ԵՄ-ն ավիաընկերություններից պահանջել է փոխհատուցել վառելիքի պատճառով չեղարկված չվերթները
Եվրոպական ավիաընկերությունները պետք է փոխհատուցեն ուղևորներին բարձր վառելիքային գների պատճառով չեղարկված չվերթների համար։ Այդ մասին Financial Times-ին հայտնել է ԵՄ-ի տրանսպորտի և զբոսաշրջության հարցերով եվրահանձնակատարը։
Նրա խոսքով՝ եթե չվերթները չեղարկվում են վառելիքի թանկացման պատճառով՝ առանց «արտակարգ հանգամանքների», ապա ավիափոխադրողները «կպարտավորվեն փոխհատուցել ուղևորների վնասները»։
Վերջին երկու շաբաթում ավիաընկերությունները կրճատել են շուրջ 2 մլն նստատեղ։ Չեղարկվել է ավելի քան 12 հազար չվերթ։ Պատճառը ավիավառելիքի պակասն է՝ մատակարարումների խափանումների հետևանքով, ինչը պայմանավորված է Մերձավոր Արևելքում աճող աշխարհաքաղաքական լարվածությամբ։ Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլն ավելի վաղ զգուշացրել էր, որ Եվրոպան կարող է մոտավորապես վեց շաբաթվա ընթացքում սպառել ավիավառելիքի պաշարները։ Դրանից հետո ԵՄ որոշ երկրների իշխանություններ հերքել էին, թե իրենց սպառնում է ավիակերոսինի պակաս։
Եվրահանձնակատարն ընդունել է, որ «իրավիճակը բարդ է», սակայն նշել է, որ ԵՄ կանոնները ներկայիս պայմաններում բավականին ճկուն են։ Նրա խոսքով՝ Բրյուսելը կքննարկի դրանց փոփոխության հնարավորությունը միայն այն դեպքում, եթե իրավիճակը լրջորեն վատթարանա։ Նա նաև զգուշացրել է ավիավառելիքի պակասի մասին խուճապային հայտարարություններից՝ զանգվածային զբոսաշրջային սեզոնի նախաշեմին։
FT-ը հայտնում է, որ այս շաբաթ Եվրահանձնաժողովը կներկայացնի «ուղեցույց» նախագիծ՝ ավիաընկերությունների և ուղևորների համար՝ Մերձավոր Արևելքում հակամարտության հետ կապված։ Թերթի տեղեկություններով՝ ԵՀ առաջարկները «հստակեցնում են գործող կանոնները» և չեն պարունակում որևէ «նոր զիջումներ», որոնք կարող էին մեղմել ոլորտի խնդիրները։
