Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ
12/02/2016 21:07
Կիսվել

Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Նախագահի նստավայրում հյուրընկալել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ,

Դեկտեմբերի 6-ից հետո մենք ամենատարբեր ձևաչափերով բազմիցս խոսել ենք Սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչելու գործընթացի ուղղությունների, ժամանակացույցի և անհրաժեշտ հետևողականության մասին: Կարծում եմ՝ արդեն կարող ենք բարձրաձայնել, որ մեր երկրում ողջ թափով սկսվել է նոր քաղաքական համակարգի ձևավորման, նոր քաղաքական մշակույթի արմատավորման գործընթացը:

Վստահ եմ, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա առավել բաց, ճկուն և ներքուստ բարդ: Այն կհամապատասխանի մեր հասարակության դինամիկ և բազմակողմանի զարգացող սոցիալական կառուցվածքին: Կարձագանքի ազատ, ապահովված, քննադատական մտածելակերպ ունեցող մարդկանց քաղաքական մշակույթին: Ինչպես շատ ժողովրդավարական պետություններում, քաղաքական պայքարի առաջնորդողները կլինեն կուսակցությունները: Կուսակցությունները և նրանց կոալիցիաները կկազմեն գործադիր մարմիններ, կառաջարկեն թեկնածություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնների համար: Նրանք կունենան քաղաքական մրցակցության տևական փորձ, պատասխանատու և իմաստալից փոխներգործություն ընտրողների հետ, միջկուսակցական համագործակցություն և սուր սոցիալական խնդիրների համար փոխզիջումային լուծումների տարբերակների որոնման գործելաոճ:

Քաղաքական համակարգը կբարեփոխվի և կբարելավվի քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ՝ պայմանով, որ լինի միջկուսակցական կոնսենսուս արտաքին քաղաքականության ռազմավարական սկզբունքների, սոցիալական կայունության, ազգային անվտանգության, սահմանադրական համակարգի հիմնարար դրույթների և ինքնիշխանության պահպանման, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինքնակազմակերպման և ինքնակառավարման բոլոր ձևերի գոյության շուրջ: Նման կոնսենսուս գոյություն ունի գրեթե բոլոր ժամանակակից ժողովրդավարական երկրներում:

Սահմանադրական փոփոխությունների իրականացման այս փուլում կարևոր եմ համարում ապագայի մասին մեր պատկերացումները ևս մեկ անգամ բարձրաձայնելը: Եվս մեկ անգամ հնչեցնենք մեր գաղափարները: Նորից հարցնենք ինքներս մեզ, թե ինչպե՞ս ենք տնօրինելու մեր պետության, մեր ժողովրդի ժառանգությունը: Ինչպե՞ս ենք պահպանելու ու բազմապատկելու այն: Ինչպիսի՞ն ենք ուզում լինի Հայաստանը վաղը, տասը կամ քսան տարի հետո: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի տեղն ու դերը աշխարհում, ինչպիսի՞ն կլինի Հայաստանը մեր զավակների, սերունդների համար: Միգուցե նորություն ասած չեմ լինի, միգուցե կրկնվեմ, բայց հատկապես այս փուլում մեկ անգամ ևս ամրագրելը պարտադիր եմ համարում, որպեսզի վաղը, մյուս օրը տարբեր մեկնաբանություններ չլինեն:

Վստահ եմ, որ բոլորն են այսօր մտածում՝ ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որ վաղվա օրն այսօրվանից լավը լինի, որ կյանքը բարելավվի, որ մեր երկիրը դառնա ավելի կազմակերպված, ավելի կայուն, ավելի գրավիչ թե՛ մեր հայրենակիցների, թե՛ օտարազգիների համար: Ինչպե՞ս անել, որ որակյալ կրթությունն ու առողջապահությունը հասու լինեն բոլորին: Ինչպե՞ս անել, որ հայրենասիրությունը երբեք սոսկ խոսք չլինի, ինչպե՞ս անել, որ հայրենիքի հզորացումը յուրաքանչյուրի երջանկության գրավականը լինի:

Մեզ չպիտի գոհացնի այն վիճակը, որ այսօր կա Հայաստանում: Մենք պետք է մատնացույց անենք գրեթե բոլոր ոլորտներում քայլ առ քայլ ձեռք բերվող հաջողությունները, բայց միշտ պետք է չբավարարվենք դրանցով: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողները իրենց երջանիկ կզգան ու չեն մտածի այն լքելու մասին: Այնպիսի Հայաստան, որը դեպի իրեն կձգի օտարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, ու նրանք հպարտությամբ բոլոր պատեհ առիթներով այլոց մոտ կարտաբերեն «Հայաստան» անունը: Արտաքին քաղաքական մարտահրավերները ևս հարկադրում են մեզ օր առաջ մտնել մեծ վերելքի ուղի: Մեր բոլորի ջանքերը պետք է ուղղել այս խնդրի լուծմանը, մեր բոլորի միտքն ու գիտելիքներն է պետք ծառայեցնել դրան:

Մենք պարտավոր ենք հասնել սոցիալական համերաշխության երկրի ներսում: Սոցիալական խնդիրները սերտորեն կապված են արդարության հետ, և մենք պարտավոր ենք էապես բարձրացնել հասարակական հարաբերություններում արդարության հաստատման գործընթացի տեմպը:

Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի հասարակական միջավայր, որտեղ չեն լինի արտոնյալներ, այլ կլինի միասնական ժողովուրդ՝ կարգապահ, օրենքները հարգող, խաղաղություն սիրող, հպարտ: Էլի՞ ենք խոսել այս մասին: Իհարկե, խոսել ենք բազմիցս: Ու դեռ շատ ենք խոսելու: Մեզ հաջորդողներն էլ են խոսելու այս մասին, նրանց հաջորդողներն էլ: Սա չի նշանակում, որ առաջընթաց չկա, իհարկե՛ կա, արդար աչքը շատ բան կտեսնի, բայց կրկնում եմ՝ նոր արագություն է պետք հաղորդել այս ուղիով մեր ընթացքին:

Մենք չպիտի բավարարվենք միայն Հայաստանի ներքին խնդիրների կարգավորմամբ: Աշխարհաքաղաքական փոփոխությունները մեզ հարկադրում են միավորել աշխարհասփյուռ ողջ հայությանը՝ ապահովելու համար մեր ժողովրդի անվտանգ գոյությունը և տեղն աշխարհում: Այդ տեսանկյունից ուղղակի անհրաժեշտություն է, որ Հայաստանը լինի բոլոր առումներով կարգավորված պետություն և հանդիսանա միացյալ հայությանը դեպի իրեն ձգող, գրավիչ, հույսեր ներշնչող օրրան:

Մենք երկու գլխավոր արժեք ունենք՝ հայ ժողովուրդը և Հայաստանը: Դրանք պիտի վեր լինեն մեր բոլոր մյուս արժեքներից: Եվ մեր բոլոր քայլերը, որոշումներն ու վարքն ամբողջությամբ պիտի բխեն այս երկու արժեքներից: Սա՛ են պահանջում Հայաստանի շահը և ապագան: Սա՛ են պատգամել մեր նախնիները: Ու մեզնից յուրաքանչյուրի վարքը չափվում է հենց այս արժեքներով. եթե որևէ արարք կհզորացնի մեր երկիրը, կոգևորի մեր ժողովրդին, արժանի է դրվատանքի, հակառակը՝ պարսավանքի:

Տարածաշրջանի իրավիճակը հաշվի առնելով՝ մենք ուղղակի հարկադրված ենք ունենալ ուժեղ, ոտքի վրա ամուր կանգնել կարողացող, իր ուժերին վստահ պետություն, որտեղ բոլորը, եթե կարիքը լինի, պատրաստ լինեն դառնալ հայրենիքի զինվոր:

Սահմանադրական փոփոխությունները հերթական՝ այս կամ այն կառույցի կողմից պարտադրված կամ որևէ կառույցի անդամագրվելով պայմանավորված կամ էլ ինչ-որ մասնավոր հարցեր լուծելուն միտված փոփոխություններ չեն: Դրանք մեր առջև ծառացած մարտահրավերներ են, մեր քաղաքական կյանքը, մեր իրականության խնդիրները հաշվի առնող ու դրանց հաղթահարելուն ուղղված միջոց են:

Ես համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում Սահմանադրությունը դառնալու է ազգային համաձայնության փաստաթուղթ:

Անհավասարություն, անարդարություն, անպատժելիություն, հիասթափված ժողովուրդ, աղքատություն, արտագաղթ՝ սրանք ցանկացած պետության, այդ թվում Հայաստանի Հանրապետության համար մարտահրավերներ են:

Մեր երկրին պետք են ոչ թե այս կամ այն ծրագրի չկայանալը հիմնավորող պաշտոնյաններ, այլ՝ ամեն գնով այդ ծրագրերն իրականացնող չինովնիկներ:

Մեզ պետք է ցանկացած հանրային նշանակության հարց սեփական բարօրությունից հարյուր անգամ բարձր գնահատող հանրային ծառայող:

Անել այն, ինչ կարողանում ենք, անել այնքան, որքան կարողանում ենք՝ սա որևէ հանրային ծառայողի համար չի կարող արդարացում լինել: Հանրային ծառայությունում պետք է ընդգրկվեն մարդիկ, ովքեր ունակ են անելու այն, ինչն անհրաժեշտ է:

Գաղտնիք չէ, որ այսօր ունենք մի միջավայր, երբ համայնքի ղեկավարից սկսած մինչև բարձրաստիճան պաշտոնյա չկատարած աշխատանքի համար մեղքը բարդում են վերադասի վրա: Իշխանության բոլոր ճյուղերում էլ շատ մեծ տարածում ունեն «արդեն համաձայնեցված է», «արդեն որոշված է» արտահայտությունները: Ակնհայտ է, որ ակնարկն ուղղվում է մինչև իշխանության ամենաբարձր օղակ: Սրանով իրենց կարծիքով երկու կարևոր խնդիր է լուծվում.

1. հարցի լայն քննարկման սահմանափակում, այլընտրանքային գաղափարների մերժում և, հաճախ, անձնապես ձեռնտու տարբերակների անցկացում՝ սեփական անպարկեշտությունը ուրիշներին վերագրելով,

2. պատասխանատվության փոխանցում դեպի «վերին օղակ»՝ զերծ մնալով հնարավոր սխալների դեպքում քննադատության թիրախ դառնալուց:

Երկու հստակ դիտարկում ունեմ այս առիթով, որ ուզում եմ բոլորը լավ հիշեն.

1. նախ «վերևում» պատասխանատվությունից խուսափող և քննադատությունից վախեցող չկա,

2. հրապարակային քննադատության առարկա չհանդիսացող պաշտոնյան բոլոր առումներով իր տեղում չէ ու այդպիսին էլ դիտարկվելու է: Ի վերջո ու՞մ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է և ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց:

Մեր խնդիրների լուծումը մեզնից դուրս չպետք է փնտրել: Այո՛, մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք տերը մեր խնդիրների, և մենք ենք լուծողը այդ խնդիրների:

Մեզնից յուրաքանչյուրը, ինչպիսին որ ուզում է տեսնել իր շրջապատը, իր ընտանիքը, իր ընկերներին, իր հասարակությունն ու պետությունը, առաջին հերթին ինքն է պարտավոր այդպիսին լինել:

Թերահավատությամբ տոգորված մարդիկ տեղ չունեն իշխանության մեջ:

Իրենց ուժերի նկատմամբ վստահություն չունեցող մարդիկ տեղ չունեն իշխանության մեջ:

Գործը թողած և ուրիշների մասին անընդհատ պատերի տակ խոսացող մարդիկ տեղ չունեն մեր իշխանության մեջ:

Մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքից ու պահվածքից է կախված հավատը դեպի սեփական պետությունը:

Մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը կայանա որպես երկիր ու հասարակություն, որտեղ.

– Իշխանությունը թափանցիկ է և ամբողջովին վստահելի, որի նպատակը երկրի քաղաքացիների ու արտերկրում գտնվող հայորդիների ներկա և ապագա բարեկեցությունն է, որի անդամները հավասարապես հաշվետու են օրենքի առջև այնպես, ինչպես ցանկացած քաղաքացի, և որի անդամները չեն ղեկավարվում անձնական շահերով,

– Արդարադատության համակարգը զերծ է ազդեցություններից, արդար է և անկաշառ։ Օրենսդիրը բանիմաց է և հարգված։ Պետական ծառայությունն ամենահարգի աշխատանքային ձևն է, որովհետև այն հնարավորություն է ընձեռում հայրենիքին ու ժողովրդին ծառայելու և պահանջում է բարձրագույն մասնագիտական որակ,

– Հասարակությունն ունի բարձր կենսամակարդակ, բարեկիրթ է, հանդուրժող, մարդասեր։ Տնտեսությունը դինամիկ զարգացման ուղու վրա է՝ հենված ողջ ազգի մարդկային կապիտալի վրա: Այն զարգացման հավասար հնարավորություն է ընձեռում բոլորին, թույլ չի տալիս անարդար մրցակցություն, վերաբաշխում է ռեսուրսները հարկային ազնիվ ու արդյունավետ քաղաքականության միջոցով,

– Շրջակա միջավայրն ու բնական պաշարների պատասխանատու կառավարումը հույժ կարևոր են պետության գոյատևման և առաջնային՝ ապագա սերունդների բարեկեցության համար,

– Մարդու իրավունքները ձևավորված ամուր արժեքային համակարգ են։ Հայաստանի քաղաքացիները՝ հայերը, եզդիները, հույները, քրդերը, ռուսները և մյուսները, լիարժեք ինքնադրսևորվում են,

– Զինված ուժերն ամենազորեղն են տարածաշրջանում իրենց ոգով, նվիրումով, ժամանակակից սպառազինությամբ և կյանք, պատմություն, մշակույթ պահպանելու նպատակային կարևորությամբ,

– Սփյուռքն ու Հայաստանը կազմում են մեկ ընդհանրություն՝ ազգ։ Սփյուռքի իրավունքը Հայաստանում ճանաչված է ու խրախուսելի, նրա ներուժն ամբողջությամբ ներառված է:

Նորացված Սահմանադրությունը նոր շունչ է նոր սկզբի համար. մենք ինքներս մեզ համար եզակի հնարավորություն ենք ստեղծել նոր թափ հաղորդելու զարգացմանը և շտկելու թերացումները: Ու սա վերաբերում է բոլորիս՝ թե՛ երկրի Նախագահին, թե՛ շարքային քաղաքացուն:

Պետք է վերացնենք այն համոզմունքը, որ բոլոր խնդիրները պետք է լուծի պետությունը կամ որևէ մեկը, բայց ոչ մեզնից յուրաքանչյուրը: Ինքներս մեզ կերտելու, քայլ առ քայլ հաջողությունների հասնելու ցանկությունը ամենատարածվածը չէ մեզանում: Այս ամենի հետևանքն են՝ նախաձեռնության բացակայությունը, նոր գաղափարների պակասը, հանրային բանավեճի, այդ թվում քննադատական ելույթների ցածր որակը: Հանրային համաձայնությունը, աջակցությունը սովորաբար արտահայտվում են լռությամբ: Առարկությունները շատ հաճախ զգացմունքային են, խայթող, բայց միաժամանակ մակերեսային և պատասխան չենթադրող:

Մեր ժողովրդին բնորոշ են ռազմական խիզախությունը, հավատարմությունը, հյուրընկալությունն ու բարությունը: Իսկ կաշառակերությունը, գողությունը, մտավոր և հոգևոր ծուլությունը ժամանակի ընթացքում ներմուծած արատներ են, որոնցից հետևողականորեն պետք է ազատվել: Ասել եմ և էլի եմ ասում՝ բարեկեցության աղբյուրը աշխատանքն է:

Մենք իսկապես ապրում ենք յուրահատուկ ժամանակաշրջանում: Ունենք հնարավորություն կառուցելու նոր, ազատ և ուժեղ Հայաստան: Սահմանադրության փոփոխություններն իսկապես տալիս են այդ հնարավորությունը, և դա մենք պետք է օգտագործենք լիարժեքորեն:

Պետք է հիասթափեցնեմ անընդհատ հեղափոխություն անելու կողմնակիցներին: Մենք չենք շտապելու: Քաղաքական ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելիս շտապողականությունը և անխոհեմությունը երբեք լավ ավարտի չեն հանգեցրել: Միևնույն ժամանակ կհիասթափեցնեմ նաև նրանց, ովքեր գոհ են ստատուս քվոյից: Էական փոփոխությունները շարունակվելու են: Դրանք կլինեն աստիճանաբար, մտածված և փուլ առ փուլ, բայց կայուն և հետևողականորեն իրականացված:

Տաղանդավոր մարդիկ, որոնք ձգտում են ստեղծել նորն ու լավագույնը, այլ մոլորակից չեն գալու: Նրանք մեր կողքին են: Մենք՝ պետությունը, հասարակությունը և ընտանիքը, պետք է սովորենք գտնել, մեծացնել, դաստիարակել և պաշտպանել այդպիսի մարդկանց, ոչ թե շահարկենք երիտասարդ ու շնորհալի կադրերի առաջընթացը:

Քաղաքական մշակույթը չի կարելի վերափոխել առաջատար հասարակությունների քաղաքական սովորությունների պարզ ընդօրինակման շնորհիվ: Արդյունավետ դատական համակարգը չի կարելի ներմուծել: Ազատությունը անհնարին է արտագրել գրքից, անգամ, եթե դա շատ խելացի գիրք է: Մենք անպայման կսովորենք ուրիշ ազգերից, կուսումնասիրենք փորձը, կդիտարկենք նրանց հաջողություններն ու անհաջողությունները ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ընթացքում: Բայց ոչ ոք մեր փոխարեն չի ապրի մեր կյանքը: Ոչ ոք մեր տեղը չի դառնա ազատ, հաջողակ և պատասխանատու: Միայն ժողովրդավարության կառուցման մեր սեփական փորձը մեզ իրավունք կտա պնդելու, որ մենք ազատ ենք, հաջողակ և պատասխանատու: Օգնում են մարդկանց, ովքեր ձգտում ունեն, ձգտում չունեցողներին սոսկ ողորմություն են տալիս:

Ինչպես մեր քաղաքացիների հիմնական իրավունքները և ազատությունները, այնպես էլ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունեն: Նախևառաջ՝ պաշտպանություն կոռուպցիայից, որ ծնում է կամայականություն, անազատություն և անարդարություն: Մենք սկսել ենք ձևավորել այդպիսի պաշտպանիչ մեխանիզմ: Դրա կենտրոնական մասը պետք է լինի դատարանը: Մենք պետք է ձևավորենք ժամանակակից արդյունավետ դատարան, որը կգործի նորացված Սահմանադրության համաձայն և կհամապատասխանի ժամանակակից պատկերացումներին: Մենք նաև պետք է ձերբազատվենք օրենքի և դատարանի հանդեպ կասկածամիտ, երբեմն անգամ քամահրական վերաբերմունքից, որ դարձել է մեր տխուր «ավանդույթը»: Անհրաժեշտ է ստեղծել նորմալ աշխատանքային պայմաններ գործող իրավապահ կառույցի համար՝ վճռականորեն ազատվելով խաբեբաներից: Իրավապահ մարմիններում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը պետք է բարձրացնենք որակական նոր մակարդակի: Անհրաժեշտ է վերացնել անօրինական ազդեցությունը դատական ակտերի վրա, ինչպիսի գաղափարներով էլ թելադրված լինի այն: Այստեղ էլ մենք առաջընթաց ունենք, բայց ավարտին հասցնել է պետք գործընթացը: Ի վերջո, դատական համակարգը ինքնուրույն կարող է հասկանալ՝ որն է պետության շահը, և որն է կոռումպացված վարչարարի կամ գործարարի եսասիրական շահը: Անհրաժեշտ է սովորույթի մակարդակի հասցնել հարգանքը քաղաքական մշակույթի հանդեպ, հարգանքը օրինապահության, ուրիշների իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի հանդեպ: Հենց դատարաններն են հասարակական աջակցության շնորհիվ առաջին հերթին կոչված ազատելու երկիրը կոռուպցիայից: Դա, իհարկե, բարդ խնդիր է: Սակայն լուծելի: Այլ երկրներում այս խնդիրը լուծել են:

2012 թվականին ստեղծված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մեր երկրում պատասխանատու, սակայն մարտահրավերներով լի առաքելություն ստանձնեց՝ ապահովելով պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հրապարակայնությունը, ինչպես նաև նրանց գործունեության թափանցիկությունը:

Այս համատեքստում ժամանակավրեպ չի լինի, եթե խոսենք շահերի բախման դեպքերի բացահայտման և կանխարգելման առավել արդյունավետ գործիքների ստեղծման անհրաժեշտության մասին: Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումը, կարծում ենք, նոր լիցք կհաղորդի այս կարևորագույն գործին՝ ապահովելով առաջադրված բարդ խնդիրների լուծման միջոցների համարժեքությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Ավելորդ է ասել, թե ինչպիսի նոր, բազմաշերտ ու փոփոխվող մարտահրավերների առջև է կանգնած այն տարածաշրջանը, որտեղ մեր հայրենիքն է: Բնականաբար, այդ մարտահրավերներն ու սպառնալիքները չեն կարող շրջանցել մեզ: Մեզ ասելով ես նկատի ունեմ և՛ Հայաստանը, և՛ Արցախը, և՛ աշխարհասփյուռ հայությունը: Բայց մեր պատմական փորձից լավ գիտենք, որ ցանկացած մարտահրավեր նաև հնարավորություն է: Հնարավորություն է նորովի բացահայտելու, գնահատելու այն ուժը, որ մենք ունենք, այն ահռելի պոտենցիալը, որ մենք ունենք, ու որը դեռ մնում է ոչ լիարժեք բացահայտված ու իրացված:

Մեկ հայացքն անգամ մեր երեկվա պատմությանն ու մեր լայն հարևանությամբ տեղի ունեցող գործընթացներին բավարար է արձանագրելու այն գինը, որն ունի քաղաքական կայունությունը մեր երկրում, ունի մեր պետականության անվտանգ ընթացքի համար: Երբ ես խոսում եմ քաղաքական կայունության մասին, նկատի չունեմ այդ եզրի կարծրացած ընկալումներն ու մեկնաբանությունները, որ մինչ օրս երբեմն-երբեմն արծարծվում են մեր մամուլում և որպես մտահոգություն բարձրաձայնվում է մեր որոշ քաղաքական ընդդիմախոսների կողմից: Սահմանադրության փոփոխություններն էականորեն ամրացրել են մեր երկրում քաղաքական կայունության երաշխիքները, ամրագրել են պետական իշխանության ձևավորման և դրա իրացման նոր փիլիսոփայությունը, հստակեցրել են քաղաքական իշխանության ու ընդդիմության նոր դերակատարությունը: Բայց այդ ամենը միս ու արյուն պետք է ստանա իրականության մեջ՝ սնվելով մեր գործողություններից ու որոշումներից, քաղաքական ուժերի վերանայված վարքագծից ու նրանց հանրային ընդլայնված պատասխանատվությունից: Մենք այլընտրանք չունենք, քան անցնել այդ ճանապարհով՝ փոխելով մեր իրականությունն ու վերափոխելով մեզ: Մենք պետք է գիտակցենք, որ այս պայմաններում պարտավոր ենք ճկուն լինել և ընդունել որոշումներ, որոնք դեռ երեկ կարող էին թվալ անընդունելի կամ դեռ չհասունացած:

Քաղաքական կայունության ամենանշանակալի երաշխիքը քաղաքական-կուսակցական համակարգի շարունակական կայացումն է, հասարակության վստահության ամրապնդումը հասարակական-քաղաքական հոսանքների, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների հանդեպ: Մեր ընտրած պետական կառավարման խորհրդարանական մոդելը հենց դա էլ պարտադրում է: Վստահ եմ՝ ժամանակի հետ, գուցե մեզ համար էլ աննկատ, երկրում ձևավորվելու է քաղաքական նոր մշակույթ, երբ քաղաքական կուսակցությունների վարքագիծը կլինի զուտ մրցակցային, և անցյալում կմնան երկրի ներսում թշնամիներ փնտրելու արատավոր վարքագիծն ու սեփական հաջողությունը բացառապես այլոց ձախողման մեջ տեսնելու անհեռատես քաղաքական մտայնությունը:

Նույնիսկ ամենալայն աջակցություն ունեցող քաղաքական իշխանությունը պարտավոր է ականջալուր լինել հանրային տրամադրություններին, հասարակության սպասելիքներին՝ առաջնորդվելով հանրային պատվերով: Նույնիսկ ամենաինքնավստահ իշխանությունը չպետք է մերժի համագործակցությունը, ջանքերի մեկտեղումը բոլոր այն միավորների ու անհատների, ովքեր իրենց բաժին մասնակցությունն են ուզում բերել մեր պետականաշինության գործին: Մերժելի է մտածողությունը, թե մենք ավելի շատ ենք սիրում մեր հայրենիքը կամ ավելի հայրենասեր ենք, քան նրանք, ովքեր քաղաքական իշխանության մաս չեն կազմում կամ երբեմն ամենասուր ձևով քննադատում են մեզ: Բոլոր նրանք, բոլոր այն քաղաքական միավորները, ովքեր իրենց սեփական պատկերացումներն ունեն մեր երկրի հետագա ընթացքի, մեր ունեցած խնդիրների հաղթահարման ճանապարհների վերաբերյալ, պետք է հավասար հնարավորություն ունենան հայցելու հասարակության աջակցությունն ու կյանքի կոչելու իրենց ծրագրերը: Այս հարցում Սահմանադրության փոփոխություններով ամենալուրջ երաշխիքներն ապահովված են, և այն զուգորդվելու է մեր հաստատուն քաղաքական կամքի հետ:

Մենք պարտավոր ենք հաջողության հասնել այս երկար ճանապարհին:

Ակնհայտ է, որ այս գաղափարները կենսագործելու համար մեզ անհրաժեշտ է ոչ միայն ունենալ լավ ընտրական օրենսգիրք, այլև անցկացնել առավելագույնս ազատ, արդար ու վստահելի ընտրություններ: Ընտրական նոր համակարգը պետք է պատրաստ լինի տեղայնացնել սահմանադրական ամրագրում ստացած այնպիսի նորարարությունները, ինչպիսիք են լրիվ համամասնական ընտրակարգը, կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը, Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին տեղեր հատկացնելը և այլն:

Խիստ կարևոր է գիտակցել, որ նոր օրենսդրության և նոր ընտրությունների գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում կառավարման համակարգի կայունության ապահովումն է: Այդ պատճառով անհրաժեշտ է ունենալ Ազգային ժողովի այնպիսի ընտրակարգ, որը կերաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Միաժամանակ այն պետք է ապահովի նաև քաղաքական փոքրամասնության այնպիսի ներկայացվածություն, որը հնարավորություն կտա լիարժեքորեն իրականացնել խորհրդարանական փոքրամասնությանը վերապահված լիազորությունները:

Տեղեկացնեմ, որ մենք արդեն սերտորեն աշխատում ենք ընտրական գործընթացներում մասնագիտացած հեղինակավոր միջազգային կառույցների հետ Հայաստանում քվեարկության ժամանակակից մեխանիզմների ներդրման ուղղությամբ:

Հարգելի՛ գործընկերներ,

Նախորդ տարիներին մեկնարկած մարտահրավերները նորովի են ներկայանում նաև մեր տնտեսության առջև՝ առաջ բերելով նոր ջանքերի, տնտեսական ծրագրերի և յուրահատուկ մոտեցումների ներդրման հրատապ անհրաժեշտություն: Փոփոխված Սահմանադրությունը ժամանակի ընթացքում կապահովի նաև այն իրավական հենքը, որն անհրաժեշտ է տնտեսության զարգացման և ավելի արագ առաջ մղման համար: Սակայն առանց այսօրվա անհրաժեշտ գործողությունների համալիրի հնարավոր չի լինելու ապահովել առաջընթացը:

Այսօր տնտեսական քաղաքականության պատասխանատուների օրակարգի առաջին հորիզոնականում պետք գտնվեն հետևյալ հարցերը.

– Առաջինը մակրոտնտեսական կայունության հետագա ապահովումն ու ամրապնդումն է: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են գլոբալ զարգացումների համատեքստում մեր տարածաշրջանում և այլուր երկրները բախվում մակրոտնտեսական անկայունությունների հետ, որոնց ձգձգման պարագայում առաջ է գալիս տնտեսական ճգնաժամի վտանգ:

Այս տեսանկյունից 2015 թվականը մենք բավականին սահուն անցանք, ցուցանիշներն էլ շահեկանորեն տարբերվում են մեր լայն տարածաշրջանի երկրներից: Հայաստանում 2015 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 3,1 տոկոս, որն ամենաբարձրն է մեր անմիջական տնտեսական միջավայրում: Միևնույն ժամանակ տարեկան միջին գնաճը կազմել է 3,7 տոկոս, որն ամենացածրն է այդ նույն միջավայրում: Նմանատիպ պատկեր ունենք նաև ազգային արժույթի վարքագծում: Հայկական դրամը դոլարի նկատմամբ 2015թ. դեկտեմբերի վերջին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ արժեզրկվել է 1,8 տոկոսով: Սա ազգային արժույթի արժեզրկման ամենացածր ցուցանիշն է նույն երկրների շարքում: Նշեմ նաև, որ 2015 թվականին հանրապետությունում միջին ամսական աշխատավարձն աճել է 7,8 տոկոսով՝ կազմելով 184 441 դրամ, ընդ որում աճը պետական համակարգում կազմել է 8,2 տոկոս, և 7 տոկոս՝ մասնավոր հատվածում:

Արտաքին բացասական ազդակներն այսօր էլ շարունակվում են, և մենք աշխատանքի նույն տեմպը պահելու խնդիր ունենք: Այս առումով խիստ կարևորվում է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների խելամիտ և էլ ավելի կոորդինացված իրականացումը: Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի դիսցիպլինար՝ մեծ ուշադրություն դարձնելով ինչպես հարկահավաքման սահունությանը, այնպես էլ ծախսերի կատարման արդյունավետության վրա: Բոլոր պետական գերատեսչությունները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն մեծացնելու յուրաքանչյուր ծախսված բյուջետային միջոցի ստեղծած արդյունքը:

Թեև անցած ժամանակահատվածներում մեզ հաջողվել է ֆինանսական շուկաները զերծ պահել անհարկի վայրիվերումներից, ապագայում պետք է ապահովել անհրաժեշտ զգոնությունը՝ օպերատիվ կերպով հակազդելու ֆինանսական շուկաներ ներթափանցած բացասական ազդեցություններին: Վստահ եմ, որ Կենտրոնական բանկն ունի կարողություններ և մշակված անհրաժեշտ գործիքակազմ իր խնդիրներն իրագործելու և ժամանակին արձագանքելու արտածին բացասական գործոններին:

– Հաջորդը ներդրումային միջավայրի հետագա բարելավումն է և նոր ներդրումների ներգրավումը: Այո՛, 2015թ. տնտեսական տարվա 3.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը ներկա իրավիճակում, ի համեմատություն տարածաշրջանի և Հայաստանի գործընկեր երկրների, հարաբերականորեն վատ ցուցանիշ չէ: Սակայն տնտեսական աճի այդ մակարդակը բավարար չէ միջնաժամկետում հասնելու մեր հավակնություններին համարժեք սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակին: Այս առումով լրացուցիչ ջանքեր է պետք գործադրել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված գործընթացների արագացման և նոր ներդրումների ներգրավման ուղղությամբ: Ընդ որում, ընդունված կանոն է, որ արտաքին աշխարհից ներդրումների ներհոսքի համար մակրոտնտեսական կայունությունը և բարենպաստ բիզնես միջավայրը պարտադիր, սակայն ոչ բավարար պայմաններ են. անհրաժեշտ է կատարվող աշխատանքներին զուգահեռ մեր երկրի հարաբերական առավելությունները ներդրումներ կատարելու տեսանկյունից ճիշտ փաթեթավորել և արտաքին ներդրողներին ներկայացնել:

– Տնտեսավարող սուբյեկտներին, այդ թվում՝ ՓՄՁ-ներին, անհրաժեշտ օժանդակության և տնտեսական խթանների տրամադրում: Յուրաքանչյուր երկրում տնտեսական առաջընթաց դիտարկվում է, երբ տնտեսավարողները գործունեություն ծավալելու և ընդլայնելու հստակ հեռանկար են տեսնում: Իսկ օբյեկտիվ գործոնների ներքո իրացման շուկաներում պայմանների վատթարացման դեպքում այդ հեռանկարները մշուշվում են՝ թուլացնելով տնտեսավարողների մոտ գործունեություն ծավալելու խթանները: Հետևաբար մեզ համար գերխնդիր պետք է լինի օպերատիվ կերպով ախտորոշել ներմուծման հետ մրցող և արտահանող ընկերությունների կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների առաջացման պատճառները և առկա գործիքակազմի զարգացման կամ նորի ստեղծման միջոցով նոր ազդակներ հաղորդել տնտեսավարողներին: Անհրաժեշտ է նաև ակտիվացնել պետություն-մասնավոր համագործակցության գործող հարթակները՝ այդ թվում գործող արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ստեղծված գործարար խորհուրդները, որոնք ավելի կդյուրացնեն վերոնշյալ խնդիրների լուծումը:

– Եվ ի վերջո, այստեղ մեկ անգամ էլ հիշատակեմ այն սկզբունքները, որոնց մասին մենք միշտ խոսում ենք: Ինչպես արդեն պնդեցի քիչ առաջ, երբեք չեմ խորշելու կրկնել հիմնարար սկզբունքները: Խոսքս, իհարկե, տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովման և հովանավորչության վերացման մասին է, պետական, համայնքային բյուջեների և վարկային միջոցների անձեռնմխելիության մասին է, խաղի նոր կանոնները անխտիր բոլորի վրա հավասարապես տարածվելու մասին է: Անշուշտ, այստեղ էլ կարելի է ասել, թե իրականությունը հետ է մնում հռչակած նպատակներից. դա իրոք այդպես է: Բայց նախ դա ամենևին չի նշանակում, որ առաջընթացը պետք է չտեսնելու տանք, և երկրորդ՝ դրված նպատակների և իրականության միջև առկա խզումը մեզ պետք է ոչ թե մղի չխոսելու նպատակների մասին, այլ պետք է մղի համարժեք քայլերով արագացնելու այդ նպատակների ձեռքբերումը:

Հարգելի՛ գործընկերներ,

Անշուշտ, Հայաստանի իրավիճակի քննարկումը հնարավոր չէ առանց արտաքին աշխարհի ազդեցությունը հստակ գնահատելու:

Սակայն այստեղ պետք է հստակ գնահատենք արտաքին ազդակների տեղն ու դերը: Այո՛, մեր անմիջական արտաքին միջավայրը բարդ է, խճճված և հաճախ խիստ հակասական ու դժվարությունն այն է, որ շատ պարագաներում այդ միջավայրը նաև անկանխատեսելի է: Բացի դրանից, Հայաստանը համաշխարհային տնտեսական համակարգի մաս է կազմում, ուստի և չի կարող խուսափել նաև համաշխարհային շուկայի ազդակներից:

Սակայն դա բնավ չի նշանակում, որ մենք այդ ամենի հետ պետք է համակերպվենք: Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է: Մեր երկրի կառավարման թերությունները այդ պատճառով չեն:

Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը շատ լավ գիտենք բոլորս և գիտենք վաղուց: Սակայն փաստն այն է, որ տարիներ շարունակ նրանց իրականացրած քաղաքականությունն այն արդյունքը չի տվել, որ իրենք կցանկանային տեսնել: Նրանք մեզ հետ փորձել են խոսել սպառնալիքի, պարտադրանքի և ուժի դիրքերից: Այդ ձևով մեզ հետ խոսելն անհեռանկար է և որևէ արդյունք չի տալու, ինչպես չի տվել մինչև այսօր:

Արցախի հարցի շուրջ բանակցությունները շարունակվելու են: Մեր դիրքորոշումն անփոփոխ է. Արցախի խնդիրը լուծվում է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են դրանից և իրենց տրամաբանական ու արդար լուծումն են գտնելու այդ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այդ հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում գտնել չի կարող:

Որևէ առաջընթացի հնարավորություն այս պահին չեմ տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում:

Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք և հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում և չենք կապելու:

Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից և Մարտունուց դեպի արևելք և Գյումրուց ու Արմավիրից արևմուտք մենք որևէ իսկական գործընկեր չունենք: Մինչև հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է:

Մեր մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բարիդրացիական մթնոլորտում: Ակնհայտ է, որ այստեղ մենք որևէ խնդրի չենք բախվել: Այս երկրների հետ փոխգործակցությունը մեզ համար թանկ է, և մենք նույն ոգով շարունակելու ենք աշխատել Թբիլիսիի և Թեհրանի հետ:

Ընդհանուր առմամբ, մեր արտաքին քաղաքականությունը կանխատեսելի է և մշտապես հեռու է մնացել որևէ արկածախնդրությունից: Մենք մշտապես հանդես ենք եկել բոլորի հետ դրական և փոխադարձ հարգանքի, վստահության ու շահի հիման վրա ստեղծված հարաբերություններ ձևավորելու օգտին: Մենք երբեք չենք փորձել գործել մեծ տերություններին և կարևոր աշխարհաքաղաքական կենտրոնների հակադրությունների դաշտում, չենք փորձել էժանագին ու կարճաժամկետ այսրոպեական օգուտ ստանալ այդ ուժերի հակասություններից:

Այժմ եկել է այս ամուր հիմքի վրա ևս մեկ քայլ առաջ կատարելու ժամանակը: Ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարությանը և բոլոր դիվանագիտական առաքելություններին նոր եռանդով լծվել Հայաստանի տնտեսական շահերն առաջ մղելու գործին:

Առաջին հերթին, այստեղ հստակ խնդիր է դրվել ներգրավելու նոր արտաքին ուղիղ ներդրումներ: Դրանք կարող են լինել ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են այստեղ, ինչպես նաև արտաքին ներդրողների շահերից բխող հնարավոր տարբերակներ՝ իրենց նախաձեռնությամբ: Կրկին պնդում եմ, որ լուրջ ծրագրերի առկայության պարագայում մենք պատրաստ ենք ստեղծել դրանց համար հնարավոր ամենաբարենպաստ պայմանները:

Երկրորդ, անհրաժեշտ է նոր շուկաներ և ուղղություններ գտնել Հայաստանում արտադրվող ապրանքատեսակների և ծառայությունների համար: Այստեղ ևս պետք է հստակ գնահատենք, թե որոնք են ամենահեռանկարային ուղղությունները:

Անշուշտ, արտաքին գործերի նախարարությունն այս հարցերի շրջանակի միակ և առաջին պատասխանատուն չէ: Ուստի և այստեղ խիստ կարևոր է դառնում դիվանագետների համադրված աշխատանքն էկոնոմիկայի նախարարության և համապատասխան մյուս գերատեսչությունների հետ: Այս բնույթի միջգերատեսչական համագործակցության և տեղեկատվության փոխանակման արդյունավետ մեխանիզմների մասին մենք դեռ առանձին խոսելու ենք:

Հարգելի՛ գործընկերներ,

Ուզում եմ շեշտել նաև, որ ապագա խորհրդարանում որևէ կուսակցության կամ անհատի տեղը այսօր երաշխավորված չէ: Թող ոչ մեկը հույս չունենա, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում լինելու են հեշտ հաղթանակներ: Մենք որպես իշխող քաղաքական ուժ՝ կրում ենք նաև լրացուցիչ պատասխանատվություն ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակի համար: Ընտրությունները պետք է լինեն օրինակելի: Սա առաջին հերթին պետք է մեր ժողովրդին և պետությանը, բայց չպետք է մոռանալ, որ դրանով պայմանավորվելու է նաև մեր երկրի միջազգային վարկն ու հեղինակությունը: Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառությունները պետք է կատարվեն լիարժեքորեն: Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն, առավել ևս նրա ղեկավարը, շահագրգիռ է ավելի շատ քվե ունենալ, բայց ինձ համար շատ ավելի կարևոր են ընտրությունների բնականոն ընթացքն ու օրինականությունը, քան դրանց արդյունքները: Ընտրությունների բնականոն ընթացքն ու օրինականությունը պակաս հաղթանակ չեն և պակաս արժեք չեն մեր հասարակության համար:

Իմ հորդորն է բոլորին: Ժամանակից շուտ ընտրարշավ սկսելու գայթակղությունը մոռացե՛ք: Յուրաքանչյուրը զբաղվում է իր աշխատանքով, իր տեղում, բայց՝ կրկնապատկված եռանդով և պատասխանատվությամբ:

Երբ մենք առաջարկում էինք սահմանադրական փոփոխություններ, ելնում էինք այն համոզմունքից, որ նոր տարբերակն ավելի ժողովրդավարական է և ընդլայնում է Հայաստանի քաղաքացիների ազատությունների, հետևաբար և հնարավորությունների շրջանակը: Մենք այսօր նույն համոզմանն ենք: Ուրեմն, եկեք դա ապացուցենք գործով, իրական քայլերով: Ուրեմն եկեք կյանքի կոչենք մեր Սահմանադրությունը:

Շնորհակալություն:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98