ՌՈՒՍԱԿԱՆ ԱԾՈՒԽԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՌԴ հաշվարկային պալատը հայտարարել է, որ բացակայում է Ռուսաստանի մաքսային տարածքից ապրանքների քանակի արտահանման վերահսկողության արդյունավետ մեխանիզմ: Հաշվարկային պալատը հրապարակել է Ռուսաստանի տարածքից ածխի արտահանման մաքսային վերահսկողության համակարգի ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն արտահանվող ածխի շուրջ 80%-ը իրացվում է օֆշորային գոտիներ ունեցող երկրներում:
Հաշվարկային պալատի հրապարակած տվյալների համաձայն Ռուսաստանից արտահանվող ածուխն իրացվում է համաշխարհային շուկայում սահմանված գնից մինչև 54% ցածր գնով, և այն ֆինանսական միջոցները, որոնք կարող էին ստացվել բարձր գնով իրացման դեպքում, փոխանցվում են օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների բանկային հաշվին, ինչի արդյունքում բյուջե կորցնում է հարկային եկամուտների զգալի ծավալ: Նշենք, որ 2008թ. ընթացքում ածխի արդյունահանման և արտադրության ծավալը Ռուսաստանում կազմել է 326.1 մլն տոննա, որից արտահանվել է շուրջ 100.4 մլն տոննա: