ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ԿՈՒՏԱԿՎԱԾ 77 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԸ ԿՈՒՂՂՎԻ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2008թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Օրինագծով առաջարկվում է հաստատել ՀՀ 2008թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 785 մլրդ 355 մլն 31.8 հազար դրամ, ծախսերի գծով` 810 մլրդ 574 մլն 523.8 հազար դրամ եւ բյուջեի դեֆիցիտը` 25 մլրդ 219 մլն 492 հազար դրամ։
Օրենքի նախագծի վերաբերյալ վարչապետը նշել է, որ 2008թ. պետական բյուջեի կատարողականը հնարավորություն է տվել կառավարությանը որոշակի ռեզերվներ ձեւավորելու եւ 2009թ.-ին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները դիմագրավելու համար։
«Մենք, ըստ էության, եկամտային մասով ԱԺ-ի կողմից հաստատված բյուջեից 39 մլրդ ավելի եկամուտ ենք հավաքագրել, ինչպես նաեւ միասնական հաշվում կուտակել էինք շուրջ 77 մլրդ դրամ։ Բնականաբար, այդ միջոցներն այս տարի մենք օգտագործում ենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը բավականին լուրջ ազդեցություն է թողնում մեր բյուջեի եկամտային մասի վրա եւ մեր կուտակած խնայողությունները հնարավորություն են տալիս մեզ` ամբողջությամբ կատարելու մեր բոլոր սոցիալական պարտավորությունները, որպեսզի մեր քաղաքացիները չզգան այս ճգնաժամի բացասական ազդեցությունները իրենց թոշակների, աշխատավարձերի ստացման առումով։ Բնականաբար, մենք դեռեւս լրացուցիչ ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի նաեւ երկրորդ կիսամյակում չունենանք խնդիրներ։ Մեր արտաքին եւ ներքին պարտքի ցուցանիշները նույնպես մեր դիմադրողականությունը բավականին բարձր են պահում, այն առումով, որ համախառն ներքին արդյունքի մեջ մեր արտաքին եւ ներքին պարտքի տեսակարար կշիռները գտնվում են ցածր մակարդակի վրա, ինչը թույլ է տալու մեզ ներգրավել միջոցներ ե՛ւ ներքին շուկայից, ե՛ւ արտաքին շուկայից, ու, բնականաբար, այդ ներգրավված միջոցները նույնպես հնարավորություն կտան, որպեսզի մենք մեր պարտավորությունները ծախսային մասով ամբողջությամբ կատարենք։ Կարծում եմ, այս պարզաբանումները եւ հաշվետվությունը, որ կներկայացնենք Ազգային Ժողովին, պարունակում են բոլոր գնահատականները, թե ինչպիսի՞ ռազմավարություն էինք ընտրել մենք անցյալ տարի եւ այդ ռազմավարությունն ինչպե՞ս ենք իրականացնում այս տարի։
Իհարկե, բարդ տարի է մեզ համար լինելու, մանավանդ երկրորդ կիսամյակում։ Համախառն ներքին արդյունքի ցուցանիշը, որը հրապարակվեց ազգային վիճակագրական ծառայության կողմից, վկայում է այն մասին, որ տնտեսության անկման միտումները դեռեւս առկա են, համաշխարհային տնտեսության կանխատեսումները եւս մեկ անգամ վերանայվեցին, ցուցանիշները հրապարակվեցին Համաշխարհային բանկի կողմից, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից, եւ այդ ցուցանիշները գնում են դեպի բարձրացում։ Այսինքն, եթե կանխատեսվում էր նախկինում, որ 2008թ. չորրորդ եռամսյակում կլինի տնտեսական անկման ամենավերջին փուլը, ապա պարզվում է, որ համաշխարհային տնտեսական անկումը շարունակվելու է նաեւ 2009թ. ընթացքում եւ հիմա, կանխատեսումների համաձայն, չորրորդ եռամսյակում է գնահատվում, որ կնկատվեն կայունացման միտումներ եւ 2010թ. համաշխարհային տնտեսությունը կմտնի արդեն կայունացման փուլ։ Բնականաբար, այդ բոլոր բացասական ազդեցությունները մենք զգում ենք մեզ վրա` առաջին հերթին, մասնավոր ներդրումներիեւ մասնավոր տրանսֆերտների տեմպերի նվազմամբ, ինչը ազդում է նաեւ կապիտալ ներդրումների վրա, առաջին հերթին շինարարության մեջ, քանի որ շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում կազմում է շուրջ 25 տոկոս։ Բնականաբար, այն 27 տոկոսանոց անկումը, որն ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել է, չէր կարող ազդեցություն չթողնել մեր համախառն ներքին արդյունքի ցուցանիշի վրա։ Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ մենք, ձեզ հետ միասին, լրացուցիչ ջանքեր ենք գործադրում շինարարությունում ակտիվություն մտցնելու գործում, բոլոր խթանները պետք է կիրառենք, որպեսզի շինարարությունը թափով զարգանա այս տարի, քանի որ շինարարության աճի տեմպերը նպաստում են բազմաթիվ սպասարկող այլ ոլորտների աճին։ Եվ այն հայտարարությունը, որ մենք արել ենք շինարարական ոլորտում իրականացվող միջոցառումների համար մեր առեւտրային բանկերին պետական երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ, ուժի մեջ է։ Ավելին` մենք օպերատիվ շտաբի նախորդ նիստում որոշել ենք, որ այն օբյեկտների ավարտվածության աստիճանը, որոնց տակ մենք պատրաստ ենք տրամադրել երաշխիքներ, կարող է լինել 50 տոկոս։ Այսինքն` այստեղ էլ մենք էապես ավելացնում ենք այն սուբյեկտների քանակը, որոնք կարող են օգտվել պետական երաշխիքներից եւ պետք է դրանով իսկ փորձենք նոր թափ հաղորդել շինարարությանը` առաջին հերթին, անավարտ շինարարական օբյեկտներն ավարտին հասցնելու համար», – ասել է վարչապետը։