
2023-ի հոկտեմբերի 7-ից ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Իսրայելին կազմել է 21.7 մլրդ դոլար
ԱՄՆ-ն Իսրայելին ռազմական օգնություն է տրամադրել 21ն7 միլիարդ դոլարի չափով՝ այն պահից, երբ «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորումը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակվեց Իսրայելի վրա, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով Բրաունի համալսարանի Ուոթսոնի միջազգային և հասարակական հարաբերությունների ինստիտուտի և Քուինսի պատասխանատու պետական կառավարման ինստիտուտի զեկույցները։
Ըստ առաջին զեկույցի՝ պատերազմի առաջին տարում ծախսերը կազմել են 17.9 միլիարդ դոլար, իսկ երկրորդ տարում՝ 3.8 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, Իսրայելը դեռևս ամբողջությամբ չի ստացել իրեն հատկացված օգնությունը․ դրա մի մասը կփոխանցվի առաջիկա տարիներին։
Մեկ այլ զեկույց, որը նույնպես հրապարակել է Ուոթսոնի ինստիտուտը, գնահատում է ԱՄՆ-ի այլ ծախսերը Մերձավոր Արևելքում անվտանգության ոլորտում ցուցաբերած աջակցության և տարածաշրջանային ռազմական գործողությունների շրջանակում՝ 9.65-12 միլիարդ դոլարի միջև։ Այս գումարի մեջ ներառված են նաև հարվածների ծախսերը՝ իրականացված Եմենի և Իրանի տարածքներում։
AP-ն նշում է, որ այս գնահատականները հիմնված են բաց աղբյուրներից ստացված տվյալների վրա և այժմ համարվում են ԱՄՆ-ի ռազմական ծախսերի վերաբերյալ Իսրայելին ցուցաբերված աջակցության և Մերձավոր Արևելքում ռազմական ակտիվության մասին ամենամանրամասն վերլուծություններից մեկը։ Ըստ գործակալության՝ երկու զեկույցներն էլ ընդգծում են, որ առանց ԱՄՆ-ի աջակցության Իսրայելը չէր կարողանա վարել համակարգված ռազմական արշավ Գազայի հատվածում։
Ավելի վաղ մի շարք իսրայելամետ կազմակերպություններ մեղադրել էին Քուինսի ինստիտուտին հակաիսրայելական դիրքորոշման մեջ, սակայն ինստիտուտը այդ պնդումները հերքել էր։