ՀՀ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԻ 82.3%-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. առաջին հինգ ամիսների արդյունքներով ՀՀ արտաքին առևտրի տարածքային բաշխվածության կառուցվածքում Երևան քաղաքի տեսակարար կշիռը ՀՀ մարզերի համեմատությամբ բավականին մեծ է, մասնավորապես բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների համաձայն, որոնք չեն ներառում ֆիզիկական անձանց կողմից կատարված առևտրային ծավալները, ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 59.2%-ը բաժին է ընկնում Երևան քաղաքին: Այս ցուցանիշի համեմատաբար բարձր արդյունք է գրանցվել Լոռու և Սյունիքի մարզերում, որոնց տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքում կազմում է համապատասխանաբար 11.9% և 10.3%: Նշենք նաև, որ Երևան քաղաքին բաժին է ընկնում ՀՀ ներմուծման ընդհանուր ծավալի 82.3%-ը, իսկ այս ցուցանիշի համեմատաբար բարձր արդյունք գրանցվել է Կոտայքի մարզում` 3.8%, և Սյունիքի մարզում` 3.6%: