ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ.«ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ԲԻԶՆԵՍՈՎ»
Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված համաժողովին, որը կազմակերպել են ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի եւ ՀՀ գլխավոր դատախազության հետ համատեղ։
Ներկայացնում ենք ՀՀ վարչապետի ելույթն ամբողջությամբ:
Բարեւ ձեզ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դահլիճում կան ազատ աթոռներ, կարող ենք ենթադրել, որ կոռուպցիայի խնդիրն այնքան էլ չի մտահոգում մեր հանրությանը:
Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ կառավարության անունից ողջունել կոնֆերանսի մասնակիցներին եւ ցանկանալ մեզ բոլորիս բեղմնավոր աշխատանք: Կոռուպցիան մարդկությանը հետապնդող հասարակական հիվանդություններից մեկն է, որը, իմ կարծիքով, ամենավտանգավոր հիվանդությունն է, որն ախտորոշում է հասարակության առողջական վիճակը: Որքանով որ կոռուպցիան, կոռուպցիոն երեւույթները խորն են, այդքանով հիվանդ է հասարակությունը եւ կարիք ունի բուժման: Ցավոք սրտի, պետք է նշենք, որ հայտնի դեղամիջոց, որն արմատախիլ կանի այս հիվանդությունը, գոյություն չունի, եւ ցանկացած ազգ, պետություն, հասարակություն գտնում է իր ուրույն ուղին` հաղթահարելու այս հիվանդությունը: Եվ այն պետությունները, որոնք կարողանում են հաջողության հասնել, նրանք արդարացիորեն կոչվում են ուժեղ պետություններ: Այն պետություններում, որտեղ կոռուպցիան ունի խոր արմատներ, եւ արմատախիլ անելը դժվար է այդ հիվանդության, այդ պետություները, իմ գնահատմամբ, թույլ պետություններ են: Եվ այդ պետությունների ապագան վտանգված է, այդ պետությունները ժամանակակից մրցակցային դաշտում անխուսափելիորեն պարտվելու են` չկարողանալով ապահովել իրենց քաղաքացիների համար բարեկեցիկ կյանք, բարեկեցիկ միջավայր: Ժամանակակից աշխարհը, որն օրեցօր դառնում է ավելի փոքր, մոբիլություն է հաղորդում քաղաքացիներին, նամանավանդ այն քաղաքացիներին, որոնք չեն հանդուրժում հասարակություն, միջավայր, որտեղ կան կոռուպցիոն երեւույթներ, եւ այդ մարդիկ նախընտրում են փոխել իրենց ապրելավայրը` որոնելով այնպիսի միջավայր, որը նրանց արժեքների համար, իրենց սեփական արժեքային համակարգի համար ավելի ընդունելի են: Եվ դա բերում է նրան, որ մեր հասարակությունը լքում են առավել առողջ ուժերը` ավելի թուլացնելով մեր հասարակության դիմադրողականությունն այս հիվանդության նկատմամբ:
Ինչպիսի±ն է մեր կառավարության ռազմավարությունն` այս չարիքի դեմ պայքարելու համար: Այն ես պայմանականորեն բաժանում եմ երեք կարեւոր հատվածների. առաջինն իշխանավորներն են` ես եւ իմ գործընկերները: Եթե մենք առաջին հերթին խստապահանջ չլինենք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ապա ակնհայտ է, որ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարելը կլինի չափազանց դժվար կամ անհնարին: Դա նշանակում է, որ մենք մեր անձնական օրինակով պետք է առաջնորդենք մեր հասարակությունը եւ չպետք է հանդուրժենք մեր շրջապատում մարդկանց, ովքեր վարակված են այդ հիվանդությամբ: Լավագույն միջոցը, որով մենք կարող ենք օգնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց` այս ուղին ընտրելու, թափանցիկ գործունեությունն է, նրանց գործունեության թափանցիկության ավելացումը: Եվ այս դրույթը, որը բխում է նաեւ հանրապետության նախագահի նախընտրական ծրագրից, մենք մտադիր ենք իրականացնել: Սկզբունքը, որ հանրապետության նախագահն առաջ քաշեց, կայանում է հետեւյալում, որ մենք պետք է սկսենք մեզանից: Մենք ինքներս պետք է բացահայտենք այն հիվանդությունները, որոնք մեզանում կան, եւ մենք առաջինը պետք է խոսենք այդ հիվանդությունների մասին եւ մատնանշենք այդ հիվանդությունների բուժման եղանակները: Այդ տեսակետից մենք Ազգային Ժողովին ներկայացրել ենք մի օրենք, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունն առավել թափանցիկ դարձնելը, որը ենթադրում է միասնական, բաց էլեկտրոնային ռեգիստրի ստեղծում, որտեղ այդ 500 բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է, միջազգային լավագույն փորձից ելնելով, ներկայացնեն իրենց անհատական հայտարարագրերը: Եվրամիության խորհրդականների օժանդակությամբ մենք այդ օրենքը դարձրել ենք հնարավորինս պարզ, հեշտ կիրառելի, առանց բարդ կառույցների: Ենթադրվում է, որ հանրապետության նախագահի կողմից կստեղծվի հանձնաժողով Հայաստանի Հանրապետությունում հեղինակություն վայելող անձանցից, որոնք հետեւելու են այդ 500 պաշտոնյաների գործունեությանը, հետեւելու են հրապարակումներին, որոնք առկա են մամուլում, այն բացահայտումներին, որ կարող են լինել, հետեւելու են նրանց հայտարարագրերին, եւ խստագույն պահանջն օրենքի կայանալու է նրանում, որ վերջապես մենք ձեզ հետ միասին իրացնենք սահմանադրական այն նորմը, որ պատգամավորները, նախարարները իրավունք չունեն զբաղվելու բիզնեսով: Այդ սահմանադրական նորմի իրացման համար մեզ անհրաժեշտ են օրենսդրական մեխանիզմներ, եւ մենք մտադիր ենք այդ մեխանիզմները ներդնել: Սա առաջին եւ կարեւորագույն ուղղությունն է հակակոռուպցիոն պայքարի:
Երկրորդ կարեւորագույն ուղղությունն ինստիտուցիոնալ բարեփոխումներն են, եւ առաջին հերթին այնպիսի ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք առնչվում են պետական կառավարման մարմիններին: Մենք ձեռնամուխ ենք եղել կառավարման համակարգի բարեփոխումների երկրորդ փուլին, որն առնչվում է քաղաքացիական ծառայության ինստիտուտի ներդրման հետ: Ժամանակին մենք ստացել էինք բավականին լուրջ տեխնիկական օժանդակություն Միացյալ Թագավորության կառավարության կողմից, եւ ուսումնասիրելով այդ ժառանգությունը, որ մենք այսօր ունենք կառավարությունում, մենք եկել ենք այն եզրահանգման, որ դրանք չափազանց արժեքավոր նյութեր էին, եւ, ցավոք սրտի, մենք դեռեւս իրականացրել ենք միայն առաջին փուլը: Եվ քաղաքացիական ծառայության այն դրական հետեւանքները, որ մենք պետք է ստանայինք, դեռեւս չենք ստացել այն պարզ պատճառով, որ երկրորդ եւ երրորդ փուլերն այդ բարեփոխումների դեռեւս իրականացված չեն: Դրանք այն փուլերն են, որոնք ենթադրում են աշխուժացնել աշխատակիցների, պետական չինովնիկների գործունեությունը, եւ ստեղծեն մոտիվացիոն հիմքեր, որոնք հնարավորություն են տալու խթանել պարկեշտ, ազնիվ, բանիմաց աշխատակիցներին եւ, հակառակը, կաշկանդել, պատժել նրանց, ովքեր ի վիճակի չեն կատարելու իրենց պարտականությունները: Այս մոտիվացիոն մեխանիզմների բացակայությունն այսօր խոչընդոտում է քաղծառայողների ինստիտուտի արդյունավետությունը: Ուզում եմ նշել, որ գոյություն ունի բնական դիմադրողականություն. մարդիկ չեն ուզում փոխել իրենց վարքագծային կանոնները, եւ դա բնորոշ է ոչ միայն մեզ, եւ առավել դժվար է այս խնդիրը լուծել, երբ որ խոսքը գնում է քաղծառայության բոլոր շերտերի մասին: Հասկանալի է, որ ինստիտուցիոնալ բարեփոխումները կարեւոր է սկսել հենց կառավարման համակարգից եւ այն քայլերը, որ մենք իրականացնում ենք, հետեւյալ միջոցառումներն են ներառում. առաջինը, բոլոր նախարարություններում, գերատեսչություններում պաշտոնատար անձանց ֆունկցիաների հստակեցում: Ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ այսօր ըստ նախարարությունների տարբեր գործառույթներ են իրականացնում մեր նախարարները եւ նախարարությունները, գործառույթները խառնված են, գոյություն ունի խառնաշփոթ նախարարական ֆունկցիաների, գործակալությունների ֆունկցիաների եւ տեսչական ֆունկցիաների միջեւ: Շատ հաճախ մենք արձանագրում ենք, որ նախարարություններն իրականացնում են գործակալական ֆունկցիաներ, ֆունկցիաներ, որոնք բնորոշ են գործակալություններին, որոնք առաջին հերթին կոչված են ծառայություններ մատուցել, եւ մենք արձանագրում ենք, որ կան նախարարություններ, որոնք իրենք ծառայություն են մատուցում, իսկ շատ գործակալություններ, որոնք պետք է ծառայություններ մատուցեն, զբաղված են քաղաքականության մշակմամբ եւ իրականացմամբ, ինչը նախարարությունների ֆունկցիաներն են: Եվ ցավոք սրտի, այսպիսի խառնաշփոթ գոյություն ունի, եւ մենք արդեն իսկ ձեռնամուխ ենք եղել այս բարեփոխումներին:
Առաջին անգամ 2009թ. մենք նախարարների հետ միասին լսել ենք առաջին 6 ամսվա կատարողականը` նախարարությունների հաշվետվությունները, ըստ վարչությունների, եւ գնահատել ենք նրանց գործունեությունը: Սա առաջին փորձն էր ՀՀ-ում իրականացնելու այսպիսի գործառույթ եւ մենք համոզված ենք, որ երկրորդ կիսամյակի այս միջոցառումը լինելու է ավելի արդյունավետ: Սա բավականին ծանր աշխատանք է, ուզում եմ ձեզ զեկուցել, որովհետեւ պրոցեդուրաները բիզնես գործառույթների նկարագրման, ենթագործառույթների նկարագրման, աշխատատեղերի նկարագրության բիզնես պրոցեսներից ելնելով, աշխատատեղերի պատասխանատվության ֆիքսումը, սա աշխատատար, բարդ գործառույթ է եւ, ցավոք, նման կարողություններ մենք ՀՀ-ում թերեւս չենք ձեւավորել, բայց առանց այս գործառույթների նկարագրության հնարավոր չէ ապագայում նաեւ արդյունավետ իրականացնել պրոցեսուալ աուդիտ, ներքին աուդիտ, որը արդյունավետ է դարձնում կառավարման համակարգը: Այս ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա մենք բավականին մեծ ջանքեր եւ ուժեր ենք գործադրում եւ, իհարկե, այս աշխատանքը դեռեւս հասարակության համար տեսանելի չէ, բայց մենք համոզված ենք, որ հետեւողական աշխատանքի արդյունքում երեք տարի հետո մենք կունենանք որակապես այլ կառավարման համակարգ, որը էապես կարող է զսպել կոռուպցիոն ռիսկերը: Ինստիտուցիոնալ բարեփոխումները իր մեջ ներառում են նաեւ մեր ֆինանսական մեխանիզմների բարեփոխումը: Ես ԱԺ-ում ներկայացնելով 2010թ. պետական բյուջեն նշել եմ, որ 2010թ. համար մեզ համար թիրախ է լինելու առոջղապահության ոլորտը եւ կրթական ոլորտը, որտեղ ֆինանսական մեխանիզմները ոչ միայն անարդյունավետ են, այլ ի սկզբանե պարունակում են իրենց մեջ կոռուպցիոն ռիսկեր: Պետությունը իջեցնելով ֆինանսական պատվեր առողջապահական համակարգում եւ կրթական համակարգում, իրեն իրավունք է վերապահել այդ ծառայություններից օգտվել շուկայական ավելի ցածր գներով: Գներով, որոնք ինքնարժեքից էլ ցածր են եւ, բնականաբար, այդ հիմնարկները ստիպված են լինում այն ֆինանսական ճեղքվածքները, որ առաջացնում է հենց պետությունը, լրացնել այլ եղանակներով եւ ամեն մի հիմնարկ գտնում է իր ճանապարհը եւ շատ հաճախ դրանք անօրինական ճանապարհներ են: Եվ մենք ինքներս ստեղծում ենք կոռուպցիոն ռիսկեր: Այս հայեցակարգերը մենք դրել ենք շրջանառության մեջ եւ այստեղ էլ կա բավականին մեծ դիմադրողականության իներցիա, որովհետեւ մարդիկ համակերպվել են այն ռեժիմների հետ, որոնք գործում են, եւ միակ պահանջը, որ մեր առջեւ դնում են, ավելացնել ֆինանսավորումը, որը ոչ մի լավ արդյունքի չի բերի, եթե ինստիտուցիոնալ, արմատական փոփոխություններ չլինեն ֆինանսավորման մեխանիզմներում: Թիրախը շատ պարզ է. պետությունն իրավունք չունի շուկայական շեղումներ մտցնել եւ պետությունը երբ որ հայտնվում է շուկայում, պետք է չտարբերվի իր վարքագծով շուկայի մնացած մասնակիցներից: Մենք նույնպես շուկայական ծառայությունների համար պետք է վճարենք շուկայական գին: Երրորդ ուղղությունը հակակոռուպցիոն մեր պայքարի դա հասարակական տրամադրություններն են: Մենք կարիք ունենք այստեղ լուրջ փոփոխությունների, որովհետեւ արձանագրում ենք, որ հասարակությունն ագրեսիվ չի պայքարում կոռուպցիոն երեւույթների դեմ: Մեր հասարակությունը հանդուրժողական է կոռուպցիայի նկատմամբ, ավելին, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիներին մտահոգող առաջին հինգ բացասական երեւույթների մեջ կոռուպցիան չի մտնում: Եվ սա շատ լուրջ ահազանգ է մեր բոլորի համար, որովհետեւ իմ խորին համոզմամբ, սա համար մեկ չարիքն է ուժեղ պետություն կառուցելու ճանապարհին: Դա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին, նաեւ մեր համաժողովը պետք է կարողանա ձեւավորել այնպիսի միջավայր ՀՀ-ում, որն ուղղված պետք է լինի կոռուպցիայի դեմ: Ցավոք հազարավոր մարդիկ այսօր ձգտում են պետական պաշտոն ստանձնելու, պետական պաշտոն ունենալու, քննադատում են կառավարությանը ոչ թե այն պատճառով, որ նրանց նպատակն է բացահայտել հասարակական հիվանդությունները եւ զբաղեցնելով պաշտոններ, ուղղել այդ հիվանդությունները, այլ օգտվել այն բարիքներից, որոնք ընձեռում են այդ պաշտոններին: Եվ հասարակության մեջ այս խնդիրը մղված է երկրորդ պլան: Համոզված եմ, որ նաեւ նման ժողովներն ունեն այդ խնդիրը` ստեղծել համապատասխան տրամադրություն հասարակության մեջ` բացահայտելու իրական երեւույթները եւ հասարակությանը ներկայացնելու դրանց հետեւանքները: Այդ տեսակետից, իհարկե, հասարակական կազմակերպությունները կարող են օժանդակել կառավարությանը: Այստեղ էլ ուզում եմ ձեզ հետ անկեղծորեն կիսվել, որ ցավոք երբեմն ես նկատում եմ, որ նույնիսկ հասարակական կազմակերպությունները զերծ չեն մնում գայթակղությունից եւ հայտարարելով, որ նրանք կոչված են պայքարելու կոռուպցիայի դեմ, հանդես են գալիս հիմնականում քաղաքական հայտարարություններով, հայտնվելով քաղաքական դաշտում: Դա ինձ համար հասկանալի է այն պարզ պատճառով, որ մեր հասարակությանը ավելի շատ հետաքրքրում են քաղաքական իրադարձությունները, քաղաքական ինտրիգները եւ այդ հարթության մեջ աշխատելով այդ կազմակերպությունները կարողանում են իրենց համար հայտնաբերել աուդիտորիա: Բայց հետագայում դա դառնում է հիվանդություն եւ կառավարության հետ համագործակցելու փոխարեն նրանք հայտնվում են քաղաքական դաշտում եւ մենք մշտապես տեսնում ենք քաղաքական գնահատականներ կառավարության գործունեության վերաբերյալ, որի պակաս այսօր չկա, փառք Աստծո, ինչն է շատ այսօր մեր հանրապետությունում, դրանք քաղաքական գնահատականներն են ե°ւ պառլամենտում, ե°ւ պառլամենտից դուրս, ե°ւ քաղաքական կուսակցությունների բազմազանությունը, ե°ւ տարբեր ընդդիմադիր դաշտերը զբաղեցնող ուժերը այդ քննադատությունը հնչեցնում են: Բայց համաձայնեք, որ դա բավարար չէ առողջ հասարակություն կառուցելու համար, անհրաժեշտ են նաեւ հասարակական կազմակերպություններ, որոնք եթե հռչակում են իրենց նպատակը` պայքարել կոռուպցիայի դեմ, ապա պետք է հետեւողական լինեն եւ չքաղաքականացնեն իրենց գործունությունը, հակառակ դեպքում այդ դաշտը մնում է բաց, իսկ այդտեղ մենք անելիքներ ունենք: Մասնավորապես, ես ուզում եմ նշել հակակոռուպցիոն հանձնաժողովը, որ ղեկավարում է վարչապետը եւ այդ հակակոռուպցիոն հանձնաժողովը ունի մի չափազանց կարեւոր ինստիտուտ, դա մոնիտորինգի ինստիտուտն է, որի աշխատանքներին մենք ծրագրում ենք մասնակցելու նաեւ հասարակական կազմակերպությունները, բացի քաղաքական ուժերից, որոնք ներկայացված են ԱԺ-ում, բացի ընդդիմադիր քաղաքական ուժերից, մենք հրավիրում են նաեւ մասնակցելու հասարակական կազմակերպություններին, որոնք հենց կոչված են պայքարելու կոռուպցիոն երեւույթների դեմ: Մոնիտորինգի ինստիտուտի կարեւորությունը կառավարությունը զգում է եւ դա անհրաժեշտություն է, որպեսզի հակակոռուպցիոն ծրագիրը, որ մենք մշակել ենք միջազգային կազմակերպությունների հետ, ներկայացնի ոչ միայն կառավարությունը կամ կառավարության անդամները, այլ հենց իրենք` հասարակական կազմակերպությունները: Մեզ համար չափազանց կարեւոր է, որ այդ փաստաթղթի սեփականատերը լինենք ոչ միայն մենք, այլ նաեւ հասարակական կազմակերպությունները, որովհետեւ նրանք մասնակցել են այդ փաստաթղթի մշակմանը, նրանց բոլոր առաջարկություններն ու դիտողությունները ներառված են այդ փաստաթղթի մեջ: Մենք վերջին խորհրդի նիստի ժամանակ հակակոռուպցիոն եւս մեկ անգամ կոչով դիմեցինք նրանց, եթե այս փաստաթղթի վերաբերյալ կան ինչ-որ դիտողություններ, մտավախություններ, ներկայացրեք ձեր առաջարկները: Միջազգային փորձագետների կարծիքով այդ փաստաթուղթը համապատասխանում է լավագույն ստանդարտներին եւ իր մեջ, ըստ էության, ներառում է բոլոր ոլորտները, որտեղ անհրաժեշտ է, որ մենք իրականացնենք ինստիտուցիոնալ բարեփոխումներ եւ ուղղություններն էլ ճիշտ են նշված: Կա մտավախություն Եվրոմիության փորձագետների կողմից, որը ես կիսում եմ, որ այդ փաստաթուղթը չափազանց մեծ եւ ծանր փաստաթուղթ է եւ անհրաժեշտ է, որպեսզի այդ փաստաթղթից մենք դուրս բերենք մի քանի կարեւորագույն թիրախ, այն առանցքային խնդիրները, որոնք հնարավորություն կտան լուրջ, արմատական փոփոխություններ իրականացնելով ցույց տալ հասարակությանը, որ մենք այդ ոլորտներում ձեզ հետ միասին կարող ենք ապահովել հաջողություն: Ես կարծում եմ, որ հակակոռուպցիոն հանձնաժողովը, լսելով այս խորհուրդները, նմանատիպ փաստաթուղթ կներկայացնի հանրության դատին:
Ավարտելով ելույթս, ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին այս մեր ժողովի, որն իրականացվում է Միացյալ Ազգերի Կազմակերպության խորհուրդով, նրա հովանու ներքո աշխարհի գրեթե բոլոր պետություններում եւ եւս մեկ անգամ մեզ բոլորիս մաղթում եմ հաջող աշխատանքներ գիտաժողովի ընթացքում:
Շնորհակալություն: