ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգին անհանգստացնում է գնաճի ուժեղացումը․ տոկոսադրույքի բարձրացման հավանականությունն աճում է
ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավարների մտահոգությունները՝ կապված Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության պատճառով սպառողական գների աճի արագացման հետ, ուժեղացել են, և շատերը հսվանական են համարում տոկոսադրույքի բարձրացման հնարավորությունը։ Այդ մասին վկայում է Բաց շուկայի գործառնությունների դաշնային կոմիտեի վերջին նիստի արձանագրությունը։
ԴՊՀ-ն ապրիլի վերջին կայացած նիստի արդյունքներով պահպանել է հիմնական տոկոսադրույքը տարեկան 3.5-3.75% միջակայքում, ինչպես սպասում էին վերլուծաբանների և տնտեսագետների մեծ մասը։ Այն 25 բազիսային կետով նվազեցնելու օգտին քվեարկել է խորհրդի տասներկու անդամներից մեկը։
Միևնույն ժամանակ, ԴՊՀ անդամների մեծամասնությունը կարծում է, որ «դրամավարկային քաղաքականության որոշակի խստացումը, հավանաբար, տեղին կլինի», եթե գնաճը շարունակաբար մնա կենտրոնական բանկի 2% նպատակային ցուցանիշից բարձր։
Կոմիտեի անդամներն ընդհանուր առմամբ եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ կլինի տոկոսադրույքը ներկայիս մակարդակում պահպանել ավելի երկար, քան նախկինում էր ենթադրվում։ Փաստաթղթում նշվում է, որ «ճնշող մեծամասնությունը» մատնանշել է այն բարձր ռիսկը, որ գնաճը 2% նպատակային մակարդակին կվերադառնա ավելի ուշ, քան իրենք էին կանխատեսում։
Հանդիպման մասնակիցները կարծում են, որ «էներգակիրների բարձր գները կշարունակեն կարճաժամկետ հեռանկարում բարձրացնող ազդեցություն ունենալ ընդհանուր գնաճի վրա»։ Արձանագրության համաձայն՝ կոմիտեի գրեթե բոլոր անդամները նշել են այն ռիսկը, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարող է երկար ժամանակ շարունակվել, կամ նույնիսկ դրա ավարտից հետո նավթի և այլ հումքային ապրանքների գները կարող են բարձր մնալ սպասվածից ավելի երկար։
