Արհեստական բանականությունը դարձել է ԱՄՆ բյուջեի գլխավոր «գլխացավանքը»
Վաշինգտոնը բախվել է բազմատրիլիոնանոց բյուջետային խնդրի։ Այժմ արհեստական բանականության ոլորտում ներդրումների բումը և դրանց եկամտաբերության վերաբերյալ անորոշությունը հայտնվել են ինչպես կարճաժամկետ բյուջետային դեֆիցիտի, այնպես էլ շուկաների անհանգստության կենտրոնում: Այս մասին ասվում է Reuters-ի հրապարակման մեջ։
Հոդվածի համաձայն՝ ԱԲ ոլորտում ներդրումների ալիքը միանգամից երկու ուղղությամբ է ազդում գանձապետական պարտատոմսերի շուկայի վրա։ Կարճաժամկետ հեռանկարում այն նվազեցնում է դաշնային բյուջեի հարկային եկամուտները, ինչպես նաև ֆինանսավորման համար մրցակցություն է ստեղծում՝ ԱԲ ենթակառուցվածքներ կառուցող տեխնոլոգիական հսկաների կողմից թողարկվող երկարաժամկետ պարտատոմսերի հսկայական ծավալների պատճառով։ Reuters-ի տվյալներով՝ թեև այս ներդրումների հիմնական մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին և Չինաստանին, դրանց համաշխարհային ընդհանուր ծավալներն արդեն սկսում են տպավորիչ լինել՝ հասնելով հսկայական մասշտաբների։
Morgan Stanley-ի գնահատմամբ՝ 2026 թվականին կթողարկվեն ԱԲ-ի հետ կապված 350-400 մլրդ դոլարի պետական ներդրումային պարտքային պարտավորություններ, իսկ 2027 թվականին նախատեսվում են մոտ 1.4 տրիլիոն դոլարի նոր կապիտալ ծախսեր։ Միայն այս տարվա կեսերից բոլոր պարտքային շուկաներում արդեն ներգրավվել է մոտ 92 մլրդ դոլար:
Reuters-ի նյութի համաձայն՝ եթե ԱԲ-ի բումը արագացնի գնաճը, իսկ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը միաժամանակ փորձի զսպել երկարաժամկետ պարտատոմսերի եկամտաբերության աճը, որը բարձրանում է նոր պայմաններին համապատասխան, Դաշնային պահուստային համակարգի առջև խնդիր է առաջանում՝ նույնիսկ եթե այն ընդհանուր առմամբ ներդրումային բումը և դրա հնարավոր ներդրումը արտադրողականության աճում համարում է դրական գործոններ։
Նման իրավիճակում, ըստ հոդվածի, ԴՊՀ-ի կողմից դրամավարկային քաղաքականության մեղմացումը պետք է բացառվի օրակարգից։ Սակայն ԴՊՀ-ի և ԱՄՆ ֆինանսների նախարարության միջև հակասությունները կարող են խորանալ, եթե գնաճը շարունակի չարձագանքել այն թիրախային մակարդակին վերադարձնելու փորձերին:
Իսկ եթե ԴՊՀ-ում հաղթեն «բազեները», ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ պարտատոմսերի մարման ժամկետների կրճատման միջոցով պարտքի սպասարկման ծախսերը նվազեցնելու ծրագրերը կարող են ձախողվել, նշվում է հոդվածում։
Երկարաժամկետ հեռանկարում, ինչպես գրում է Reuters-ը, ավելի ու ավելի բարձր են դառնում այն հարցի շուրջ խաղադրույքները, թե արդյոք ԱԲ-ն ի վերջո կկարողանա վերադարձնել դրա ստեղծման և զարգացման համար ծախսված տրիլիոնավոր դոլարները։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

