Կենտրոնական բանկը՝ ASDA ստանդարտ պայմանագրի ներդրման վերաբերյալ
Կենտրոնական բանկը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տեխնիկական աջակցությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ ներդնում է հայկական իրավունքով կարգավորվող և միջազգային ստանդարտներին համահունչ պայմանագիր՝ Armenian Standard Derivatives Agreement (ASDA), որը կարող է կիրառվել ռեպո, ածանցյալ և արժեթղթերի փոխառության (securities lending) գործարքների համար։
ASDA ստանդարտ պայմանգիրը համահունչ է միջազգային լավագույն պրակտիկային և հարմարեցված է Հայաստանի օրենսդրական պահանջներին։ Փաստաթուղթը մշակվել է՝ հիմք ընդունելով 2002 թվականի ISDA (International Swaps and Derivatives Association) գլխավոր համաձայնագիրը, ինչպես նաև 2022 թվականին ներդրված ISDA արժեթղթերի ֆինանսավորման գործարքների հավելվածը։
ASDA պայմանագիրը
- ճկուն է․ կարող է կարգավորվել ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա օրենսդրությամբ։
- ունիվերսալ է․ կիրառելի է ռեպո, ածանցյալ և արժեթղթերի փոխառության գործարքների համար։
- որակյալ է․ ապահովում է հստակություն, կանխատեսելիություն և վստահություն կողմերի համար՝ լինելով գլոբալ ճանաչում ունեցող և միջազգային ստանդարտներին համահունչ պայմանագրի օրինակ:
Ներդրվող ստանդարտ պայմանագիրը ֆինանսական շուկայի մասնակիցներին կարող է ընձեռել հետևյալ առավերությունները.
- կօգնի արդյունավետ կերպով զսպել ֆինանսական ռիսկերը,
- կկրճատի գործարքների համաձայնեցման երկարատև ու բարդ գործընթացները,
- կնվազեցնի անհատական պայմանագրերի պայմանների համաձայնեցմամբ պայմանավորված լրացուցիչ իրավաբանական ծախսերը,
- կապահովի իրավական հստակություն և կանխատեսելիություն,
- կհեշտացնի միջազգային գործընկերների հետ վստահելի և լայնածավալ գործարքների իրականացումը։
Պայմանագրերի օրինակների և մանրամասների համար՝ https://www.cba.am/hy/press-releases/9056/
