ALCOA ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 951 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Ալյումին արտադրող խոշորագույն Alcoa Inc. ընկերության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին կիսամյակում ընկերության կրած վնասը կազմել է 951 մլն դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել էր 849 մլն դոլար: Ընկերության վաճառքի ծավալները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 41%-ով և կազմել 8.4 մլրդ դոլար: Համեմատության համար նշենք, որ 2008թ. առաջին կիսամյակում ընկերության վաճառքի ծավալը կազմել էր 14.2 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն 2009թ. երկրորդ եռամսյակում ընկերության կրած վնասը կազմել է 454 մլն դոլար, իսկ հասույթը նույն եռամսյակում կրճատվել է 41%-ով և կազմել 4.24 մլրդ դոլար: Նշենք նաև, որ Alcoa ընկերությունը վնասով է աշխատում արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ, որը պայմանավորված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում ավտոարտադրության ոլորտում պահանջարկի կրճատմամբ: