«Հերոսների վերականգնողական քաղաք» է հիմնվում. առաջին շենքի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա վաղը
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում ապրիլի 23-ին տեղի կունենա «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի առաջին շենքի հիմնարկեքի արարողությունը:
Նույն օրը տեղի է ունենալու նաև հերոս Վարդան Ամալյանի անվան պուրակի բացման արարողություն:
Նախագծի հեղինակը Սուրեն Արեենցն է։ Նա նախատեսում է նաև հոգեբանական վերականգնողական կենտրոններ բացել Հայաստանի մի քանի մարզերում և Արցախում:
«Հոգեբանական վերականգնողական կենտրոնում անվճար բուժում ստանալու հնարավորություն կունենան առհասարակ բոլոր այն քաղաքացիները, որոնք պատերազմի հետևանքով հոգեկան որոշակի խնդիրներ ունեն»,-ասաց Արեենցը:
«ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը կրող «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագիծը բաղկացած է երեք փուլից: Կարճաժամկետ փուլում «Հերոսների վերականգնողական քաղաքում» հիմնվելու է այգի՝ ջրվեժային համակարգով, բացօթյա վերականգնողական սարքավորումներով, մեղվապահության համար նախատեսված վայրով և այլն: Կառուցվող շենքում կլինեն կավագործության ու «Մերգելյան կարպետի» համատեղ խմբակ և հոգեբանական աշխատանքի գրասենյակ: Միջնաժամկետ փուլում պատրաստվում ենք կառուցել երկհարկանի 3 շենք: Տեղ է լինելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների համար, որտեղ տղաները կսովորեն, հոգեբանական կենտրոնի շենքն է լինելու, որտեղ մասնագետներ կպատրաստվեն: Ամենավերջում նպատակ ունենք 1000 քառակուսի մետր տարածքով երկհարկանի հոգեբանական վերականգնողական կենտրոն ունենալ»,- հայտնում է Արեենցը:
Անդրադառնալով մասնագետների խնդրին՝ նա նշում է, որ դեռ պատերազմի օրերից գերմանական և հունական, ինչպես նաև Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ պայմանավորվածությամբ արդեն սկսվել է մասնագետների վերապատրաստումը:
«Բանակցություններ ենք վարում Հայաստանի գիտությունների թեկնածու և դոկտոր հոգեբանների հետ, որոնք համախմբված հոգեբանական մեծ կլինիկայի համար մասնագետներ կպատրաստեն»,- ասում է նախաձեռնության հեղինակն ու հավելում, որ ձեռնամուխ են եղել նաև պետության հետ համատեղ լիցենզավորման գործընթաց սկսելուն, ինչի շնորհիվ մասնագետներն իրավունք կունենան աշխատել նաև այլ կենտրոններում: