
Սերգո Կարապետյանը հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ղեկավարած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է նրանց այցը՝ կարևորելով պարբերական շփումների ու խորհրդակցությունների կազմակերպումը: Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել համագործակցության առկա մակարդակից՝ բարձր գնահատելով նախարար Սերգո Կարապետյանի ներդրումն Արցախի գյուղատնտեսության զարգացման գործում:
Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորություններն անասնապահության, գյուղտեխնիկայի սպասարկման և մի շարք այլ ոլորտներում: Նրանք մտքեր են փոխանակել երկու հանրապետությունների սննդի անվտանգության բնագավառում առկա հիմնախնդիրների շուրջ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հատկապես մսամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրագործվող համատեղ քայլերի վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: