Ասիական տարածաշրջանային համաժողով «Միջազգային պահուստների ներդրումային կառավարում» թեմայով
Ասիական Զարգացման Բանկը ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ հոկտեմբերի 23-24 կազմակերպել է «Միջազգային պահուստների կառավարում» թեմայով համաժողով:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Ասիական զարգացման բանկի նախագահի տեղակալ (ֆինանսների և ռիսկերի կառավարման գծով) Ինգրիդ վան Վիսը:
Ողջունելով հյուրերին՝ ԿԲ նախագահը բարձր է գնահատել գործակցությունը Ասիական Զարգացման Բանկի հետ և երախտագիտություն հայտնել այս կարևոր համաժողովի կազմակերպման համար: Արթուր Ջավադյանը նշել է, որ համաժողովը լայն հնարավորություններ է ընձեռում ընթացիկ մարտահրավերներով լի իրավիճակում արտաքին պահուստների կառավարման արդյունավետ ուղիների քննարկման ուղղությամբ։ Նա նաև հույս է հայտնել, որ համաժողովը լավ հարթակ կլինի տարբեր գործնական հարաբերությունների հաստատման համար:
Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում անցկացվող միջոցառմանը մասնակցում են շուրջ 26 երկրների կենտրոնական բանկերի, ֆինանսների նախարարությունների և այլ պետական ֆինանսական կառույցների, ինչպես նաև 7 վերազգային և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են համաշխարհային տնտեսական զարգացումները, դրամավարկային քաղաքականության կարգավորման ազդեցությունը միջազգային պահուստների կառավարման և ակտիվների տեղաբաշխման վրա, ինչպես նաև ռիսկերի կառավարման հայեցակարգերը՝ տատանողականության գնահատումը և պահուստների զգայունությունը տոկոսադրույքների փոփոխությունների, արժույթների և ակտիվների դասերի նկատմամբ:
Անդրադարձներ կլինեն պետական պարտատոմսերի թողարկումների վրա միջազգային և տարածաշրջանային զարգացումների ազդեցության, առաջնային և երկրորդային շուկայում շրջանառվող պարտատոմսերի վրա բանկային և ֆինանսական շուկաների կարգավորման ներգործության հարցերին: Կարևորություն է տրվելու բարձր վարկանիշ ունեցող պարտատոմսերի թողարկողների կողմից դրանց ներդրումային գրավչության բարձրացմանը՝ կենտրոնական բանկերի, պետական ներդրումային հիմնադրամների և այլ ինստիտուցիոնալ ներդրողների համար:
Առանձին կքննարկվի բարձր տեխնոլոգիաների կարևորության հարցն անվտանգության ապահովման, գործառնական ռիսկերի կառավարման տեսանկյունից:
Ելույթներով հանդես կգան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Ասիական Զարգացման Բանկի, Համաշխարհային Բանկի, Եվրոպական Ներդրումային Բանկի, Միջազգային Հաշվարկների Բանկի, Baring Asset Management, State Street Global Advisors, Ոսկու Համաշխարհային Խորհրդի (World Gold Council), Clearstream Banking Luxemburg և SWIFT կազմակերպությունների, ինչպես նաև Բելգիայի, Սլովենիայի, Չեխիայի, Ֆիլիպինների, Թայլանդի, Վրաստանի, Ռումինիայի կենտրոնական բանկերի առաջատար մասնագետները: