EXXON MOBIL ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 68%-ՈՎ
Ամերիկյան նավթային հսկա Exxon Mobil Corp. ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության հաշվետվությունը: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 68%-ով և կազմել 4.73 մլրդ դոլար, իսկ հասույթն այդ նույն ժամանակահատվածում կրճատվել է 40%-ով և կազմել 82.26 մլրդ դոլար:
Հաշվետու եռամսյակում հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը ընկերության ղեկավարությունը բացատրում է համաշխարհային շուկայում էներգակիրների գների զգակի անկմամբ: Այսպես, 2009 թվականի երրորդ եռամսյակում համաշխարհային շուկայում նավթի մեկ բարելի միջին գինը կազմել է 68 դոլար, մինչդեռ նախորդ տարվա համապատասխան եռամսյակում նավթի միջին գինը մեկ բարելի դիմաց սահամնվել է 118 դոլար մակարդակում: Նշենք, որ անցյալ տարվա երրորդ եռամսյակում Exxon Mobil-ը սահմանել էր ռեկորդ` ապահովելով ամերիկյան ընկերությունների շարքում զուտ շահույթ ամենաբարձր եռամսյակային մակարդակ:
Exxon Mobil ընկերությունն իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 38 երկրներում: Ընկերությանը պատկանող գործարաններում աշխատում է ավելի քան 80 հազար մարդ: