Եվրոպական կենտրոնական բանկը կարող է տոկոսադրույքի վերաբերյալ որոշումը հետաձգել մինչև սեպտեմբեր
Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կարող է հաջորդ որոշումը տոկոսադրույքների վերաբերյալ հետաձգել մինչև սեպտեմբեր՝ էներգակիրների գների սպասվածից ավելի արագ նվազման ֆոնին։ Այս մասին հայտարարել է Սլովենիայի կենտրոնական բանկի կառավարիչ Պրիմոժ Դոլենցը։
Դոլենցը այս հայտարարությամբ հանդես է եկել Պորտուգալիայի Սինտրա քաղաքում անցկացվող ԵԿԲ-ի կենտրոնական բանկային գործի համաժողովում։ Նրա խոսքով՝ եթե էներգակիրների գները պահպանվեն ներկայիս մակարդակում, ապա տոկոսադրույքի վերաբերյալ նոր որոշումը հնարավոր կլինի ընդունել սեպտեմբերին՝ ԵԿԲ-ի թարմացված կանխատեսումների հրապարակումից հետո։
Ներկայումս կարգավորողները քննարկում են՝ արդյոք հուլիսին ևս մեկ անգամ բարձրացնել տոկոսադրույքը, թե սպասել մինչև սեպտեմբեր։
Հունիսի 11-ին հրապարակված ԵԿԲ-ի կանխատեսումները ենթադրում էին, որ նավթի գները մի քանի տարի կմնան բարձր մակարդակի վրա, սակայն շուկայական ընթացիկ գներն արդեն իջել են նույնիսկ բանկի ավելի բարենպաստ սցենարից ցածր։
Դոլենցը նշել է, որ գնաճի տվյալները դեռևս չեն վկայում, որ էներգակիրների թանկացումը երկրորդային ազդեցությունների (second-round effects) միջոցով տարածվում է ամբողջ տնտեսության վրա։
Նա նաև ընդգծել է, որ ԵԿԲ-ն որոշումները կընդունի մուտքային տվյալների հիման վրա, իսկ մինչև հուլիսյան նիստը շուկաների բարձր անկայունության պայմաններում իրավիճակը կարող է փոխվել։
