
ՎԱՐՉՍԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԼԱՎԵՐԴՈՒ «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ՓԲԸ
Լոռու մարզի Ալավերդի ու Սանահին համայնքներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ում։ Մասնավոր այս ձեռնարկության հիմնական գործունեությունը պղնձի խտանյութի վերամշակման արդյունքում անզուտ պղնձի արտադրությունն է։
Գործարանում վարչապետն աշխատանքային քննարկում է անցկացրել տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ։ Քննարկվել են կառավարության միջոցառումները, իրականացվող բարեփոխումները, ներդրումային միջավայրի բարելավման խնդիրները։
Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամների ու «Արմենիան Քափըր Փրոգրամի» ղեկավարների հետ շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական հնարավորություններին։
Լոռու մարզ կատարած այցի ավարտին վարչապետը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։