Թրամփը հայտարարել Է նախագահության ընթացքում 18 տրլն դոլար ներգրավելու մասին
Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Միացյալ Նահանգները ներգրավել է 18 տրիլիոն դոլարի ներդրումներ, և երկիրը պատրաստ է տնտեսական բումի, հայտարարել է նախագահը Սպիտակ տանը իր ելույթում։ Նրա խոսքով՝ այդ ներդրումները թույլ կտան աշխատատեղեր ստեղծել և գործարաններ բացել։ Թրամփը իր սակագնային քաղաքականությունը նշել է որպես այս աճի հիմնական գործոն, հաղորդում է Reuters-ը։
«Մեկ տարի առաջ մեր երկիրը փլուզման եզրին էր: Հիմա մենք աշխարհի ամենաբարգավաճ երկիրն ենք», – նշել է նախագահը։ «Տասնմեկ ամիս առաջ ես ժառանգել եմ խառնաշփոթ, և հիմա ես այն շտկում եմ», – ասել է Թրամփը իր 20 րոպեից էլ պակաս ելույթում։ Նա ներկայացրել է իր վարչակազմի աշխատանքը մի շարք հարցերի շուրջ՝ սկսած արտասահմանյան սահմանային անցումների թվի կրճատումից մինչև որոշակի ապրանքների գների իջեցում։
Թրամփը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ իր վարչակազմը 1.45 միլիոն ԱՄՆ զինծառայողներից յուրաքանչյուրին կվճարի 1,776 դոլար «պատերազմական դիվիդենդ»։ Նա նաև աջակցեց հանրապետականների առաջարկին՝ առողջապահական ապահովագրության ծախսերը փոխհատուցելու համար անմիջապես գումար վճարել բնակչությանը, այլ ոչ թե «Մատչելի առողջապահական խնամքի մասին» օրենքի շրջանակներում սուբսիդիաներ տրամադրել։ Այս առաջարկը դեռևս բավարար աջակցություն չի ստացել ԱՄՆ Կոնգրեսում։
Նա մեղադրեց իր նախորդին՝ Ջո Բայդենին, ԱՄՆ-ում բարձր գների համար, բայց պնդեց, որ երկիրը «պատրաստ է» տնտեսական բումի։ Գործակալությունը հիշեցնում է, որ Բայդենի չորս տարվա պաշտոնավարման ընթացքում առաջացած բարձր գնաճը օգնեց Թրամփին հաղթել նախկին փոխնախագահ Քամալա Հարիսին անցյալ տարվա նախագահական ընտրություններում։
Թրամփի ելույթը տեղի է ունեցել Սպիտակ տան դիվանագիտական ընդունելության սրահում, որը զարդարված էր Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, այլ ոչ թե Օվալաձև աշխատասենյակում, ինչպես հաճախ լինում է նախագահական ելույթների ժամանակ, հաղորդում է Reuters-ը: Նախագահը հայտարարել է, որ շուտով կհայտարարի Դաշնային պահուստային համակարգի հաջորդ նախագահի անունը. «Դա կլինի մեկը, ով հավատում է տոկոսադրույքների զգալիորեն իջեցմանը, և հիփոթեքային վճարումները էլ ավելի կնվազեն»:
Նախագահի հեռուստատեսային ելույթից առաջ Սենատի դեմոկրատական առաջնորդ Չակ Շումերը ասել է, որ Թրամփը չի կարողացել կատարել իր նախընտրական խոստումները: Reuters/Ipsos հարցման համաձայն՝ ամերիկացի չափահասների միայն 33%-ն է հավանություն տալիս Թրամփի տնտեսական քաղաքականությանը:
