Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 414.00+1.00 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 88.12-0.40 WTI - 82.89-0.67
COMEX:  GOLD - 2325.00-0.68 SILVER - 27.12-1.31
COMEX:  PLATINUM - 910.40-1.54
LME:  ALUMINIUM - 2670.50+3.29 COPPER - 9829.50+1.34
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 34478.00+6.56
LME:  LEAD - 2170.00+1.14 ZINC - 2832.00+2.02
FOREX:  USD/JPY - 155.46+0.39 EUR/GBP - 1.0705+0.00
FOREX:  EUR/USD - 1.0705+0.00 GBP/USD - 1.2462+0.07
STOCKS RUS:  RTSI - 1171.06+0.65
STOCKS US: DOW JONES - 38460.92-0.11 NASDAQ - 15712.75+0.10
STOCKS US: S&P 500 - 5071.63+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37628.48+0.20 TOPIX - 2663.53-0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 17284.54+2.71 SSEC - 3052.90+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 8040.38-0.06 CAC40 - 8091.86-0.17
STOCKS EUR:  DAX - 18088.70-0.27
25/04/2024  CBA:  USD - 388.60-1.44 GBP - 485.98+4.24
25/04/2024  CBA:  EURO - 416.73+1.10
25/04/2024  CBA:  GOLD - 28988.69-291.76 SILVER - 338.83-8.97
Կենտրոնական բանկ. Շրջանառության մեջ են դրվում ՀՀ նոր հուշադրամներ 
20/06/2023 12:04
Կիսվել

Կենտրոնական բանկ. Շրջանառության մեջ են դրվում ՀՀ նոր հուշադրամներ 

2023 թվականի հունիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ», «Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակ» և «Արարատ-73-ի ոսկե դուբլի 50-ամյակ» արծաթե հուշադրամները:

Կենտրոնական բանկ. Շրջանառության մեջ են դրվում ՀՀ նոր հուշադրամներ 

Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված հուշադրամ

1910-ականներից ի վեր առանձին հայ անհատներ աշխարհի տարբեր երկրներում հայկական ֆիլմեր նկարահանելու փորձեր են արել։ 1923 թ. ապրիլի 16-ին Խորհրդային Հայաստանի կառավարությունը հիմնեց Պետկինոն (հետագայում՝ «Հայկինո», «Հայֆիլմ»)։ Այսպիսով սկիզբ դրվեց հայկական կինոարվեստի պատմությանը։ Հայրենական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանը 1926 թ. նկարահանեց առաջին խաղարկային համր ֆիլմը՝ «Նամուսը», 1935 թ.՝ «Պեպոն»՝ առաջին հայկական հնչյունային կինոնկարը։ 1938 թ. Լև Ատամանովը «Շունն ու կատուն» ֆիլմով հիմնեց հայ անիմացիոն կինոն, 1954 թ. նկարահանվեց առաջին հայկական գունավոր կինոնկարը՝ «Լեռնային լճի գաղտնիքը»։ 1950-60-ական թթ. էապես ակտիվացավ ֆիլմարտադրությունը. նկարահանվեցին բազմաթիվ հիշարժան ֆիլմեր՝ «Առաջին սիրո երգը» (ռեժիսորներ՝ Յուրի Երզնկյան և Լաերտ Վաղարշյան), «Ինչու է աղմկում գետը» (ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան), «Տժվժիկ» (ռեժիսոր՝ Արման Մանարյան), «Նվագախմբի տղաները» (ռեժիսորներ՝ Հենրիկ Մալյան և Հենրիկ Մարգարյան) և այլն, որտեղ իրենց ողջ վարպետությամբ փայլեցին Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Խորեն Աբրահամյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Արմեն Ջիգարխանյանը և ուրիշներ։

1965 թ. Կաննում առաջին անգամ փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ընդգրկվեց Հենրիկ Մարգարյանի «Տերտերին ուխտը» ֆիլմը, իսկ 1966 թ. մրցութային ծրագրում ներկայացվեց Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ը: 1970-80-ական թթ. նկարահանվեցին բազմաթիվ խաղարկային, անիմացիոն և վավերագրական ֆիլմեր։ Միջազգային ճանաչման արժանացան և համաշխարհային կինոարվեստում ուրույն ոճով առանձնացան Սերգեյ Փարաջանովը («Նռան գույնը»), որն իր յուրօրինակ աշխարհընկալմամբ համարվեց կինոյի նորարար, և Արտավազդ Փելեշյանն իր էպիկական ֆիլմերով՝ վիրտուոզ մոնտաժի կիրառմամբարծարծեց ազգային ու համամարդկային թեմաներ։ Անիմացիոն ժանրում լայնորեն ճանաչվեցին Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերը: 1985 թ. Վենետիկի միջազգային կինոփառատոնում ներկայացվեց Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմը, որի կին գլխավոր դերակատար Գալյա Նովենցն արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակի:

Հայաստանի անկախության շրջանում հայկական կինոյի ընթացքը շարունակվեց որոշակի ելևէջներով։ Բացվեցին մասնավոր ստուդիաներ, և խոշորացան արտադրության ծավալները։ ՀՀ Կառավարության 2006 թ․հուլիսի 20-ի N 1110 որոշմամբ Հ. Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա ՊՈԱԿ-ը վերանվանվեց «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի, որը կինոարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականություն իրականացնող կազմակերպություն է: Կինոկենտրոնը մեծապես աջակցում է հայկական կինոարվեստի արտադրությանը, տարածմանն ու զարգացմանը, իսկ ռեժիսորների նոր սերունդն աշխատում է ընդլայնել հայ կինոյի ստեղծագործական հորիզոնները՝ միաժամանակ պահպանելով լավագույն ավանդույթները։ Հայկական կինեմատոգրաֆի 100-ամյա պատմության ընթացքում ստեղծվել են ավելի քան 700 խաղարկային, շուրջ 2500 վավերագրական, փաստավավերագրական ու մոտ 300 անիմացիոն ֆիլմեր։

Դիմերես՝ «Հայկինոյի» և «Հայֆիլմի» պատկերանիշերը:

Դարձերես՝ կինոժապավենի և կինոպրոյեկտորի ոճավորված պատկերներ:

Էսքիզների հեղինակներ՝ Լուսինե Lալայան (դիմերես), Էդուարդ Կուրղինյան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

  • Անվանական արժեքը 1000 դրամ
  • Մետաղը/հարգը արծաթ 9250
  • Քաշը 33,6 գ
  • Տրամագիծը 40,0
  • Որակը պրուֆ
  • Դրամաշուրթը ատամնավոր
  • Թողարկման քանակը 200 հատ
  • Թողարկման տարեթիվը 2023

Կենտրոնական բանկ. Շրջանառության մեջ են դրվում ՀՀ նոր հուշադրամներ 

Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

Հակոբ Հակոբյանը (1923-2013 թթ.) գեղանկարիչ է, քանդակագործ, Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977 թ.), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1988 թ.) և Ռուսաստանի Դաշնության գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1996 թ.): Ծնվել է Ալեքսանդրիայում (Եգիպտոս), սովորել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում (1934-1941 թթ.), Կահիրեի գեղարվեստի (1944-1947 թթ.) և Փարիզի Գրան Շոմիե (1952-1954 թթ.) ակադեմիաներում: Հակոբյանի վաղ շրջանի ստեղծագործություններում գերակշռում են նատյուրմորտները և թեմատիկ նկարները, որոնցում շեշտված են տխրության ու առանձնության զգացումները («Կինը խոհանոցում» (1959 թ.), «Սխտորներ» (1961 թ.), «Վիշտ» (1961 թ.), «Դերձակը» (1962 թ.), «Մարդը և բույսը» (1963 թ.), այլ): 1962 թ-ից Հակոբյանը բնակություն է հաստատել Հայաստանում, որտեղ նրա արվեստը հարստացել է կենսական նոր երանգներով: Նա պատկերել է իր ընկալած Հայաստան աշխարհը առանց գունազարդումների՝ հստակ ու զուսպ, ներդաշնակ ու հավասարակշիռ: Գեղանկարչի անսահման սերը հայաստանյան բնաշխարհի հանդեպ ծնունդ է տվել «Գարուն» (1969 թ.), «Անդորր» (1971 թ.), «Ջրանցքի մոտ» (1972 թ.), «Սևանի ափ» (1991 թ.) և այլ կտավների:

Գեղանկարչությանը զուգահեռ, վառ երևակայության շնորհիվ, Հակոբյանը պատրաստել է նաև յուրատեսակ քանդակներ մետաղյա տարբեր գործիքների զանազան մասերի միակցությամբ: Քանդակների շարքից «Ընտանիք»-ը (1989 թ.) տեղադրվել է Արագած լեռան լանջին, իսկ Հակոբյանի մտահղացած հուշարձանը՝ Գրիգոր Լուսավորչի օրհնող ձեռք-կոթողը, վեր է խոյանում Էջմիածին տանող ճանապարհին: Հակոբյանի անհատական ցուցահանդեսների աշխարհագրությունը մեծ է՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Տալլին, Տարտու, Ռիգա, Վիլնյուս, Օդեսա, Լվով, Կիև, Թբիլիսի, Դոնի Ռոստով, Ստավրոպոլ, Նովոռոսիյսկ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Փարիզ, Նիկոսիա, Հելսինկի, Բեյրութ, Փասադենա, այլուր: Հակոբյանը արժանացել է մի շարք պարգևների՝ ՀԽՍՀ (1977 թ.) և ԽՍՀՄ (1985 թ.) պետական մրցանակներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակ (1994 թ.), Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (1996 թ.), Հայ առաքելական եկեղեցու Սուրբ ՍահակՍուրբ Մեսրոպ շքանշան (2003 թ.), Երևանի պատվավոր քաղաքացի (2001 թ.), Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ (հետմահու, 2013 թ.): Մեծանուն նկարչի ստեղծագործական ժառանգության զգալի մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Դիմերես՝ Հակոբ Հակոբյանի «Մարդը և բույսը» կտավը (1963 թ.):

Դարձերես՝ Հակոբ Հակոբյանն իր արվեստանոցում:

Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

  • Անվանական արժեքը 100 դրամ
  • Մետաղը/հարգը արծաթ 9250
  • Քաշը 28,28 գ
  • Չափը 28,0 x 40,0
  • Որակը լավացված
  • Դրամաշուրթը հարթ
  • Թողարկման քանակը 250 հատ
  • Թողարկման տարեթիվը 2023

Կենտրոնական բանկ. Շրջանառության մեջ են դրվում ՀՀ նոր հուշադրամներ 

«Արարատ» ֆուտբոլային թիմի ոսկե դուբլի 50-ամյակին նվիրված հուշադրամ

Երևանի «Արարատ» ֆուտբոլային թիմը ստեղծվել է 1935 թ. (1935-1937 թթ. և 19541962 թթ. կոչվել է «Սպարտակ», 1937-1954 թթ.՝ «Դինամո», իսկ 1963 թ-ից՝ «Արարատ»): Մասնակցել է համամիութենական և միջազգային բազմաթիվ խաղերի: 1973 թվականը «Արարատի» համար աստեղային էր. թիմը, մարզիչ Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ, նվաճեց և՛ ԽՍՀՄ գավաթը, և՛ ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը: 1973 թ. հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի եզրափակչի մրցապայքարում 2։1 հաշվով հաղթելով Կիևի «Դինամոյին»` «Արարատը» նվաճեց ԽՍՀՄ գավաթը: Հաղթական երկու գոլերի հեղինակն էր «Արարատի» հարձակվող Լևոն Իշտոյանը: Այդ հանդիպումից օրեր անց Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ «Արարատի» և Լենինգրադի «Զենիթի» մրցապայքարը, որտեղ «Արարատի» ավագ Հովհաննես Զանազանյանի և Էդուարդ Մարգարովի հրաշալի գոլերի շնորհիվ «Արարատը» 3։2 հաշվով հաղթեց մրցակցին` նվաճելով նաև ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը և ձևակերպելով ոսկե դուբլ:  «Արարատի» կրկնակի նվաճումը «հայկական ֆուտբոլի բում» բնորոշմամբ դարձավ խորհրդային սպորտի վառ էջերից մեկը: Հայաստանի առաջատար թիմը բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճանին ֆուտբոլիստների ֆիզիկական գերազանց պատրաստվածության, մարզական խառնվածքի, տեխնիկական վարպետության, բարոյակամային բարձր հատկանիշների և թիմային ոգու շնորհիվ:

Այսօր էլ՝ 50 տարի անց, «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի ոգևորությունը չի մարել հայկական ֆուտբոլի երկրպագուների հուշերում: 2013 թ. «Արարատ-73»-ի 12 վետերաններ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և մարզական փայլուն նվաճումների համար պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: «Արարատ-73»-ի հաղթանակները հավերժացնող հուշարձան է տեղադրվել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում (քանդակագործ՝ Վ. Համբարձումյան, 2013 թ.), իսկ Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ տեղադրվել է թիմի ֆուտբոլիստների և մարզիչների արձանախումբը (հեղինակ՝ Տ. Բարսեղյան, քանդակագործների խմբի ղեկավար՝ Ա. Սամվելյան, 2016 թ.):

Դիմերես՝ «Արարատ» ֆուտբոլային թիմի պատկերանիշը (1973 թ.):

Դարձերես՝ ԽՍՀՄ գավաթը, ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության չեմպիոնի մեդալը (1973 թ.):

Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

  • Անվանական արժեքը՝ 1000 դրամ
  • Մետաղը/հարգը՝ արծաթ 9250
  • Քաշը՝ 33,6 գ
  • Տրամագիծը՝ 40,0 մմ
  • Որակը՝ պրուֆ
  • Դրամաշուրթը՝ ատամնավոր
  • Թողարկման քանակը՝ 400 հատ
  • Թողարկման տարեթիվը՝ 2023

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

25/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.60
-1.44
Եվրո (EUR)
416.73
+1.10
Ռուբլի (RUR)
4.22
+0.04
Լարի (GEL)
144.60
-1.21
28988.69
-291.76
Արծաթ
338.83
-8.97