Հայաստանի և Ղրղզստանի պետական գանձարանները խորացնում են համագործակցությունը
Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության պետական գանձարանների միջև հոկտեմբերի 26-ին կնքվել է հուշագիր, որով նախատեսվում է համագործակցություն՝ փորձի փոխանակման, կադրերի վերապատրաստման և մի շարք այլ հարցերում: Կողմերը պարտավորվել են ցուցաբերել միասնական մոտեցում երկու երկրների տնտեսությունների ինտեգրման ընթացակարգերի շրջանակում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շուկայի զարգացման և միասնականացման ուղղությամբ: Ձեռք է բերվել համաձայնություն՝ սեմինարների, կոնֆերանսների միջոցով թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շուկաների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, ցուցահանդեսների կազմակերպման և այլ համատեղ միջոցառումների անցկացման վերաբերյալ: Հուշագիրը հնարավորություն կտա ավելի ընդլայնել թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնագավառում ՀՀ և ՂՀ միջև գործնական կապերը: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանը և Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի դեպարտամենտի տնօրեն Ալմազ Կադիրակունովը: