Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Սերժ Սարգսյան․ կա Գերագույն գլխավոր հրամանատար, ուղղակի այդ Գերագույն գլխավոր հրամանատարը կոլեգիալ մարմին է
03/12/2015 13:43
Կիսվել

Սերժ Սարգսյան․ կա Գերագույն գլխավոր հրամանատար, ուղղակի այդ Գերագույն գլխավոր հրամանատարը կոլեգիալ մարմին է

Ներկայացնում ենք հատված Նախագահ Սերժ Սարգսյանի և հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հանդիպումից․

Նվեր Մնացականյան, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն – Պարո՛ն Նախագահ, իմ հարցը նույնպես բխում է քիչ առաջ Ձեր նշած անվտանգության վտանգներից: Հարցս թերևս գլխավորի՝ անվտանգության մասին է: Հայտնի է, որ սահմանադրության փոփոխության նոր նախագծով խաղաղ ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատար չկա, այդ գործառույթը վերապահվում է կոլեգիալ մարմնի՝ տվյալ դեպքում կառավարությանը: Ի դեպ, այս հարցը, այս դրույթը քարոզարշավի ընթացքում ամենաշատ քննարկվածն ու քննադատվածն է՝ ինձ մոտ էլ է հարց առաջացել: Արդյո՞ք Գերագույն գլխավոր հրամանատար չունենալը խաղաղ ժամանակ խնդիրներ, ռիսկեր և վտանգներ չի առաջացնում:

Սերժ Սարգսյան – Նվեր, նախ պետք է ասեմ, որ դու քո հարցում, ասացիր, որ կա Գերագույն գլխավոր հրամանատար, ուղղակի այդ Գերագույն գլխավոր հրամանատարը կոլեգիալ մարմին է, կոլեկտիվ մարմին է: Անշուշտ, «ոչ»-ի քարոզիչները, կախված լսարանից, փորձում են բերել, այսպես, կաղապարներ, որոնք, միգուցե, հաճո են պարզ մարդկանց ականջներին: Եվ իհարկե, երբ գնում են սահմանամերձ շրջան և ասում՝ խաղաղ ժամանակներում մեր երկիրը չի ունենալու Գերագույն գլխավոր հրամանատար, մարդիկ, երևի, տարակուսում են:

Բայց պատասխանատու հայտարարում եմ, որ խորհրդարանական համակարգում, այսինքն` առաջարկվելիք համակարգում Գերագույն գլխավոր հրամանատարի բացակայությունը երկար մտորումների և գիտակցված մոտեցման արդյունք է: Տեսեք՝ եթե բարեփոխումներն անցնեն, ամբողջ գործադիր իշխանությունը կենտրոնանալու է կառավարությունում, ամբողջը, և այս պարագայում, Վարչապետին օժտել նաև Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթներով, կարծում եմ, ևս իր մեջ վտանգ է պարունակում խաղաղ պայմանների համար: Ինչու՞, որովհետև երբ ասում ես Գերագույն գլխավոր հրամանատար, ապա ենթադրում ես Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից զորքի կիրառման անվերապահ մոտեցում: Իսկ խաղաղ պայմաններում զորքը որտե՞ղ կարող է կիրառվել: Չեմ ուզում շատ մանրացնեմ ասելիքս, բայց ունենալով այդքան լիազորություններ և ունենալ նաև խաղաղ պայմաններում զորք կիրառելու լիազորություն՝ շատ վտանգավոր դրույթ է: Ես, օրինակ, կամ իմ նախորդները, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, հիմնականում պրակտիկայում ինչո՞վ ենք զբաղվում. ամեն առավոտ պաշտպանության նախարարը զեկուցում է իրավիճակի մասին և բնական է՝ ստանում համապատասխան ցուցումներ: Կարող է օր լինի՝ 4 անգամ զեկուցի, և նա պարտավոր է դա անել: Բացի դրանից, ամեն շաբաթ պաշտպանության նախարարը կոնկրետ ժամի գալիս է և ընդարձակ զեկույց է ներկայացնում՝ կապված զինված ուժերի մարտունակության, ապահովության, տարբեր-տարբեր խնդիրների հետ, կադրային քաղաքականության և այլն ու այդ խնդիրների մասով լուծումներ է ստանում: Նախագահին կից գործում է Զինվորական տեսչությունը, որը պարբերաբար պլանային կամ արտահերթ ստուգումներ է անցկացնում զորքերում՝ նպատակ ունենալով պարզելու զորքերի մարտունակության աստիճանը: Այդ տեսչությունը կարո՞ղ է լինել կառավարությանը կից: Կարող է, չէ՞: Ու բացի դրանից, ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, պարբերաբար, տարվա մեջ տարբեր առիթներով, մի քանի անգամ լինում եմ զորամասերում, զորքերում, շփվում եմ հրամանատարական կազմի հետ, զինվորների հետ, զգում եմ, անձամբ զգում եմ բարոյահոգեբանական մթնոլորտը: Այս գործառույթներից ո՞րը չի կարողանալու անել խաղաղ ժամանակներում Վարչապետը: Պաշտպանության նախարարը կառավարության անդամ է, այսինքն` պաշտպանության նախարարը կարող է ասել՝ ես ամեն առավոտյան չե՞մ զեկուցելու: Ուրեմն, հաջորդ իսկ պահին կառավարությունում չի լինի: Գերագույն գլխավոր հրամանատարը, նորից եմ ասում, նրա համար է, որպեսզի խաղաղ ժամանակներում ապահովի զորքի մարտունակությունը, իսկ պատերազմական իրավիճակներում մոբիլիզացնի ողջ ռեսուրսները ռազմաքաղաքական խնդիր լուծելու համար: Եվ եթե բոլոր ռեսուրսները կառավարության տրամադրության տակ են, ո՞վ կարող է ավելի լավ ապահովել այդ գործառույթը՝ մարդ, ով սահմանադրությամբ պետք է համակարգի՞ պետական մարմինների գործունեությունը, թե՞ մարդ, ով պետք է ղեկավարի պետական մարմինների գործունեությունը: Ես կարծում եմ, որ հենց այս պատճառով նաև որպեսզի պատասխանատվությունն ու իրավունքը լինեն մեկ տեղ, այս փոփոխությունները կատարում ենք:

Ես անկեղծորեն եմ ասում, եթե մեր երկրում գործեր մաքուր նախագահական համակարգ, միգուցե ես չգնայի այս բարեփոխումներին, միգուցե չգնայի, որովհետև խորհրդարանական համակարգն ունի իր առավելությունները, նախագահական համակարգն ունի իր առավելությունները: Եվ, օրինակ, պատերազմական իրավիճակում նախագահական համակարգը շատ նորմալ է, որևէ վտանգ իր մեջ չի ներառում, բայց չի կարելի ասել, որ պատերազմական իրավիճակում խորհրդարանական համակարգը կենսունակ չէ: Այս կիսանախագահական համակարգն է, որ կենսունակ չէ: Իսրայելը խորհրդարանական համակարգ ունի, այսինքն` Իսրայելում խորհրդարանական կառավարում է: Իսրայելը վտանգներ չունի՞: Շատ ավելի մոտ օրինակ բերեմ: Ի՞նչ եք կարծում, Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ կառավարման ի՞նչ համակարգ էր: Իհա՛րկե խորհրդարանական: Բայց նորից եմ ասում, ռազմական իրավիճակներում Վարչապետը դառնում է Գերագույն գլխավոր հրամանատար և, ունենալով խորհրդարանի սատարումը, կարող է շատ համարձակ լինել իր որոշումների կայացման մեջ, վստահ լինել: Կառավարման խորհրդարանական համակարգի ժամանակ ենթադրվում է, որ, ապրիորի, Վարչապետն ունի խորհրդարանի մեծամասնության սատարումը, իսկ ապրիորի չի ենթադրվում, որ Հանրապետության Նախագահը խորհրդարանում ունի մեծամասնություն: Ի՞նչ հարց էիք ուզում դարձյալ տալ:

Նվեր Մնացականյան, – «Ոչ»-ի ճակատի առարկությունների թվում է նաև այն, որ մի քիչ շատ լիազորություններ են այս դեպքում Վարչապետի ձեռքին կուտակվում:

Սերժ Սարգսյան – Ի՞նչ է նշանակում՝ մի քիչ շատ: Ընդհանրապես, շատ ու քիչը, իմ խորին համոզմամբ, հարաբերական են: Եթե պատասխանատվությունը շատ է, ինչու՞ լիազորությունները քիչ պետք է լինեն: Ես այստեղ անդրադառնամ նաև մի շրջանառվող կարծիքի, թե՝ շատ հարմար պահ է: Գիտե՞ք, բնական է, որ ես վերջին ժամանակներում գրեթե որևէ հեռուստաալիքով տրվող լուրերը բաց չեմ թողնում, և որքան էլ շատ դեպքերում անպտուղ լինի այդ ժամանակը, բայց միևնույնն է, նայում եմ և տեսնում, որ շատ-շատերը խոսում են այդ մասին, ասում են՝ ո՞վ կհավատա, որ այս փոփոխություններն անում եմ, որպեսզի ընդդիմության լիազորություններն ավելանան: Մենք ոչ թե փոփոխություններն անում ենք՝ նպատակ ունենալով լայնացնել ընդդիմության լիազորությունները, այլ պարտադրված ենք դա անել՝ հավասարակշռելու նպատակով, որովհետև մի կողմից գոյություն ունի ուժեղ գործադիր մարմին, մյուս կողմից անհրաժեշտ լիազորություններով օժտված ընդդիմություն, որպեսզի հակակշռի, որպեսզի հավասարակշռի: Սա՛ է. ուրիշ հակակշռելու մեխանիզմ չկա: Սա՛ է այդ մեխանիզմը: Եթե ուրիշները գիտեն այլ մեխանիզմներ՝ խնդրեմ, թող ասեն՝ օգտագործենք, բայց մեխանիզմը սա է: Ու երբ ասում են՝ այդ երբվանի՞ց սկսեցին ընդդիմության մասին հոգ տանել, անկեղծորեն եմ ասում, իմ խորին համոզմամբ, իշխանության խնդիրը չէ՝ հոգ տանել ընդդիմության մասին, բայց իշխանության խնդիրն է, որպեսզի ընդդիմությունը բնականոն գործի և լինի հակակշռող գործոն:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98