոգիաների օգտագործման այդ խնդիրը չի լուծվի։

Բարեփոխումների երրորդ փաթեթը նպատակամղված է տեղեկատվական հասարակության ձևավորմանը։ Հայաստանն արդեն ավանդաբար համարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ ներուժ ունեցող երկիր։ Նույնիսկ ճգնաժամի շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկնիշ տնտեսական աճ ապահովվեց։ Այդ ճյուղի հաջողությունների ամրապնդման գրավականը երկրի բոլոր անկյուններում բազմաշերտ ինտերնետի ներդրումն է, բնակչության անապահով խավերի համար համակարգիչներից օգտվելու հնարավորության ապահովումը, ինչպես նաև այդ ոլորտի կարգավորման մրցակցային քաղաքականությունը։

Այսօր կառավարությունը հասել է այն բանին, որ ՀՀ-ում ինտերնետ ծառայությունների գները նվազեցվել են մի քանի անգամ և մրցունակ են տարածաշրջանում։ Բարեփոխումների փաթեթի առանցքային բաղադրիչներից մեկն էլեկտրոնային կառավարության ստեղծման նախագիծն է։ Պետական շատ ծառայություններ մեր քաղաքացիներն արդեն կարող են ստանալ ինտերնետի միջոցով՝ ստանալ լիցենզիա, տնից դուրս չգալով՝ ծանոթանալ բոլոր այն փաստաթղթերին, որոնք ներկայացվել են կառավարության քննարկմանը և շատ այլ բաներ։

Բարեփոխումների չորրորդ փաթեթը նպատակամղված է գործարարության վարման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Այս նպատակով գործարարության կարգավորման բոլոր ոլորտներում ներդրվում է գլխավոր սկզբունքը. կանոնները պետք է լինեն պարզ, հասկանալի և միատեսակ բոլորի համար։
Միայն անցյալ տարի վերացվել է լիցենզիաների բոլոր տեսակների շուրջ 30 տոկոսը։ Ձեռնարկությունների գրանցումը հնարավոր է դարձել 15 րոպեի ընթացքում, սահմանվել է հարկային և մաքսային էլեկտրոնային հայտարարագրման համակարգը, ստեղծվել են սպասարկման միասնական կենտրոններ, կրճատվել է հաշվետվության պարբերականությունը և շատ այլ բաներ։
Բայց այն պայմաններում, երբ աշխարհն ընթանում է դեպի տնտեսական տարածության միասնացում, ամենագլխավորն այն է, որ մեր առջև ծառացած է միջազգային նորմաների հետ գործարարությունը կարգավորող օրենսդրության առավելագույն ներդաշնակեցման խնդիրը։

Մենք նաև ուժեղացնում ենք շուկաների հակամենաշնորհացմանը նպատակամղված ջանքերը և արդեն ունենք որոշակի արդյունքներ։

Հինգերորդ ուղղությունը կապված է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի հետ։ Գործարկված են Հայաստանի մասշտաբներով այնպիսի խոշոր նախագծեր, ինչպիսիք են նոր ատոմակայանի կառուցումը, Հյուսիս-հարավ ճանապարհի, ինչպես նաև Իրանի հետ երկաթուղու շինարարությունը։ Այս նախագծերը կիրագործվեն մասնավոր-պետական գործընկերության հիման վրա և կստեղծեն նոր հնարավորություններ գործարարության զարգացման համար։

Բարեփոխումների վեցերորդ փաթեթը նպատակամղված է մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը. դա, թերևս, մեր կառավարության ամենախոշոր ծրագրերից մեկն է։

Այստեղ նաև կենսաթոշակային բարեփոխումն է, որի շրջանակներում մենք արդեն 2014 թվականից կանցնենք կուտակային կենսաթոշակային համակարգի։ Դրանք առողջապահության բնագավառի բարեփոխումներն են, որոնք միտված են պետական միջոցների նպատակային օգտագործման ապահովմանը և ժամանակակից ուռուցքաբանական կենտրոնի ստեղծմանը՝ քաղցկեղային հիվանդությունների բուժման նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Հանգուցայիններից մեկն է մնում կրթության մակարդակի բարձրացման հարցը։ Նախագահի հովանու ներքո ստեղծված է «Լույս» հիմնադրամը, որը ֆինանսավորում է հայ ուսանողների կրթությունն աշխարհի լավագույն համալսարաններում։ Վերադառնալով հայրենիք՝ նրանք կզբաղեցնեն իրենց տեղերը Հայաստանի տնտեսության մեջ, գիտության բնագավառում և կրթության համակարգում։ Հենց բարձրպրոֆեսիոնալ դասախոսների առկայությունն է որակյալ կրթության բանալին։

Բարեփոխումների յոթերորդ փաթեթը նպատակամղված է տարածքների համաչափ զարգացմանը։ Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ առանց կառավարության օժանդակության շատ մարզեր չեն կարող դուրս գալ զարգացման որակապես նոր մակարդակ։ Առաջին անգամ մենք մշակել և ներդրել ենք տարածաշրջանների և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների համեմատական գնահատման մեթոդաբանությունը։ Մոտ ժամանակներս, ըստ մեր ռուսաստանցի գործընկերների փորձի, կստեղծվի տարածաշրջանների զարգացման պետական ներդրումային հիմնադրամ, որի միջոցները կուղղվեն տարածաշրջանային մասշտաբի ծրագրերի իրագործմանը։

Ես պատահականորեն չթվարկեցի Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարենորոգումների հիմնական փաթեթները։ Մեր երկրներում իրականացվող հիմնական բարենորոգումների շուրջը կանոնավոր խորհրդատվությունները մեզ թույլ են տալիս ձևավորել միջկառավարական հանձնաժողովի օրակարգը, և այս ուղղությամբ մենք հասել ենք որոշակի հաջողությունների։

Այսօր Ռուսաստանի Դաշնությունը բացառիկ դեր է խաղում Հայաստանի տնտեսությունում։ Ռուսաստանը Հայաստանի հիմնական արտաքին առևտրական գործընկերն է։ Նրան է պատկանում հանգուցային դերն այն ճյուղերում, որոնք կապված են Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման հետ։ 1991 թվականի սկզբից ի վեր մեր տնտեսությունում կատարված բոլոր ներդրումների ավելի քան 60 տոկոսը նույնպես ռուսաստանյան ծագում ունի։ Ռուսաստանն այժմ էլ շարունակում է մնալ առաջատարը մեր տնտեսությունում կատարված ներդրումների ծավալով։ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված են ռուսաստանյան կապիտալով շուրջ 1300 ձեռնարկություն և առանձին ստորաբաժանում։ Արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների ընդհանուր ծավալում այս ձեռնարկությունների տեսակարար կշիռը կազմել է 27,6 տոկոս։ Առանձնահատուկ գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ ճգնաժամի հետ կապված որոշ անկումից հետո վերստին նկատվում է Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական կապերի ընդլայնման կայուն միտում։ Այսպես, 2010 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը կազմել է մոտավորապես 20 տոկոս։

Բերված վիճակագրական տվյալները մեզ թույլ են տալիս վստահությամբ հավաստել, որ մեր երկրների տնտեսական համագործակցությունն այսօր լիովին համապատասխանում է ռազմավարական գործընկերության հարաբերություններին։ Դա, սակայն, բնավ չի նշանակում, թե մենք պետք է բավարարվենք ձեռք բերածով։

Այս համաժողովի առաքելությունը կարելի է դիտարկել երկու ուղղությամբ. նախ, համաժողովը կնպաստի տարածաշրջանների ավելի համաչափ զարգացմանը, երկրորդ, կօժանդակի մեր երկրների գործի չդրված տնտեսական ներուժի բացահայտմանը։

Ուրախալի է նաև նշել, որ այսօրվա համաժողովը նպատակամղված է, մասնավորապես, մեր երկրների առանձին տարածաշրջանների միջև շփումների զարգացմանը։ Այսօրվա դրությամբ մենք ունենք Ռուսաստանի Դաշնության 17 տարածաշրջանների հետ ստորագրված 50 համաձայնագիր։ Հայաստանի 5 մարզ-տարածաշրջաններ համագործակցության համաձայնագրեր ունեն Ռուսաստանի տարածաշրջանների հետ։

Թանկագին բարեկամնե՛ր, գործընկերնե՛ր, այս հանդիպումը եզակի է և կարևոր։ Այն երկխոսությունը, որը մենք պետք է վարենք համաժողովի շրջանակներում, անտարակույս, կավելացնի անկեղծությունն ու վստահությունը մեր երկրների գործարար հանրակցությունների միջև, թույլ կտա կարծիքներ, գաղափարներ և տեղեկատվություն փոխանակել Ռուսաստանի և Հայաստանի գործարար համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

Շնորհակալություն ուշադրության համար։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98