Բակո Սահակյանը նշանակել է Արցախի նոր պետական նախարար, ԱԱԾ տնօրեն և Ոստիկանապետ
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Համաձայն հրամանագրերի՝
Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։ Արթուր Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։
Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Գնդապետ Գագիկ Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Գնդապետ Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ:
Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն եւ աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արշավիր Ղարամյանին եւ Գագիկ Սարգսյանին երկարամյա ծառայության համար՝ նրանց մաղթելով հաջողություններ: