ՊԵԿ-ը բացահայտել է ինտերնետային հարթակի վճարովի ծառայություններից ստացված գումարների դիմաց հարկերը պակաս վճարելու դեպք
Շուրջ 233 մլն. դրամ լրացուցիչ հարկային պարտավորություններն ամբողջությամբ վերականգնվել են պետական բյուջե
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ինտերնետային տիրույթում գրանցված կայքը, որն իրենից ներկայացնում է տարբեր ապրանքների առուվաճառքի և ծառայությունների մատուցման կամ ստացման հայտարարությունների տեղադրման հարթակ, ունի նաև վճարովի ծառայություններ, որոնց դիմաց ստացվող գումարները հավաքագրվել են վճարային տերմինալների միջոցով և փոխանցվել են որոշ անհատ ձեռնարկատերերի բանկային հաշվեհամարներին:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անհատ ձեռնարկատերերից մեկը 2019 թվականին իրականացրած ձեռնարկատիրական գործունեության համար չի հայտարարագրել 235.8 մլն. դրամ շրջանառություն, որի արդյունքում չի հաշվարկել և ՀՀ պետական բյուջե չի վճարել 46.6 մլն. դրամ ավելացված արժեքի հարկ, իսկ մյուս անհատ ձեռնարկատերը 2016-2018 թվականներին իրականացրած ձեռնարկատիրական գործունեության համար պակաս է հաշվարկել և ՀՀ պետական բյուջե չի վճարել 53.2 մլն ՀՀ դրամ հարկ:
Նշված քրեական գործի առնչությամբ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ձեռնարկվել են քննչական և դատավարական լայնածավալ գործողություններ: Արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անհատ ձեռնարկատերերի կողմից չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկերի գումարներն անհամեմատ ավելի մեծ են:
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալների հիման վրա քրեական գործով համալիր հարկային ստուգումներ են նշանակվել անհատ ձեռնարկատերերի մոտ:
Ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվել են հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված), որոնց արդյունքում առաջացել են լրացուցիչ հարկային պարտավորություններ, համապատասխանաբար՝ 99,9 մլն. դրամ և 132.7 մլն. դրամ գումարների չափով, որոնք վերջիններիս կողմից ամբողջությամբ վերականգնվել են:
Քրեական գործով որոշում է կայացվել նշված անհատ ձեռնարկատերերի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու հիմքով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին՝ զերծ մնալ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր չներկայացնելու կամ դրանցում կեղծ տվյալներ ներկայացնելու եղանակով հարկեր չվճարելու հանցավոր գործունեությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: