Երևանի քաղաքապետարան․ Նոր մրցույթ կհայտարարի թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցել են, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացված 461 հեռախոսազանգերի գերակշիռ մասը (61 զանգ) վերաբերել է թափառող կենդանիների խնդրին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է հարցին՝ նշելով, որ թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար նոր մրցույթ կհայտարարվի, որին կներկայացվեն միջազգային ստանդարտներին համապատասխանող պահանջներ:
Խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցել են, որ շինարարական հրապարակների կազմակերպման անհրաժեշտ նորմերի պահպանման նպատակով մայրաքաղաքում գույքագրում է տեղի ունենում: Քաղաքապետը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ և վերանայել շինհրապարակի կազմակերպման նորմերը:
Խորհրդակցության ընթացքում տրվել են նաև հանձնարարականներ՝ գալիք տոնական օրերին համապատասխան ոլորտների և ծառայությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու վերաբերյալ: Մասնավորապես հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը՝ Հայկ Մարությանը հանձնարարել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը: Կենսաապահովման ծառայությունների անխափան աշխատանքը կազմակերպելու նպատակով քաղաքապետը համակարգող պատասխանատուներին հանձնարարել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և, սերտորեն համագործակցելով «Երևան Ջուր», «Երևան Գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների պատասխանատուների հետ, հնարավոր վթարների մասին ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել և կարգավորել առաջացած խնդիրները: Բացի այդ, կոմունալ ծառայություններին, վարչական շրջանների ղեկավարներին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարվել է ապահովել աղբահանության պատշաճ կազմակերպումը: Առողջապահական և շտապբուժօգնության ծառայությունների պատասխանատուներին ևս հանձնարարվել է ապահովել օպերատիվ հերթապահություն և ուժեղացնել հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատություններում: Հանձնարարվել է հերթապահություն սահմանել նաև կրթամշակութային և մարզական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով: Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, «Երքաղլույս» ընկերությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է սահմանել հսկողություն և հերթապահություն տոնական օրերին մայրաքաղաքի տոնական ձևավորման նկատմամբ՝ վթարների դեպքում օպերատիվ արձագանքելու նպատակով:
Հանձնարարվել է նաև հատուկ հսկողություն սահմանել նաև «Թեժ գիծ» ծառայությամբ տոնական օրերին ստացվող քաղաքացիների հարցերին արագ արձագանքելու ուղղությամբ: