ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԷՄԳ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 19-ին, ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին:
Ողջունելով հյուրին՝ Նախագահն ընդգծել է, որ ատոմային էներգիան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, և մեր երկիրը մեծապես կարևորում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը՝ այն համարելով Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության կարևոր բաղկացուցիչ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը նշել է, որ ԱԷՄԳ-ն և Հայաստանը ունեն միասնական նպատակ՝ դա գործող կայանի անվտանգության միջոցառումների շարունակական ամրապնդումն է և նոր կայանի կառուցման շուրջ սերտ համագործակցությունը: