
Ռուսաստանում գնահատել են ավանդական արժեքների ամրապնդմանն ուղղված ծախսերը
Ռուսաստանում վերջին երկու տարում ավանդական արժեքների ամրապնդմանը ուղղված նախագծերի աջակցման վրա ծախսել է ավելի քան 12.5 միլիարդ ռուբլի։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ԱԽ կայքում՝ հասարակության հոգևոր-բարոյական ավանդական արժեքների և պատմական հիշողության պահպանման պետական քաղաքականության կատարելագործմանն ուղղված նիստի արդյունքներով։
Շոյգուի խոսքով՝ երկրում կատարելագործվում է այս ոլորտում դրամաշնորհային աջակցության համակարգը։ Նշված գումարը տրամադրվել է ավելի քան 1500 հասարակական նախագծերի՝ պատմամշակութային ժառանգության պահպանման ու հայրենասիրական դաստիարակությանն ուղղված։
«2023-2024 թվականներին Ռուսաստանում և արտերկրում անցկացվել է ավելի քան 746 հազար միջոցառում, որոնք նպատակ ունեն պաշտպանել պատմական ճշմարտությունը», – նշել է ԱԽՔ-ը՝ ընդգծելով, որ դրանցում երիտասարդների ակտիվ մասնակցությունն օգնում է պահպանել ժողովրդի հերոսության հիշողությունը և երիտասարդությանը փոխանցել բարոյական կարևորագույն կողմնորոշիչներ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2022 թվականին ստորագրված հրամանի համաձայն, ռուսական ավանդական արժեքների ցանկում ներառված են՝ կյանքը, արժանապատվությունը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հայրենասիրությունը, քաղաքացիական գիտակցությունը, ծառայությունը հայրենիքին և պատասխանատվությունը նրա ճակատագրի համար, բարձր բարոյական իդեալները, ամուր ընտանիքը, ստեղծագործ աշխատանքը, հոգևորի առաջնայնությունը նյութականի նկատմամբ, հումանիզմը, գթասրտությունը, արդարությունը, կոլեկտիվիզմը, փոխօգնությունն ու փոխադարձ հարգանքը, պատմական հիշողությունը, սերունդների շարունակականությունը, Ռուսաստանի ժողովուրդների միասնությունը։
Ավելի վաղ՝ հունիսին, հայտնի դարձավ, որ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Դիդենկոն առաջարկել է Ռուսաստանում ստեղծել հասարակական դրուժինաներ՝ այդ արժեքների պաշտպանության համար, որոնք «համագործակցելով իրավապահ մարմինների հետ, կարող են մասնակցել տարբեր միջոցառումների, այդ թվում՝ օրենսդրության պահպանման մոնիթորինգին»։