ԵՄ առաջնորդները դեռ չեն համաձայնեցրել Կիևին վարկի տրամադրումը՝ ռուսական ակտիվների հաշվին
Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ երկարատև բանակցություններից հետո ԵՄ առաջնորդներին փոխանցվել է տեքստի վերանայված նախագիծ, որը ներառում է Բելգիայի պահանջները, այսպես կոչված, «ռեպարացիոն վարկին» աջակցելու համար: Այս մասին հայտնում է Euractiv-ը։
Փաստաթղթի համաձայն, որին ծանոթացել է պորտալը, եվրոպական առաջնորդները փորձում են փոխզիջման հասնել Ուկրաինային 90 մլրդ եվրոյի վարկ տրամադրելու հարցում՝ ռուսական սառեցված ակտիվների հաշվին։
«Արագ համաձայնության հույսերը փլուզվել են։ Դիվանագետները նշում են, որ վերջին տեքստը ընդամենը ելակետ է, ինչը նշանակում է, որ իրական բանակցությունները նոր են սկսվում», – գրում է պորտալը։
Երկարատև քննարկումներից հետո «ԵՄ առաջնորդները եկել են այն եզրակացության, որ իրենց ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ՝ ռեպարացիոն վարկերի առաջարկը քննարկելու համար»։
Փաստաթղթում նշվում է, որ «լիակատար և անսահմանափակ համերաշխությունն ու ռիսկերի բաշխումը» պետք է լինեն վարկի տրամադրման պարտադիր պայմաններից։
Սակայն «խոչընդոտ հանդիսացող բառը հենց «անսահմանափակն» է, որը փաստաթղթում շարունակում է մնալ փակագծերում, այսինքն՝ այդ հարցում մինչ այժմ կոնսենսուս չկա», նշվում է հրապարակման մեջ։
Euractiv-ը պարզաբանում է, որ «անսահմանափակ» կնշանակեր, որ ԵՄ երկրները կարող էին պարտավորվել փոխհատուցել Բելգիայի ծախսերը անսահմանափակ չափով՝ բացի վարկի արժեքից, որը կարող է հասնել մինչև 210 մլրդ եվրո։
Փաստաթուղթը պարունակում է այն դրույթները, որոնք Բելգիան առաջ էր քաշել գագաթնաժողովից առաջ՝ ԵՄ երկրների դուրս գալը Ռուսաստանի հետ երկկողմ ներդրումային համաձայնագրերից, ինչպես նաև «անհետկանչելի իրացվելիության մեխանիզմի» ստեղծումը, որը երաշխավորում է անհրաժեշտության դեպքում միջոցների վերադարձի հնարավորությունը Մոսկվային։
Միևնույն ժամանակ նախագծից հանվել է բոլոր երկրների մասնակցության պահանջը ռեպարացիոն վարկին և ռիսկերի պարտադիր բաշխման մասին կետը։
