ՊԵԿ-ում շարունակվում են եկամուտների տարեկան հայտարարագրման շուրջ իրազեկման հանդիպումները
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը սահմանված էր 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ։ ՀՀ հարկային օրենսգրքի (հոդված 156․1) համաձայն, եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց համար եկամուտների տարեկան հայտարարագիրը, ներկայացնելու վերջնաժամկետի դրությամբ, նախալրացրել և հանձնել է հարկային մարմինը՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա: Մասնավորապես, այս դրույթը վերաբերում է այն ֆիզիկական անձանց, ովքեր մինչև եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) համար սահմանված վերջնաժամկետը չեն ստորագրել և հանձնել իրենց 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամուտների տարեկան հայտարարագիրը։
Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ այն քաղաքացիներին, ովքեր ցանկություն ունեն ինքնուրույն լրացնել կամ խմբագրել արդեն իսկ հանձնված հայտարարագիրը կամ լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեն, ապա Կոմիտեն շարունակում է իրազեկման աշխատանքները։ Մասնավորապես․
- նոյեմբերի 3-ից սկսած նախատեսված է ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ կազմակերպել Երևանում՝ Կոմիտաս 35 հասցեում, յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը՝ 16։00-ին։ Հանդիպման ընթացքում մանրամասն կներկայացվեն եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու քայլերը: Ի դեպ, հանդիպման համար նախատեսված դահլիճը կահավորված կլինի անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ համակարգիչներով։ Այն քաղաքացիները, որոնք ունեն բջջային նույնականացման քարտեր (miD), հնարավորություն կունենան, իրազեկման աշխատանքներին զուգահեռ, լրացնել և հանձնել իրենց եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Իրազեկման հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես մասնակցի տվյալներն ուղարկել [email protected] էլ․հասցեին։
 - Կկազմակերպվեն նաև իրազեկման հանդիպումներ՝ առցանց ձևաչափով, որին մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլ․հասցեին ուղարկել կազմակերպության անվանումն ու կոնտակտային անձի տվյալները։
 
Հիշեցնենք, որ հարցերի պարզաբանման նպատակով քաղաքացիները նաև կարող են դիմել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցանկացած սպասարկման բաժին՝ այցելելով կամ զանգահարելով երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն (առանց ընդմիջման)։
