Մայրաքաղաքի ավելի քան 90 դպրոցների տրամադրվել է շուրջ 115 համակարգիչ
Երևանի քաղաքապետարանի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերի շրջանակում հիմնադրամի կողմից Երևանի քաղաքապետարանի ենթակայության ավելի քան 90 դպրոցների տրամադրվել է շուրջ 115 համակարգիչ: Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կրթօջախների տնօրեններին համակարգիչների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը:
Կրթօջախների համակազմի անունից շնորհակալություն հայտնելով հիմնադրամին՝ դպրոցները համակարգիչներով ապահովելու շարունակական նախաձեռնության համար, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ դպրոցներում մասնագիտացված դասարանների ձևավորման ու վերազինման, ինչպես նաև համակարգիչներով կահավորման արդյունքում զգալիորեն բարձրանում է կրթության որակը:
««Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ Երևանի քաղաքապետարանն ունի արդյունավետ համագործակցություն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Եվ այդ համագործակցությունն այսօր ակնհայտ է նաև մայրաքաղաքի բնակիչների համար, ինչը հպարտությամբ ենք արձանագրում: Այդ համագործակցության շրջանակում արդյունքները տեսանելի են նաև հանրակրթության ոլորտում, և այսօր հերթական բարեգործությունն է՝ ուղղված հանրակրթական դպրոցներին, որը մեծ ոգևորություն առաջացրեց կրթօջախներում, հատկապես՝ աշակերտների շրջանում»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը:
«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ հիմնադրամը շարունակելու է համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ:
«Ոչ մի հասարակություն առանց կիրթ սերունդ ունենալու ապագա չի կարող ունենալ: Ու մենք՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներով, մեր առջև նպատակ ենք դրել հնարավորին օգնել ու օժանդակել մատաղ և երիտասարդ սերունդների կրթմանը: Եվ սա լինելու է շարունակական»,- ընդգծել է Լևոն Սարգսյանը: