5.7 միլիարդ դրամի արտահանում և 1.5 միլիարդի ներդրումային ծրագրեր. Հայաստանի զարգացման հիմնադրամն անցնող տարում բազմապատկել է արդյունքները
Հայաստանի զարգացման հիմնադրամն անցնող տարում՝ 2017 թվականին բազմապատկել կամ բարելավել է գործունեության հիմնական արդյունքները։ Այսօրվա տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ներկայացրել է տվյալները։ Ամբողջ ասուլիսը և հանդիպումը ուղիղ հեռարձակվել է ՀԶՀ YouTube-յան պաշտոնական ալիքով: Ասուլիսի ընթացքում հիմնադրամի տնօրենը պատասխանել է տեղում գտնվող լրագրողների, տարբեր երկրներից, Արցախից և Հայաստանի մարզերից ստացված գրավոր և տեսահարցերին, վերջում նաև՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հարցերին։ Հանդիպումը տևել է մինչև վերջին հարցի պատասխանը ներառյալ։
2017 թվականին հիմնադրամում 3 գլոբալ փոփոխություն է տեղի ունեցել. նախ փոփոխվել է ՀԶՀ մանդատը՝ ընդհանուր զարգացման հիմնադրամից դառնալով բիզնեսին ուղղված կառույց։ Բացի այդ, ՀԶՀ գործառույթներից հանվել է տուրիզմի զարգացման բաղադրիչը, ՀԶՀ ծառայությունների ցանկը համալրվել է նախագծային հարթակով և հետսպասարկման ծառայությունով։ Նոր մանդատին համահունչ, փոփոխվել է հիմնադրամի կառուցվածքը։ Տարվա ընթացքում արտահանման խթանման համար ծախսված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց 23 անգամ ավելի արդյունք է ապահովվել։
ՀԶՀ աջակցությամբ սննդարդյունաբերության, ոսկերչության, թեթև արդյունաբերության, կոշիկի արտադրության, գինեգործության և այլ ոլորտների շուրջ 70 ընկերություն այս տարի մասնակցել են միջազգային ցուցահանդեսների։ Էքսպոների արդյունքում օտարերկրյա մեծածախ գնորդների ու մատակարարների հետ կնքվել են 5.7 միլիարդ դրամի արտահանման պայմանագրեր, որոնք հաջողությամբ իրականացվում են։ Իսկ «WorldFood Moscow 2017»-ում մեր երկրի տաղավարը լավագույնն է ճանաչվել։
ՀԶՀ կառուցվածքում ստեղծված Հետներդրումային սպասարկման թիմը հասցեականորեն հարթել է 8 օտարերկրյա ու տեղական ներդրողների գործում ծագած խնդիրներ։ Տարվա ընթացքում կատարվել են 15.388 միլիոն դոլարի, ակնկալվում են 124.5 միլիոն դոլարի ներդրումներ։ Արդեն մշակված ու փաթեթավորված են 1.5 միլիարդ դրամի ներդրումային ծրագրեր։
Հայաստանի զարգացման հիմնադրամը 2017 թ. պաշտոնական ներկայացուցիչների ցանց է ստեղծել՝ կազմված պրոֆեսիոնալ, նվիրված, պետության կողմից չվճարվող անհատներից։ Նրանց միջոցով ՀԶՀ-ն այժմ ներկայացված է և արտահանման ու ներդրումների ներգրավման աշխատանքներ է տանում ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում, Եվրոպական երկրներում։ Ցանցը կազմելու համար ՀԶՀ Միջազգային համագործակցության թիմն իր 30 ներկայացուցիչներին ընտրել է՝ դիտարկելով 2000-ից ավելի թեկնածություններ։ Հիմնադրամը ներկայում մշակում է նրանց արտահանման պատվերները՝ ներքին արտադրողների շրջանում համապատասխան խմբաքանակներ ապահովելու նպատակով։
600-ից ավելի B2B-ների, համաժողովների, գործարար առաքելությունների, ներդրումային քարոզարշավների միջոցով Հայաստանի զարգացման հիմնադրամը նոր գործարար կապերի հարթակ է ապահովել հայաստանյան հարյուրավոր ընկերությունների համար։
Գործունեության արդյունքների շնորհանդեսը հասանելի է այստեղ. https://joom.ag/3tUL :