ԱՄՆ-ում սպառողական գնաճը աճում է ռեկորդային տեմպերով
Սպառողական գները Միացյալ Նահանգներում արձանագրել են վերջին երեք տարվա ամենախոշոր աճը։ Reuters-ի փոխանցմամբ՝ պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրումն է, որը հանգեցրել է բենզինի և այլ էներգակիրների թանկացմանը։ Այս ֆոնին Դաշնային պահուստային համակարգը ծանրակշիռ հիմքեր ունի մինչև 2027 թվականը չփոխելու տոկոսադրույքները։
ԱՄՆ Աշխատանքի նախարարության Աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ մայիսին ավարտված 12 ամսվա ընթացքում սպառողական գների ինդեքսը աճել է 4,2%-ով։ Սա ամենաուժեղ աճն է 2023 թվականի ապրիլից ի վեր։ Համեմատության համար՝ ապրիլին տարեկան աճը կազմել էր 3,8%։ Ամսական կտրվածքով մայիսին գներն աճել են 0,5%-ով, մինչդեռ ապրիլին ցուցանիշը փոքր-ինչ ավելի բարձր էր՝ 0,6%։
Reuters-ի կողմից հարցված տնտեսագետները կանխատեսում էին մի փոքր ավելի համեստ ցուցանիշներ՝ տարեկան գնաճը 4,1%, իսկ ամսականը՝ 0,5% մակարդակում։
Սպառողական գների ինդեքսը երրորդ ամիսն անընդմեջ շարունակում է կայուն բարձրանալ՝ ուժեղացնելով ճնշումը ամերիկացիների տնային տնտեսությունների բյուջեների վրա։ Թարմ տվյալները ցույց են տալիս, որ ավելի ու ավելի շատ մարդիկ ստիպված են օգտագործել իրենց խնայողությունները՝ ծախսերը հոգալու համար։ Միևնույն ժամանակ, գնաճն արդեն երկրորդ ամիսն անընդմեջ գերազանցում է աշխատավարձերի աճը, ինչը սպառնում է դանդաղեցնել տնտեսությունն ընդհանուր առմամբ։
Կյանքի արժեքի արագ աճը լուրջ քաղաքական խնդիր է դառնում նախագահ Դոնալդ Թրամփի և նրա Հանրապետական կուսակցության համար, որոնք փորձում են պահպանել վերահսկողությունը Կոնգրեսի նկատմամբ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում։ Հիշեցնենք, որ Թրամփը 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթել էր մեծապես գները զսպելու խոստման շնորհիվ։ Սակայն նրա հավանության վարկանիշը նվազում է, քանի որ ընտրողները ավելի ու ավելի են հիասթափվում տնտեսությունը կառավարելու նրա կարողությունից։
Բազային սպառողական գների ինդեքսը, որը չի ներառում տատանողական կատեգորիաները, մայիսին տարեկան կտրվածքով աճել է 2,9%-ով։ Ապրիլին աճը կազմել էր 2,8%։ Ամսական հաշվարկով բազային ինդեքսն աճել է 0,2%-ով, ինչը զգալիորեն զիջում է ապրիլյան 0,4%-ին։
ԱՄՆ կենտրոնական բանկը ուշադիր հետևում է անձնական սպառման ապրանքների և ծառայությունների գների դինամիկային՝ ձգտելով գնաճը պահել 2% նպատակային մակարդակում։ Սակայն ներկայիս ցուցանիշները դեռ հեռու են այդ ուղենիշից։ ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության հաշվարկներով՝ մայիսին մեկ գալոն բենզինի միջին արժեքը աճել է 8,8%-ով՝ հասնելով 4,60 դոլարի։ Որոշ պահին վառելիքի գները ավելի քան 50%-ով բարձրացել էին փետրվարի վերջի մակարդակի համեմատ, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ էին հասցրել Իրանին։ Այնուամենայնիվ, վերջին շաբաթներին՝ հրադադարի ֆոնին, գները սկսել են նվազել։ Սա որոշ տնտեսագետների զգուշավոր լավատեսության հիմք է տվել, որ մայիսը կարող է դառնալ սպառողական գների ինդեքսի գագաթնակետային ամիսը։
Անցած շաբաթ հրապարակված տվյալները ցույց են տվել, որ մայիսին տնտեսությունը երրորդ ամիսն անընդմեջ ստեղծել է սպասվածից ավելի շատ աշխատատեղեր։ Գործազրկության մակարդակը արդեն երեք ամիս շարունակ պահպանվում է 4,3%-ի սահմաններում։
Ֆինանսական շուկաներն արդեն սկսել են իրենց կանխատեսումներում ներառել հիմնական տոկոսադրույքի բարձրացման հնարավորությունը։ Սակայն տնտեսագետների կարծիքով՝ ԴՊՀ-ի կողմից դրամավարկային քաղաքականության խստացման շեմը շարունակում է մնալ շատ բարձր։
