
Արմեն Սարգսյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և ընդգծել, որ հաճելի է Հայաստանի նախագահին հյուրընկալել Վրաստանում։
Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ իր համար նույնպես պատիվ է Վրաստանի համար այս կարևոր իրադարձությունների շրջանում գտնվել հարևան ու բարեկամ երկրում։
Հանդիպմանը Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ, ընդգծել արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում առավել խորացնելու կարևորությունը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել առևտրատնտեսական կապերի զարգացման, կրթության և մշակութային ոլորտներում փոխգործակցության հարցերին։