ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Խորհրդակցության շրջանակներում Սերժ Սարգսյանը նշել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է բարձրացնեն հանրության վստահությունը համակարգի նկատմամբ: «Ցավոք, պետք է նշեմ, որ արդյունքներն այսօրվա դրությամբ գոհացուցիչ չեն, և մենք չենք կարող արձանագրել լուրջ փոփոխություններ այս ոլորտում: Ընդ որում, այսպիսի գնահատական տալու համար հիմք են հանդիսացել ոչ միայն ձեր հաշվետվությունները, այլ նաև իմ հանձնարարականով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Նախագահի խոսքով, օրինակ, քրեական արդարադատության բնագավառում շատ հաճախ կարելի է հանդիպել ուղղակի ապօրինի որոշումների: Ընդ որում, նման երևույթների պատճառներն ավելի խորն են, քան միայն կոնկրետ խախտում թույլ տված պաշտոնատար անձի անբարեխղճությունը կամ անփութությունը: Առկա թերություններն ու խախտումներն ամբողջը միասին ուղղակի վարկաբեկում են քրեական արդարադատության բուն էությունը:
«Կան երևույթներ, որոնք խնդիրը դարձնում են համակարգային: Այստեղ է, որ մենք մտածելու շատ բան ունենք և եկող ժամանակաշրջանում լրջորեն պետք է զբաղվենք դրանցով: Այս առումով, կցանկանայի նաև լսել, թե Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների քառամյա ծրագիրն ինչպիսի՞ գործուն միջոցներ է նախատեսում ապագայում նման երևույթները կանխելու կամ դրանք բացառելու համար»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը կարևորել է ապօրինի որոշումների վերանայումը` վերականգնելով անձանց խախտված իրավունքները:
Խորհրդակցության արդյունքում Նախագահն առաջարկել է անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչների, դատախազների, դատավորների նկատմամբ նախաձեռնել ծառայողական քննություն` նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, իսկ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում` համապատասխան նյութերն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Սերժ Սարգսյանն ընդգծել է վարույթների իրականացման հարցում համապատասխան անձանց նկատմամբ միասնական և ոչ խտրական մոտեցման ապահովման կարևորությունը:
Հանրապետության ղեկավարն առաջարկել է դատաիրավական բարեփոխումների ծրագրի նախագծի կապակցությամբ նախաձեռնել խորհրդարանական լսումներ` նկատի առնելով ծրագրի կարևորությունը: