Քննարկվել են ՀՀ արտակարգ իրավիճակների, ոստիկանության եւ ԱԱԾ 2018թ. բյուջետային հատկացումների եւ ծրագրերի կատարողականները
ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 5-ին տեղի ունեցած համատեղ նիստում Անդրանիկ Քոչարյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ֆինանսական միջոցների եւ ծրագրերի կատարողականները:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018-ին արձանագրվել է կայուն տնտեսական միջավայր, ինչի արդյունքում գրեթե բոլոր բնագավառներում կատարվել են նախատեսված ծրագրային ցուցանիշները:
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հավաստմամբ՝ 2018 թվականին շուրջ 19.5 մլրդ դրամ տրամադրվել է Ազգային անվտանգության ապահովման ծրագրին, որը կատարվել է 98%-ով՝ պայմանավորված խնայողություններով: 2017 թվականի համեմատ տվյալ ծախսերը նվազել են 0.5%-ով:
Պետական պահպանության ապահովման նպատակով ծախսվել է 2.6 մլրդ դրամ՝ կազմելով ծրագրի 97.5%-ը եւ 4.7%-ով զիջելով նախորդ տարվա ցուցանիշը՝ պայմանավորված զինծառայողների թվի կրճատման արդյունքում աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների տնտեսմամբ:
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը նշել է, որ ոստիկանության դասի ծախսերը կատարվել են 95.3%-ով: 2017 թ. համեմատ դրանք գրեթե չեն փոփոխվել:
2018 թ. հասարակական կարգի պահպանության ապահովման նպատակով 36.5 մլրդ դրամ է տրամադրվել ՀՀ ոստիկանությանը` ապահովելով 98.8% կատարողական: 2017թ. համեմատ նշված ծախսերն աճել են 2.6%-ով` պայմանավորված աշխատանքի վարձատրության ծախսերի աճով:
2018 թվականին շուրջ 7.3 մլրդ դրամ ծախսեր են կատարվել ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության եւ անվտանգության գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող արտաբյուջետային միջոցների հաշվին, որոնք կազմել են նախատեսվածի 98.4%ը: Վերջինս պայմանավորված է գնումների մրցույթների արդյունքում առաջացած տնտեսման եւ տարվա ընթացքում որոշ մրցույթների չկայացման հանգամանքով: Նախորդ տարվա համեմատ տվյալ ծախսերն աճել են 1.6%ով:
Ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված խախտումների համար վարչական տուգանքների գանձումներից, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարումների եւ այլ վճարովի ծառայությունների մատուցումից ստացված միջոցների հաշվին կատարված ծախսերը կազմել են 11.6 մլրդ դրամ կամ նախատեսվածի 83.4%-ը, որոնք նախորդ տարվա համեմատ նվազել են 10%-ով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի ներկայացմամբ՝ Հայաստանի փրկարար ծառայության համակարգի պահպանման նպատակով հաշվետու տարում ծախսվել է շուրջ 8.7 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրային հատկացումների 98.7%-ը: 2017թ. համեմատ նշված ծախսերն աճել են 1.1%-ով:
Հիդրոօդերեւութաբանության ծառայությունների ծախսերը կազմել են շուրջ 1.1 մլրդ դրամ, որն օգտագործվել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հիդրոօդերեւութաբանական դիտարկումների իրականացման նպատակով: 2017թ. համեմատ այս ծախսերը նվազել են 7.8%-ով կամ 90.6 մլն դրամով՝ պայմանավորված հաստիքների կրճատմամբ:
Օրվա բանախոսները պատասխանել են պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք հիմնականում առնչվել են բնագավառներում առկա խնդիրներին:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը տեղեկացրել է, որ «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ՀՀ պաշտպանության բնագավառի կատարողականը քննարկվի առաջիկայում` դռնփակ նիստում: