ՃԳՆԱԺԱՄԸ ԱՄԵՆԱՇԱՏԸ ԱԶԴԵԼ Է ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՎՐԱ
«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնն իրականացրել է Հայաստանի տնտեսության վրա տնտեսական ճգնաժամի ազդեցության իրավիճակային գնահատում: Այսօր հրավիրած ասուլիսում կենտրոնի գլխավոր տնօրեն Մանուկ Հերգնյանն արձանագրեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում վնասներ են կրել հատկապես էներգետիկայի, հանքարդունաբերության եւ շինարարության ոլորտները: Գրեթե անփոփոխ են մնացել սննդի արտադրության աճի տեմպերը, քանի որ ճգնաժամի պայմաններում հաճախ որոշ փոքրարժեք եւ բազային ապրանքների նկատմամբ պահանջարկը մեծանում է: Այս տարի աճ է արձանագրվել ծխախոտի արտադրության բնագավառում: Ըստ վերլուծության` Հայաստանում ՀՆԱ-ի աճի տեմպը սկսել է նվազել 2008 թ-ի հուլիսից, իսկ այս տարվա հունվար-փետրվարից սկսած գրանցվել է ՀՆԱ-ի անկում: Մասնագետը նշեց, որ այս տարվա ընթացքում գրեթե անհնար կլինի տնտեսական աճի դրական տեմպեր արձանագրել: «Լավագույն սցենարը կլինի շատ փոքր տնտեսական անկումը»,- ասաց նա:
Մ.Հերգնյանը համոզված է, որ Հայաստանի տնտեսությունը բավականին ինտեգրված է համաշխարհային տնտեսությանն, այդ պատճառով էլ արագ է արձագանքում համաշխարհային տնտեսական գործընթացներին: