OCCRP․ Ալիևները գումարներ են աշխատել մանաթի արժեզրկումից
Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործության հետազոտությունների կենտրոնը (OCCRP) պնդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքը միլիոնավոր դոլարներ է աշխատել անգամ 2015 թվականին մանաթի արժեզրկումից: OCCRP-ի հրապարակման մեջ ասվում է, որ Ալիեւի ընտանիքը, ինչպես նաեւ նրան մոտ գործարարը նվազագույնը 64 մլն դոլար եկամուտ են վաստակել տարադրամի փոխանակումներից, որոնք 2015 թվականին անցկացվել են մանաթի արժեզրկումից մի քանի օր կամ շաբաթ առաջ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը` հղում կատարելով OCCRP-ի այդ մասին հայտարարությանը:
2015 թվականի փետրվարին Ադրբեջանի կենտրոնական բանկը մանաթը մեկ երրորդով արժեզրկել էր, իսկ նույն տարվա դեպկտեմբերին` անցել մանաթի լողացող փոխարժեքի, ինչի պատճառով 2016 թվականի հունվարին մանաթն արժեզրկվել էր գրեթե 100 տոկոսով:
OCCRP-ն նշում է, որ առաջին արժեզրկումից մի քանի օր առաջ Ալիեւն` ինքը, ինչպես նաեւ ԿԲ-ի ներկայացուցիչները բնակչությանը վստահեցրել էին, որ ազգային արժույթի փոխարժեքը մնալու է կայուն: Լրագրող-հետազոտողները կասկած են հայտնել, որ Ալիեւն իմացել է մանաթի սպասվող արժեեզրկման մասին եւ հնարավոր է` այդ մասին հայտնել է իր ազգականներին եւ բիզնես-գործընկերներին, որպեսզի վերջիններս պաշտպանեն իրենց ակտիվները եւ անգամ վաստակեն ճգնաժամի վրա:
Լրագրողներն ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ արժույթի փոխանակումներն իրագործվել են Caspian Development Bank, AtaBank եւ Pasha Bank բանկերի միջոցով, որոնց տերերը, ինչպես հայտնում է OCCRP-ն, հանդիսանում են Ալիեւների մերձավոր գործարարները, իսկ Pasha Bank-ը վերահսկվում է Ալիեւի երկու դուստրերի կողմից: Նշվում է նաեւ այն մասին, որ Ալիեւների վերահսկողության տակ գտնվող այդ բանկերը մանաթի արժեզրկումից ընդամենը մի քանի օր առաջ 5 տարի ժամկետով, խիստ կասկածելի էժան` 6 տոկոս տարեկան տոկոսադրույքով 52 մլն դոլար փոխառություն են տվել Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը` SOCAR-ին, ինչը մանաթի արժեզրկման շնորհիվ Caspian Development Bank-ին 12,5 մլն դոլար եկամուտ է բերել, իսկ 2015 թվականի մանաթի երկրորդ արժեզրկումից հետո այդ եկամուտի չափն աճել է մինչեւ 25,4 մլն դոլարի:
OCCRP-ն նաեւ հայտնում է, որ 2015 թվականի վերջին Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային պատկանող Pasha Bank-ը արտարժույթային գործողություններից մոտ 28 մլն դոլար եկամուտ է ունեցել` որեւէ հաշվետվություն չտալով այդ մասին:
OCCRP-ն նշում է, որ Ադրբեջանի ամբողջ բանկային հատվածը մանաթի արժեզրկման արդյունքում եւ դրան հաջորդած նրա լողացող կուրսին անցնելու մի քանի ամիսներին «մեկ միլիարդ դոլարից ավելի» կորուստ է ունեցել:
Իլհամ Ալիեւի ընտանիքը լրագրողական հետազոտությունների ֆիգուրանտ էր դարձել ապրիլի սկզբին: Լրագրող-հետազոտողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) լրագրողները, որոնց ձեռքն էր անցել պանամական Mossack Finseca իրավաբանական ընկերության փաստաթղթերը, հայտնել էին, որ Ալիեւի դուստրերը` Արզուն եւ Լեյլան վերահսկում են Ադրբեջանի 6 ոսկու հանքերի կոնսորցիումի 56 տոկոսը: Դրա հետ միասին, Ադրբեջանի իշխանությունները 2006 թվականին գաղտնի համաձայնագիր են կնքել, որի համաձայն` նախագահի դուստրերին պատկանող ընկերությունների եկամուտների 70 տոկոսը պետք է անցնի նրանց, եւ մ իայն 30 տոկոսը` պետությանը: