Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 415.00+1.00 EUR SELL - 419.50+0.50
OIL:  BRENT - 103.94-1.71 WTI - 101.19-1.14
COMEX:  GOLD - 4360.20+0.32 SILVER - 65.47+1.84
COMEX:  PLATINUM - 1799.30+0.63
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.04+0.63 EUR/GBP - 1.1481+0.20
FOREX:  EUR/USD - 1.1481+0.20 GBP/USD - 1.3363-0.07
STOCKS RUS:  RTSI - 838.30-1.97
STOCKS US: DOW JONES - 51778.04+0.61 NASDAQ - 26418.30+1.69
STOCKS US: S&P 500 - 7637.76+1.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10816.14+1.19 CAC40 - 8186.93+0.57
STOCKS EUR:  DAX - 25716.71+0.70
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Վլադիմիր Գասպարյանն ուղերձով դիմել է Հայաստանի քաղաքացիներին
25/04/2018 20:32
Կիսվել

Վլադիմիր Գասպարյանն ուղերձով դիմել է Հայաստանի քաղաքացիներին

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ուղերձով դիմել է Հայաստանի քաղաքացիներին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«Հարգելի համաքաղաքացինե´ր:

Ձեզ եմ դիմում և´ որպես ոստիկանության պետ, և´ որպես քաղաքացի: Չեմ ուզում անդրադառնալ վերջին իրադարձությունների իրավական կողմին. ոստիկանությունը բազմիցս խոսել է այդ մասին` վստահ լինելով նաև հասարակության բարձր իրավագիտակցությանն ու քաղաքացիական ընկալունակությանը: Չեմ ցանկանում նաև գնահատական տալ կողմերին ու նրանց գործողություններին. ոստիկանությունը վերքաղաքական կառույց է և դուրս է քաղաքական զարգացումներից: Առավել ևս` հստակ գիտակցում ենք, որ խոսքը ոչ թե այս կամ այն կողմի «ճշտի», այլ Ճշմարտության մասին է, որը բացարձակ արժեք է և անքննելի, ինչպես որ անքննելի է ոստիկանության դերը մեր հասարակության կյանքում:

Հիշե´ք. ցանկացած հեղափոխություն դառնում է անիմաստ, երբ փորձ է արվում քանդել կառուցածը, իսկ Բանակ ու Ոստիկանություն կառուցելու համար մենք ամեն ինչ ենք տվել: Մեր համատեղ կառուցածը Պետությունն է: Ոստիկանությունը այդ պետության կայունության, անդորրի, խաղաղության երաշխավորն է: Ոստիկանը այդ պետության մարդն է, ոչ թե իշխանության կամ ընդդիմության: Եվ ոստիկանությանն այս կամ այն կողմը քաշելու փորձը մեծացնում է այն ճեղքվածքը, որի մեջ կարող ենք հայտնվել բոլորս: Հիշե´ք. պետությունը կառուցվում է տասնամյակներով ու հազարավոր կյանքերի գնով և կարող է փլուզվել հաշված ժամերի ընթացքում: Դա անթույլատրելի է: Այս պահային ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար մի´ փորձեք տրոհել ոստիկանի մեջ երկխոսող իրավապահին ու քաղաքացուն: Այդ տրոհումը մահացու վտանգավոր է պետության համար, որի պաշտպանությանն է կոչված ոստիկանությունը: Որպես զինվորական կոչ եմ անում` զե´րծ մնացեք նաև բանակը տրոհելու փորձերից: Երկատված բանակը միասնական պետության պահապան լինել չի կարող:

Սուտ է, թե նպատակը արդարացնում է միջոցները. պետության պահապանին իր երդմանը, կոչմանը, գործընկերներին դավաճանելու մղելը չի կարող արդարացվել ոչ մի նպատակով: Ինչպես որ ինչ-ինչ գաղափարներին ծառայելը չի կարող փոխարինել ժողովրդին ծառայելու սրբազան գործին: Մենք օրենքին ծառայելով ենք ծառայում ժողովրդին: Կոչում եմ բոլորիդ նույնպիսի ծառայության, որպեսզի օրենքն էլ ձեզ ծառայի: Սա´ է ճշմարտությունը: Ինչպես ճշմարտություն է այն, որ բոլորիս սխալների պատճառով հասել ենք այն աստիճանին, որ կարող ենք բացարձակ կորցնել իրավիճակի կառավարումը: Նման բան թույլ տալ չի կարելի: Ուստի դիմում եմ բոլորին: Սթափվեք, տղե´րք: Ինքնակազմակերպվե´ք, կողմնորոշվե´ք, հստակվե´ք: Հիշեք մեկընդմիշտ, որ ոչինչ չարժե մեր պետականության կորստին: Հիշեք նաև, որ առանց ոստիկանության չկա´ պետություն, որ ոստիկանը պետության ամրության զինվորն է, խաղաղության զինվորը, բարության զինվորը, ոչ թե ռետինե մահակի ու բռնության: Բայց և համոզված եղեք, որ խաղաղությունն ու բարությունը ոչ թե թուլության, այլ իրական ուժի նշան են: Դիմում եմ իմ զինակից ոստիկաններին:

Տղե´րք, ես ասել եմ, որ սիրում ու հարգում եմ ձեզ, որ ձեզ հետ կռվելու և ապրելու կգնամ: Ինչպես միշտ վստահ եմ, որ ծառայելով օրենքին` այսուհետ էլ ծառայելու ենք ժողովրդին: Կրկին դիմում եմ բոլոր համաքաղաքացիներիս: Ժողովո´ւրդ, համոզված եմ, որ բոլորիս հաղթանակը կլինի այս ամենի ավարտումը խաղաղությամբ ու բարությամբ, հակառակ դեպքում կպարտվենք բոլորս: Հավատում եմ մեր մեծ սիրուն և անքննելի իմաստնությանը:

Աստված մեզ պահապան»:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37