
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարարի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 20-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ։
Նշելով, որ հանդիպումը կայանում է Արցախի համար խորհրդանշական՝ Արցախի վերածննդի օրը՝ փոխվարչապետը կարևորել է հայկական երկու հանրապետությունների միջև կենսական կարևորություն ունեցող ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումը։
Փոխվարչապետ Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության նոր ծրագրում արտացոլված գերակայություններն ու տնտեսական զարգացման վերաբերյալ իրականացվող քաղաքականության տրամաբանությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայկական երկու հանրապետություններում նախատեսվող բարեփոխումների և դրանց իրականացման համար կատարվելիք քայլերի շուրջ՝ երկուստեք կարևորելով փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը։