ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ԳՈՂԱՑՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 11-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման առանցքում կառավարության հեղինակած «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն էր:
Բացելով խորհրդարանական լսումները` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ լսումների նպատակն է ունենալ հստակ պատկերացում, թե ի՞նչ վարչական, օրենսդրական ու կազմակերպական քայլեր են անհրաժեշտ Հայաստան ներմուծվող հափշտակված տրանսպորտային միջոցների հարցում լավագույն լուծումներ գտնելու համար:
Հիմնական զեկույցում ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նշեց, որ օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխությունների նպատակն է կանխել հափշտակված մեքենաների ներմուծումը հանրապետության տարածք: Հաշվի առնելով, որ կան այդպիսի մեքենաներ եւ չի բացառվում, որ կլինեն նաեւ հետագայում` փորձ է արվում ոլորտում որոշակիություն մտցնել եւ հնարավորություն տալ իրավակիրառ մարմիններին ու քաղաքացիներին կանխատեսելի դարձնել այն իրավիճակը, երբ հափշտակված մեքենա է ներկրվում հանրապետություն: Շահագրգիռ մարմինների առաջարկների համաձայն, եթե մեքենան հափշտակված է, ապա առաջարկվել է արտահանել, տալ մեկ ամիս ժամկետ, սակայն եթե ներկրողը չի համաձայնվում մեկամսյա ժամկետում այն արտահանել, ապա մեքենան ոչնչացնել կամ պետականացնել: Պարոն Դանիելյանը փաստեց, որ հաշվի առնելով միջազգային պարտավորությունները հանցագործությունների դեմ պայքարում ու բարեխիղճ ձեռքբերողի օրինական շահերի եւ իրավունքների պաշտպանությունը` նման առաջարկները խնդիրն ամբողջությամբ չեն լուծում: Մաքսային օրենսգրքի 14-րդ հոդվածի երկրորդ մասում ամրագրվող` պետական մարմինների եւ մաքսային մարմինների համագործակցությունը կանոնակարգող դրույթներով մաքսային մարմինները պարտավորվում են աջակցել գողացված ավտոմեքենաների խնդրով զբաղվող պետական մարմիններին: Օրենսգրքի 130 հոդվածով նախատեսվում է ներդնել ժամանակավոր հայտարարագրի ինստիտուտ: Ժամանակավոր հայտարարագիրը որոշվել էր համարել նախնական, սակայն, ըստ նախարարի, դա կարող էր շփոթություն առաջացնել, որովհետեւ մաքսային օրենսգրքում նախնական հայտարարագրին արդեն իսկ տրված է հստակ բնորոշում: Քննարկումների արդյունքում որոշվեց ներմուծել ժամանակավոր հայտարարագրի նոր ինստիտուտ, որի վրա կտարածվեն հայտարարագրի վերաբերյալ բոլոր դրույթները: «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծում առաջարկվող փոփոխություններով կհստակեցվեն այն դեպքերը, երբ ավտոմեքենայի սեփականատերը հրաժարվում է ավտոմեքենայի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից: Պարոն Դանիելյանը կարեւորեց այս փոփոխությունը, քանի որ մինչ սեփականատերը չի հրաժարվում գույքի նկատմամբ սեփականության իր իրավունքից, որեւէ մեկը իրավունք չունի ճանաչելու գույքը ձեռք բերողի նկատմամբ սեփականության իրավունք: Ոստիկանության մարմինները ներկայացրել են փաստարկներ, որ երբեմն հնարավոր չի լինում պարզել ավտոմեքենայի սեփականատիրոջը, ավտոմեքենայի մաշվածության վերաբերյալ փորձագիտական եզրակացության արդյունքները եւս բավարար չեն լինում հայտնաբերել, թե ո՞վ է եղել հափշտակված մեքենայի սեփականատերը: Նախագծով առաջարկվում է մեքենայի ներկրման պահից երկու տարվա ընթացքում սեփականատիրոջ չհայտնաբերվելու դեպքում ներկրողին հնարավորություն տալ սեփականության իրավունքը ճանաչելու հայցով դիմել դատարան: Անցումային դրույթներով իրավական հստակություն է մտցվում արդեն ներկրված մեքենաների հարցում:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հարակից զեկույցում անդրադարձավ այն քաղաքացիների շահերի պաշտպանությանը, ովքեր տուժողի կարգավիճակում են, հետեւել են համապատասխան երկրի օրենսդրական գործընթացին, գնել են մեքենա եւ Հայաստանում հայտնվել են անհեթեթ վիճակում: Պարոն Հարությունյանը հավատացած է, որ պետք է լուծել ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության խնդիրը` միաժամանակ թույլ չտալով երկիրը դարձնել հափշտակված մեքենաների շրջանառության թիրախ: Խոսելով շարժական գույքի սեփականության իրավունքից եւ մեջբերելով ոլորտի միջազգային օրենսդրությունը` պարոն Հարությունյանը պարզաբանեց, որ շարժական գույք ձեռք բերելով` անձը չի դառնում սեփականատեր, սակայն կարող է լինել բարեխիղճ ձեռքբերող, թեեւ իրական սեփականատիրոջ իրավունքները դադարեցված չեն: Անորոշությունը պարզելու նկատառումով տարբեր երկրներ մտցնում են տարբեր ժամկետներ, եւ եթե այդ ժամկետում սեփականատերը չի հայտնվում, ապա, հանձնաժողովի նախագահի կարծիքով, գույքը կարող է շրջանառվել: Նա գտնում է, որ այս հարցում պետությունը պետք է փորձի գտնել սեփականատիրոջը եւ տեղեկացնի, իսկ հետագա շրջանառության ժամանակ փորձի նախազգուշացնել երկրում գույքի հետ առնչվող անձանց` չսահմանափակելով արտահանումը կամ գույքի շրջանառությունը հանրապետությունում:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը տեղեկացրեց, որ 2004-2008 թթ. ընթացքում հայտնաբերվել են 216 հետախուզման մեջ գտնվող եւ 123 վերադաջված ավտոմեքենաներ: Պարոն Հունանյանը հայտնեց, որ 2004 թ. պետությունը ոլորտը կանոնակարգող քաղաքական որոշում կայացրեց, մշակվեցին ավտոմեքենաների մուտքը հանրապետություն կրճատող մեխանիզմներ, համապատասխան փորձաքրեագիտական խմբի աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ կանխել եւ նվազագույնի հասցնել վերադաջված ու հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաների մուտքը Հայաստան: Նշվեց, որ գողացված մեքենաները ճանապարհային ոստիկանությունում չգրանցելը պատճառ էր հանդիսանում բազմաթիվ հանցագործությունների իրականացման: Տեղեկացվեց, որ հափշտակված մեքենաների իրական սեփականատերերը, ապահովագրական ընկերություններից ստանալով գումար, շահագրգռված չեն լինում իրենց գույքը վերադարձնելու հարցում:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանն իրազեկեց, որ անհնար է լինում պարզել հատկապես հին մակնիշի մեքենաների իրական գաղտնահամարը, ստուգման փուլը տեւում է 5 ամիս: Նշվեց, որ կան դիմում-բողոքներ, քաղաքացիները պահանջում են ճանաչել ներկրված ավտոմեքենաների նկատմամբ իրենց սեփականության իրավունքը: ՀՀ ոստիկանության ինտերպոլի ԱԿԲ պետ Վարդան Եղիազարյանն էլ տեղեկացրեց, որ 1994 թվականից հայտնաբերել են 487 հետախուզման մեջ գտնվող ավտոտրանսպորտային միավորներ: Նա, ներկայացնելով մեքենաների ներմուծման եւ մաքսազերծման ընթացակարգը, նշեց, որ այժմ կա տեխնիկական հնարավորություն, որ մաքսային ծառայությունը առանց ինտերպոլի միջամտության պարզի` գողացված է մեքենան, թե` ոչ: ՀՀ գլխավոր դատախազության վարչության պետ Արմեն Աշրաֆյանն ընդգծեց, որ մշակված է ավտոմեքենաների հաշվառման հատուկ կարգ, ինչի կիրառումը կկանխի գողացված մեքենաների ներկրումը: լխավոր դատախազությունը կարեւորում է օրենսդրական փոփոխությունների առաջարկը:
Հարցի առնչությամբ ելույթ ունեցան նաեւ ԱԺ պատգամավորները: Արտակ Դավթյանն առաջարկում է օրենքով ամրագրել ժամանակավոր հայտարարագիրը, օրենքով թույլ չտալ, որ մեքենան դառնա գրավի առարկա, ինչը, նրա համոզմամբ, կտանի ֆինանսական համակարգի կայունացման խարխլմանը: Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` ոլորտում կանխարգելիչ մեխանիզմների թուլացումը կնշանակի գողացված ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող հանցախմբերին ազատ գործելու հնարավորություն տալ, ինչը նա անընդունելի է համարում:
Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն անդրադարձավ հնչեցված հարցադրումներին եւ ներկայացրեց իր դիրքորոշումները: Նա կարեւորեց նման հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարը: Նախարարը նշեց, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները ամբողջությամբ չեն լուծում բնագավառի խնդիրները, կլինի նաեւ ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտություն:
Ամփոփիչ խոսքում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն առաջարկեց գողացված մեքենան հաշվառել ու փաստաթղթերում նշել, որ այն վերադաջված է եւ ունի թերություններ: Քաղաքացու իրավունքների պաշտպանության համատեքստում պարոն Հարությունյանը կարեւորեց հանրային դաշտում նման իրավիճակներից խուսափելուն առնչվող խորհրդատվության տրամադրումը: Նա համոզված է, որ պետք է պաշտպանվեն բարեխիղճ ձեռքբերողի իրավունքները: Նրա գնահատմամբ` քրեական գործի հարուցումը պետք է լինի ոստիկանության հայեցողական գործառույթը: Տեղեկացվեց, հանձնաժողովը կքննարկի հարցը, կառավարությանը կներկայացնի առաջարկություններ եւ դիտողություններ: