Պաշտոնական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 75.89+2.44 WTI - 71.60+1.66
COMEX:  GOLD - 2760.20+0.54 SILVER - 34.86+1.72
COMEX:  PLATINUM - 1044.50+2.65
LME:  ALUMINIUM - 2612.00+0.00 COPPER - 9625.50+0.00
LME:  NICKEL - 16897.00+0.00 TIN - 31313.00+0.96
LME:  LEAD - 2072.00+0.00 ZINC - 3089.50+0.46
FOREX:  USD/JPY - 151.87+0.53 EUR/GBP - 1.08-0.17
FOREX:  EUR/USD - 1.08-0.17 GBP/USD - 1.2981-0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42924.89-0.02 NASDAQ - 18573.13+0.18
STOCKS US: S&P 500 - 5851.20-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 38104.86-0.80 TOPIX - 2636.96-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 20760.15+1.27 SSEC - 3302.80+0.52
STOCKS EUR:  FTSE100 - 8306.54-0.14 CAC40 - 7535.10-0.01
STOCKS EUR:  DAX - 19421.91-0.20
23/10/2024  CBA:  USD - 387.67+0.46 GBP - 503.04+0.71
23/10/2024  CBA:  EURO - 417.83-1.40
23/10/2024  CBA:  GOLD - 34107.40+41.09 SILVER - 429.07+5.80
Վարչապետը մասնակցել է Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումին. տեսանյութ
24/09/2019 16:01
Կիսվել

Վարչապետը մասնակցել է Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումին. տեսանյութ

Շարունակվում է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Լոս Անջելես։

Այցի երկրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին։ Համաժողովին մասնակիցների թիվը շուրջ 250 է՝ Կալիֆորնիայի գործարար համայնքի բազմաթիվ անդամներ, Լոս Անջելեսի գործարար համայնքի շահերը ներկայացնող կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ։

Բացման խոսքերով Հայաստանի վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը ողջունել են Լոս Անջելեսի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Մարիա Սալինասը, Լոս Անջելեսի համաշխարհային առևտրի կենտրոնի ղեկավար Սթիվեն Չանգը, Լոս Անջելեսի բիզնես ֆեդերացիայի ղեկավար Թրեյսի Հերնանդեզը, Լոս Անջելեսի քաղաքային կենտրոնական ասոցիացիայի փոխնախագահ Թինա Օհը։

Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Կալիֆորնիայի գործարար համայնքի հարգելի անդամներ,

Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ես ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ այստեղ եւ պատիվ ունեմ դիմել Լոս Անջելեսի գործարար համայնքի հարգարժան անդամներին, ներառյալ Կալիֆորնիայի Մեծ նահանգի հայկական համայնքը։

Մենք մեծ հնարավորություններ ենք տեսնում Կալիֆորնիայի հսկայական առևտրային և ներդրումային ներուժն օգտագործելու առումով: Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանն այն երկիրն է, որը լավագույնս կարող է գործարար կապեր հաստատել Կալիֆորնիայի հետ:

Գինեգործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենազարգացած ոլորտներից են: Միևնույն ժամանակ, դրանք այն ոլորտներն են, որտեղ Կալիֆորնիան երկար տասնամյակներ պահպանում է համաշխարհային առաջատարի իր դիրքերը: Ինչպես տեսնում ենք, պարարտ հող կա համատեղ ձեռնարկատիրական նախաձեռնությունների համար:

Աշխույժ և գործունյա հայկական համայնքի առկայությունը, որն աղերսում է մեր երկու երկրները, ևս մեկ համոզիչ փաստարկ է առ այն, որ մենք պետք է միասին աշխատենք՝ Հայաստանի և Կալիֆորնիայի միջև առևտրային և ներդրումային կապերը ամրապնդելու ուղությամբ:

Տիկնայք եւ պարոնայք,

Հայաստանը հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ, ինքնատիպ պատմությամբ, հյուրընկալությամբ և զարմանալի լանդշաֆտներով: Բայց սա բավարար չէ մեր երկրի պատկերն ամբողջական դարձնելու համար։

Այսօր մենք փոխում ենք մեր երկրի և մեր տնտեսության կառավարման ձևը: Միևնույն ժամանակ մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանի տնտեսությունը լինի առավել ճկուն և արագ արձագանքի աշխարհում տեղի են ունեցող փոփոխություններին:

Անցյալ տարի հայ ժողովուրդն ընտրեց փոփոխությունների ուղին: Մենք ընտրեցինք ազատությունն ու ժողովրդավարությունը և ցույց տվեցինք, որ ոչինչ ավելի զորեղ չէ, քան ժողովրդի կամքը, հավատը և նախաձեռնությունը: Այդուամենայնիվ, քաղաքական փոփոխությունները միայն առաջին քայլն են: Մենք մեր ժողովրդի կամքն ու ձգտումները կվերածենք տնտեսական և սոցիալական զարգացման, և այժմ ընթանում է «Տնտեսական հեղափոխություն»:

Տնտեսական հեղափոխությունը կարող է հիմնված լինել միայն արդար ինստիտուտների, հավասար միջավայրի և բոլորի հանդեպ անաչառ վերաբերմունքի վրա: Դա նշանակում է, որ կառավարությունն ասում է ՈՉ կոռուպցիային, ՈՉ մենաշնորհներին, որպեսզի խրախուսի մեր ժողովրդի ստեղծագործ ձիրքն ու տաղանդը և հայկական տնտեսությունը մրցունակ դարձնի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում

Ես կարծում եմ, որ մեր բարեփոխումները երկարաժամկետ և ռազմավարական են: Եվ, հետևաբար, տնտեսական հեղափոխությունը երկարատև ազդեցություն կունենա երկրի տնտեսական զարգացման և մարդկանց կյանքի վրա։

Այժմ թույլ տվեք ձեզ ներկայացնել արդեն իսկ արձանագրված որոշ արդյունքներ. 2018-ին մենք գրանցեցինք 5.2 տոկոս տնտեսական աճ և պահպանեցինք միջին գնաճի մակարդակը: Սրանք շատ դրական արդյունք են հեղափոխական տարվա համար: Արտահանման 9 տոկոս աճ ենք ունեցել։

Դրական դինամիկան շարունակվում է այս տարի՝ առաջին կիսամյակում հասնելով 6,5 տոկոսի: Վերջերս Moody’s-ը բարելավեց Հայաստանի վարկանիշը՝ դարձնելով այն Ba3: Այս արդյունքները խոստումնալից են, սակայն հարկ է անել ավելին:

Հին ասույթը դեռևս արդիական է այս արագ փոփոխվող աշխարհում. «Մենք պետք է հնարավորինս արագ վազենք, որպեսզի մնանք մեր տեղում»: Եվ եթե մենք ցանկանում ենք որևէ տեղ գնալ, մենք պետք է երկու անգամ ավելի արագ վազենք: Այսպիսով, մենք պետք է լինենք ավելի արագ, ավելի արդյունավետ, ավելի մրցունակ և թիրախավորենք հավակնոտ նպատակներ: Սա է մեր փոխակերպման ռազմավարության հիմնաքարը:

Մենք պետք է հստակ պատկերացնենք մեր առավելությունները, մեր ուժը, որը Հայաստանը կհասցնի նոր հորիզոնի: Մենք հավատում ենք, որ այս փոփոխության շարժիչ ուժը տաղանդավոր, ստեղծագործ և աշխատասեր հայն է: Սա է մեր երկրի ամենաարժեքավոր առանձնահատկությունը։

Մենք գիտենք, որ տարբեր դարաշրջաններում եղել են կապիտալի տարբեր ձևեր, որոնք նպաստել են տնտեսական աճին ու զարգացմանը: Ագրարային հասարակություններում դա հողն էր, արդյունաբերական հեղափոխության ժամանակ՝ էլեկտրաէներգիան, ֆինանսական բումի տարիներին՝ ֆինանսական կապիտալը, բայց հիմա դա մարդն է:

Եթե ինձ հարցնեք, թե ինչու պետք է ներդրումներ կատարել Հայաստանում, իմ պատասխանը կլինի այն, որ փոքրիկ, բայց գլոբալ ցանցերով օժտված և տաղանդավոր ժողովուրդ ունեցող երկրում ներդրումներ կատարելը խոստումնալից ձեռնարկ է: Մենք նպատակ ունենք ներդնել տեխնոլոգիական կրթություն, զարգացնել «նուրբ հմտություններ» և օգնել ուսանողներին պարզել իրենց հմտությունները՝ նախնական, արհեստագործական և բարձրագույն կրթության ոլորտում ներդրումներ կատարելու միջոցով:

Հայաստանը հիանալի հնարավորություն է ընձեռում ներդրողներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, էներգետիկան և այլն:

Մեր կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրումների նկատմամբ՝ ապահովելով սեփականության ամբողջական եւ լիակատար իրավունք: Օտարերկրյա ներդրողները երկրի ներսում կարող են անսահմանափակ մուտք ունենալ ցանկացած ոլորտ և աշխարհագրական վայր՝ անձնակազմի հավաքագրման, շահույթի ազատ եւ անսահմանափակ օտարման, շուկայական փոխարժեքով տարադրամի անսահմանափակ փոխանակման և ազգայնացման բացառման երաշխիքներով հանդերձ:

Օտարերկրյա ներդրողներին պաշտպանող հնգամյա դրույթը ևս, որը նրանց անձեռնմխելի է դարձնում օրենսդրական փոփոխությունների նկատմամբ, հանդիսանում է մեր արտաքին ներդրումների շրջանակի մաս։

Միջազգային տնտեսական հարաբերությունների առումով, Հայաստանը ներդրումների խթանման և պաշտպանության վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր ունի 43 երկրների հետ, ներառյալ Միացյալ Նահանգները: Հայաստանը ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի անդամ է։

Մենք ունենք պայմանագրեր 46 երկրների հետ կրկնակի հարկումը բացառելու և հարկերից խուսափելու կանխարգելման վերաբերյալ: Սա նշանակում է, որ պայմանավորվող կողմերի ներդրողներին տրվում են մի շարք երաշխիքներ, մասնավորապես՝ ազգային վերաբերմունք, ունեցվածքի բռնազավթումից պաշտպանություն, միջոցների անվճար փոխանցում, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն և անվտանգություն:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցնում է 41-րդ տեղը: Իսկ բիզնես նախաձեռնելու մատչելիությամբ Հայաստանը 8-րդն է և վերջապես 14-րդն է՝ գույքի և սեփականության գրանցման ցուցանիշով: Տնտեսական ազատության ցուցանիշով Հայաստանը 47-րդ ամենաազատ տնտեսությունն է աշխարհում։

Մենք շարունակում ենք խորը և համապարփակ բարեփոխումներ իրականացնել մեր բիզնես միջավայրը բարելավելու նպատակով: Կառավարությունն աշխատանքներ է տանում օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ, ներառյալ օտարերկրյա ներդրողների համար առավել բարենպաստ ռեժիմի սահմանումը, օտարերկրյա ներդրողներին երաշխիքների տրամադրումը, ինչպես նաև վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմների ներդնումը:

Ներկայում մենք աշխատանքներ ենք տանում հնարավորությունների ընդլայնման և պետությում-մասնավոր հատված գործընկերության իրավական դաշտի հստակ ձեւակերպման ուղղությամբ:

«Հայաստանը փոքրիկ, դեպի ծով ելք չունեցող երկիր է» – սա այն ձևակերպումն է, որը կարող եք գտնել բազմաթիվ գրքերում և հոդվածներում: Թեև դժվար է չհամաձայնել այն մտքի հետ, որ մենք փոքր երկիր ենք, բայց փոխարենը մենք գլոբալ ցանց ունենք, ինչը մեծ առավելություն է տալիս մեզ:

Հայաստանը գտնվում է այնպիսի աշխարհագրական վայրում, որը կամրջում է մշակույթներն ու տնտեսությունները: Ոմանք գուցե պնդեն, թե Հայաստանը փոքր շուկա ունի, բայց ես այստեղ եմ այդ տեսակետը վիճարկելու համար: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շուկայի մի մասն է, որն ունի ավելի քան 180 միլիոն սպառող: Հայ արտադրողներմ օգտվում են GSP + արտոնյալ ռեժիմից Եվրամիության հետ, և GSP ռեժիմից՝ ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հետ:

Հայաստանը նաև խորացնում է համագործակցությունը Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով: Այս հավակնոտ համաձայնագիրը նախատեսում է, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը համատեղ կաշխատեն ի նպաստ ՀՀ քաղաքացիների՝ ամրապնդելով ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, ստեղծելով ավելի շատ աշխատատեղեր և բիզնես հնարավորություններ, մշակելով ավելի արդար օրենքներ, ապահովելով անվտանգության ավելի բարձր մակարդակ, ավելի մաքուր միջավայր, ինչպես նաև ինչպես նաև ավելի լավ կրթություն և հետազոտությունների հնարավորություններ:

Մենք շարունակում ենք մեր ջանքերը Միացյալ Նահանգների հետ համագործակցության խորացման ուղղությամբ բազմաթիվ գործիքների միջոցով, ինչպիսիք են ԱՄՆ-Հայաստան առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որը ռազմավարական հիմքեր և սկզբունքներ է առաջադրում առևտրի և ներդրումների հետ կապված երկխոսության համար:

Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել բոլորի համար հավասար հնարավորությունների երկիր՝ խթանելով գործարարությունն ու նորաստեղծ ձեռնարկությունները, որպեսզի մեր երկիրը դառնա ներդրումների համար գրավիչ հանգրվան:

Այսօր իմ կոչն ու ուղերձն է՝ միավորել մեր ջանքերը հանուն նոր Հայաստանի կառուցման, համախմբել մեր ուժերը` Հայաստանն առավել մրցունակ և գրավիչ դարձնելու նպատակով: Եկեք Հայաստանը դարձնենք մեր երազանքի երկիրը:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Հաջորդիվ ելույթներով են հանդես եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով անդրադարձել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ուղղություններին, և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, տնտեսական աճի ընթացիկ դինամիկան, ներդրումային միջավայրը։ Արտերկրյա մասնավոր ներդրումային կորպորացիայի ներկայացուցիչ Բրայան Չըրչհիլն էլ իր խոսքում անդրադարձել է հայ-ամերիկյան ներդրումային համագործակցության զարգացման հնարավորություններին։

Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումի ընթացքում ստորագրվել է Փոխըմբռնման երկու հուշագիր՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Լոս Անջելեսի առևտրաարդյունաբերական պալատի միջև և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Լոս Անջելեսի համաշխարհային առևտրի կենտրոնի միջև։ Համագործակցության հուշագրերի շրջանակում Հայաստանը և Լոս Անջելեսը կզարգացնեն համագործակցությունը և փորձի փոխանակում կիրականացնեն, մասնավորապես, տեխնոլոգիաների և տնտեսության ոլորտներում։

Համաժողովի ավարտից հետո ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «FoxNews11» հեռուստաալիքին։

Հայաստանի վարչապետի՝ Լոս Անջելես այցի օրակարգն ավարտվել է։ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Սան Հոզե, որտեղ նախատեսվում են ՀՀ վարչապետի այցելությունները Սիլիկոնային հովտում գործող բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերություններ, հանդիպումներ և քննարկումներ ընկերությունների ղեկավարության և հայազգի մասնագետների հետ, ինչպես նաև համագործակցության մասին Փոխըմբռնման  հուշագրի ստորագրում։

23/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.67
+0.46
Եվրո (EUR)
417.83
-1.40
Ռուբլի (RUR)
4.01
+0.00
Լարի (GEL)
142.04
+0.20
34107.40
+41.09
Արծաթ
429.07
+5.80