Ֆինանսական

USD BUY - 383.50+0.50 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 455.00-1.00
OIL:  BRENT - 69.31+1.72 WTI - 67.64+1.90
COMEX:  GOLD - 3341.70+0.66 SILVER - 37.01+0.08
COMEX:  PLATINUM - 1379.80-0.09
LME:  ALUMINIUM - 2573.50-0.64 COPPER - 9829.50-0.35
LME:  NICKEL - 15177.00-0.74 TIN - 33284.00-1.24
LME:  LEAD - 2036.50-1.07 ZINC - 2684.50-1.45
FOREX:  USD/JPY - 146.01+0.69 EUR/GBP - 1.1747-0.03
FOREX:  EUR/USD - 1.1747-0.03 GBP/USD - 1.3631+0.12
STOCKS RUS:  RTSI - 1102.97-1.48
STOCKS US: DOW JONES - 44406.36-0.94 NASDAQ - 20412.52-0.92
STOCKS US: S&P 500 - 6229.98-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 39688.81+0.26 TOPIX - 2816.54+0.17
STOCKS CHINA:  HANG SENG - 24148.07+1.09 SSEC - 3497.48+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 8806.53-0.19 CAC40 - 7723.47+0.35
STOCKS EUR:  DAX - 24073.67+1.20
08/07/2025  CBA:  USD - 384.19+0.08 GBP - 521.65-0.74
08/07/2025  CBA:  EURO - 450.58+0.13
08/07/2025  CBA:  GOLD - 40951-196 SILVER - 447.7-7.81
ՆԳՈԶԻ ՕԿՈՆՋՈ-ԻՎԻԼԱ – ՃԳՆԱԺԱՄՆ ՈՒԺԵՂ ՀԱՐՎԱԾ Է ՀԱՍՑՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ
16/10/2009 14:25
Կիսվել

ՆԳՈԶԻ ՕԿՈՆՋՈ-ԻՎԻԼԱ – ՃԳՆԱԺԱՄՆ ՈՒԺԵՂ ՀԱՐՎԱԾ Է ՀԱՍՑՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ

Նգոզի Օկոնջո-Իվիլա` Համաշխարհային բանկի կառավարիչ–տնօրեն 

Աշխարհը հայտնվել է մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր երբևէ առաջացած ամենամեծ ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ: Եվ զարմանալի չէ, որ Հարավային Կովկասի երկրների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունները նույնպես ազդեցություն են կրել, թեև տարբեր աստիճանի: Սրանք փոքր տնտեսություններ են, որոնց արտաքին առևտրի և ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշը բարձր է:  Այն նույն ուղիները` առևտուրը, ՕՈւՆ-ը, դրամական փոխանցումները, ապրանքների բարձր գները, որոնց շնորհիվ  անցած տարիներին այս երկրներում տնտեսական բարձր աճ էր արձանագրվում, այժմ փոխանցում են համաշխարհային ցնցումը: Հայաստանը տուժել է առանձնապես առևտրի և դրամական փոխանցումների կրճատման հետևանքով: Վրաստանում առավելապես կարևորվել է  օտարերկրյա ուղղակի ներդրումների անկումը: Իսկ Ադրբեջանում հիմնական ուղին եղել է արտահանման նվազումը` նավթի գների և ծավալների անկման հետևանքով:

Նշված երկրներում ՀՆԱ-ի աճի տեմպը կտրուկ նվազել է: Հնարավոր է, որ 2009 թ. Հայաստանում արձանագրվի 15 տոկոսի, իսկ Վրաստանում` մոտ 4 տոկոսի անկում: Ադրբեջանը պահպանել է աճի դրական տեմպը, սակայն մոտ 2 տոկոսով. սա շատ թույլ տեմպ է վերջին տարիների 25 տոկոսի աճի համեմատ: Շինարարության, ինչպես նաև առևտրի ու հանքարդյունահանման ոլորտները ծանր հարված են կրել: Սրանք նաև այն ոլորտներն են, որտեղ զբաղված են մեծ թվով ոչ հմուտ և անապահով մարդիկ: Արդեն կարելի է ենթադրել, որ աղքատության տոկոսային ցուցանիշներն ու գործազրկությունը ավելացել են:

Այս համաշխարհային տնտեսական ցունամիի բացասական հետևանքներն ավելի ծանր  կլինեին, եթե կառավարություններն այս ցնցմանն անհապաղ արձագանքելու ուղղությամբ չգործադրեին գովելի ջանքեր` միաժամանակ, չնայած դժվարություններին, շարունակելով բարեփոխումների իրականացումը:: Դրանք այս կամ այն չափով ներառել են փոխարժեքի հարցում առավել ճկունությունը, բանկային համակարգի կայունության ապահովումը, սոցիալական աջակցության հասցեական ծրագրերի ընդլայնումը, հիմնական պետական ծառայությունների ֆինանսավորման պահպանումը, պետական ենթակառուցվածքներում ընտրովի ներդրումների իրականացումը:  Դրանք կարող են նպաստել աշխատատեղերի ստեղծմանն ու դոնորների կողմից լրացուցիչ ֆինանսավորման ապահովմանը:

Սակայն այս դժվարին ժամանակներում շատ հարցեր են առաջանում: Ինչպե՞ս կարող են այս երկրները խուսափել տարիների ընթացքում ձեռք բերված աղքատության նվազեցման և աշխատատեղերի ստեղծման կայուն առաջընթացի նահանջից: Ինչպե՞ս կարելի է պաշտպանել մարդկանց, հատկապես` անապահով և խոցելի խմբերին: Ի՞նչ քաղաքականություն կարող է ապահովել արագ աճի վերականգնումը հետճգնաժամային աշխարհում: Եվ միջազգային հանրությունը, այդ թվում Համաշխարհային բանկի խումբը, ի՞նչ կարող է անել օգնելու համար:

Շատ է գրվել համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառների և հետևանքների մասին: Սակայն հետևանքներից մեկն ակնհայտ է` հետճգնաժամային աշխարհն ուրիշ է լինելու: Չնայած Մեծ քսանյակի շատ առաջատար երկրներում տնտեսության վերականգնման նշաններ նկատվում են, հավանական է, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը դանդաղ և ռիսկային լինի: Մասնավոր ներդրումները և էժան վարկային միջոցները, որոնք վերջին տարիներին խթանում էին տնտեսական աճը, ավելի սուղ և զգուշավոր կլինեն: Տնտեսական աճի ավելի դանդաղ տեմպը նշանակում է, որ դրամական փոխանցումներն ավելի համեստ կլինեն: Ավելացող պետական պարտքը պետական ֆինանսների վրա համատարած ճնշում կառաջացնի: Սոցիալական ճնշումները կուժգնանան, և  կառավարությունները աղքատությունն էլ ավելի կրճատելու համար պետք է առավել ջանասիրաբար աշխատեն, ընդ որում` ավելի սահմանափակ միջոցներով, քան ոչ վաղ անցյալում:

Ի՞նչ կարող են անել Հարավային Կովկասի երկրները  

Նախ` անհրաժեշտ է արձագանքել ճգնաժամի տնտեսական և սոցիալական ազդեցության անմիջական հետևանքներին: Երկրորդ` միջոցներն անհրաժեշտ է հենց հիմա կյանքի կոչել` ավելի ծավալուն վերականգնում և հետճգնաժամային արագացված ներդրումներ ու աճ ապահովելու համար: Թույլ տվեք հերթականությամբ անդրադառնալ յուրաքանչյուրին:

Արձագանք ճգնաժամի անմիջական ազդեցությանը

Ճգնաժամի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելուն նպաստելու համար անհրաժեշտ է, որ կառավարությունները  գործողություններ ձեռնարկեն երկու ուղղությամբ.

– Շրջահայաց հարկաբյուջետային խթանի ապահովում` գործարարության աշխուժության անկումը չեզոքացնելու նպատակով: Սա կարող է կատարվել կա՞մ սեփական բյուջետային միջոցների, կա՞մ միջազգային ֆինանսական հաստատություններից և երկկողմ դոնորներից ստացվող փոխառությունների ներհոսքերի հաշվին: Իհարկե, թե որքանով կառավարություններն ի վիճակի կլինեն իրականացնելու դա, պայմանավորված կլինի ծախսերն ավելացնելու և հարկերը կրճատելու հարկաբյուջետային հնարավորություններով: Այնպիսի միջավայրում, որտեղ հարկային եկամուտները կտրուկ նվազել են, դա հեշտ չի լինի: Սակայն դոնոր կազմակերպությունների հոսքերից օգտվելը շատ օգտակար է եղել թե՞ Վրաստանի, թե՞ Հայաստանի համար: Ադրբեջանը սեփական նավթային ռեսուրսներ ունի և դրանք օգտագործել է պետական ներդրումային տարաբնույթ ծրագրերի համար, ինչի շնորհիվ աշխատատեղեր են ստեղծվում, և ավելանում են տնային տնտեսությունների եկամուտները:  

– Անապահովների և կարիքավորների պաշտպանություն: Երեք երկրներն էլ ընդլայնել են հասցեական սոցիալական աջակցություն տրամադրող ծրագրերը: Վերջին տարիներին կառավարություններն առավել հաջողակ են դարձել միջոցները կարիքավորներին վերաբաշխելու ուղղությամբ: Սակայն դա դեռ բավարար չէ: Աշխատատեղերի ստեղծումը պետք է արագացվի: Ուստի պետական ներդրումները հարկ է ավելի զգուշավորությամբ ընտրել` միջնաժամկետ տնտեսական օգուտները առավելագույնի հասցելու համար, միաժամանակ աշխատատեղեր ստեղծել: Ներդրումները հանրային աշխատանքների, օրինակ` ոռոգման և գյուղական ճանապարհների կամ համայնքների ենթակառուցվածքների ծրագրերում կարող են նպաստել աշխատատեղերի պահպանմանն ու ստեղծմանը, հատկապես` ոչ հմուտ աշխատողների և անապահովների համար:

Հիմքերի ամրապնդում ապագայի համար

Կարևորագույն խնդիր է անցյալի ձեռքբերումների վրա հիմնվելը և, անգամ այս դժվարին ժամանակներում, պետական քաղաքականության նշաձողը բարձրացնելն ու միջնաժամկետ հատվածում մրցակցությունն ու աճը ամրապնդելը:
Այսպիսի փոքր տնտեսությունների համար ավելի բարձր կենսապայմանների ապահովման բանալին աշխատողների արտադրողականության բարելավումն է:  Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն առավելագույնս կխթանվի հետևյալ միջոցներով.

– Մասնավոր ներդրումների ներգրավման համար ավելի կենսունակ միջավայրի ստեղծում: Հավանական է, որ արտաքին ներդրողները, համաշխարհային ֆինանսական ճգնաժամից դասեր քաղելով, հաճախ թանկ գնով, ավելի խուսափեն ռիսկից և առավել խիստ ընտրություն կատարեն: Կոռուպցիայի կրճատման, կառավարության թափանցիկության մեծացման, դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդման և կորպորատիվ կառավարման բարելավման ուղղությամբ հաջողություններ արձանագրած երկրները մասնավոր ներդրումներ ներգրավելու ավելի մեծ հնարավորություն ունեն: Ներդրումները հմտությունների հաղորդման և բարձրագույն կրթության ոլորտներում կնպաստեն առավել մրցունակ աշխատուժի ստեղծմանը, իսկ հիմնական ենթակառուցվածքների, օրինակ` ճանապարհների ուղղությամբ ներդրումները կօգնեն փոխադրման ծախսերի կրճատմանը և արդյունավետության խթանմանը: Շուկայական փոխարժեքի պահպանումը կնպաստի ընկերությունների և ապրանքների մրցունակության ապահովմանը: Մասնավոր ներդրումները  թերևս շրջանցեն այն երկրները, որոնք այս ոլորտներում հետ են մնում:

– Արդյունավետ պետության ապահովում: Ճգնաժամը ցույց է տվել արդյունավետ պետություն ունենալու կարևորությունը, որը ոչ միայն ապահովում է համարժեք կանոնակարգման վերահսկողությունը, այլև` հիմնական սոցիալական ծառայությունները և ենթակառուցվածքները: Օտարերկրյա պարտավորությունների վերաֆինանսավորմամբ պայմանավորված սկզբնական ցնցումները հաջողությամբ են հաղթահարվել: Սակայն բանկերի հաշվեկշիռների վատթարացման պատճառով չաշխատող վարկերի աճի պարագայում դա լրացուցիչ լարում կառաջացնի բանկերի համար և կդանդաղեցնի վարկավորման աճը: Բանկային ոլորտում արդյունավետ կանոնակարգման վերահսկողությունը, հետևաբար, կարևոր է այս փոթորկահույզ ժամանակներում բանկային համակարգին կառավարման գործում օգնելու համար: Կարևոր է նաև շրջահայաց մակրոտնտեսական կառավարումը, սակայն ոչ միայն փոխարժեքի և դրամավարկային, այլև հարկաբյուջետային հարցերի առումով: Եթե աճն արագ չվերականգնվի, ամենուրեք բյուջեների ճշգրտում պետք է կատարվի: Անարդյունավետ ծրագրերը պետք է կրճատվեն: Միջոցները պետք է վերաբաշխվեն աճի միտված ներդրումների և առանցքային սոցիալական ծրագրերի ուղղությամբ:  Հարկահավաքման առավել  մեծ ջանքերը, հարկերից խուսափելու դեմ պայքարելով և հարկային բազան ընդլայնելով, կարող են էապես օգնել ֆինանսական ճեղքը փակելու հարցում:

Ի՞նչ կարող է անել Համաշխարհային բանկը

Ճգնաժամն ավելի է մեծացրել Համաշխարհային բանկի խմբի` երեք երկրներում էլ գործուն ներկայությունը պահպանելու վճռականությունը` նրանց առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու հարցում օգնելու նպատակով: Բանկի արձագանքը տարբեր ձևերով է դրսևորվել.

Նախ` նա լրացուցիչ ֆինանսավորում է տրամադրում` այս երկրներին օգնելով իրենց ծախսային կարիքների բավարարման հարցում: 2009 թ. բանկն արդեն շուրջ 240 մլն. դոլար արժողությամբ նոր վարկեր է հաստատել Հայաստանի համար: Դրանց մոտ կեսը ՄԶԸ արտոնյալ պայմաններով է: Վրաստանում 2009 թ. բանկն արդեն ստանձնել է հիմնական բյուջետային կարիքների, ինչպես նաև ճանապարհային ներդրումների ֆինանսավորման համար շուրջ 300 միլիոն դոլարի հատկացումը: Օգոստոսյան հակամարտությունից ի վեր ՄՖԿ-ն Վրաստանի բանկերում ներդրել է մոտ 190 մլն. դոլար, որոնք նպաստել են բանկային համակարգի կայունացմանը: Ադրբեջանում, ընթացիկ ծրագրերի շրջանակներում, բանկը 2009 թ. հանձն է առել ավելի քան 200 մլն. դոլար հատկացնել ճանապարհների ֆինանսավորման և պետական ներդրումային ծրագրերի մշակումը հզորացնելու համար, աշխատում է նաև նոր գործընկերության ռազմավարության մշակման ուղղությամբ:

Երկրորդ` բանկը խթանում է երկրներին` որդեգրելու պետական բարենպաստ քաղաքականություն, որը ոչ միայն կնպաստի ճգնաժամի հետևանքով առաջացող ժամանակավոր խոցելիության արձագանքմանը, այլև կօգնի  նրանց վերականգնման ավելի ապահով ուղիով ընթանալու հարցում: Հարավային Կովկասի երկրների ապագան աշխարհի հետ ավելի լավ ինտեգրումն է: Սակայն այդ երկրները պետք է ավելի լավ դիրք գրավեն նման ինտեգրումից լիարժեք օգտվելու համար: Դա կարելի է ապահովել միայն հմուտ աշխատուժի, մասնավոր ներդրումների համար գրավիչ պայմանների և բավարար ենթակառուցվածքների շնորհիվ, որոնք կրճատում են  գործարարության գործառնական ծախսերը և բարելավում տնտեսական արդյունավետությունը:  

Երրորդ` բանկը գիտելիք է  հաղորդում այս երկրներին` օգնելով դիմակայելու ճգնաժամին: Օրինակ` աղքատության վրա սոցիալական ծրագրերի ազդեցության ժամանակին գնահատումն այս երկրների կառավարություններին օգնել է սոցիալական աջակցության հասցեական ծրագրերն ընդլայնելու հարցում: Բանկի վերլուծությունները և առաջարկությունները  նպաստել են հակաճգնաժամային հարկաբյուջետային քաղաքականության մշակմանը:

Ի վերջո, Համաշխարհային բանկն այլ դոնորների հետ աշխատում է միջազգային աջակցության ազդեցությունը առավելագույնի հասցնելու ուղղությամբ: Որևէ դոնոր միայնակ չի կարող լիարժեք ապահովել այս երկրների կարիքները: Սակայն համատեղ աշխատանքի շնորհիվ կարելի է երկար ճանապարհ անցնել  նրանց կարիքների ապահովման ուղղությամբ  Ճգնաժամը ստիպել է մեզ հասկանալ մի բան` մեր փոխադարձ կախվածությունը: Այս փոխկախվածությունն էլ հնարավոր է դարձրել ճգնաժամի համաշխարհային տարածումը, սակայն այն նաև ներդրումների և աճի հզոր աղբյուր է: Կառավարությունների, զարգացման գծով մեր գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ համատեղ աշխատելով` բանկն աջակցում է Հարավային Կովկասի և մյուս երկրների ժողովուրդների կյանքի բարելավմանը: Միասին մենք կարող ենք օգնել երկրներին ճգնաժամի ազդեցության թեթևացման հարցում և հնարավորություն տալ սկսելու տնտեսական աճի, զարգացման և սոցիալական առաջընթացի նոր ճանապարհ:

AMP
08/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.19
+0.08
Եվրո (EUR)
450.58
+0.13
Ռուբլի (RUR)
4.9041
+0.0203
Լարի (GEL)
141.45
+0.07
40951
-196
Արծաթ
447.7
-7.81