ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՐԿՈԶԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՆԵՐԴՆԵԼ «GOOGLE-Ի ՀԱՐԿ»-Ը
Խոշոր ինտերնետային ընկերություններն, ինչպիսին, օրինակ, Google-ն է, պետք է օնլայն-գովազդից ստացվող իրենց եկամուտներից հարկեր վճարեն Ֆրանսիայի պետական բյուջե: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Le Point-ին տված իր հարցազրույցում Ֆրանսիայի նախագահը նշել է, որ վերընտրվելու դեպքում կպայքարի, որպեսզի ինտերնետային հսկաները հարկեր վճարեն ոչ միայն Ֆրանսիայում, այլև ողջ Եվրամիության տարածքում: «Անթույլատրելի է, որ ընկերությունները, որոնք Ֆրանսիայում ապահովում են մի քանի միլիարդ եվրոյի հասնող եկամուտներ, դրա դիմաց չվճարեն հարկեր», – ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
Հիշեցնենք, որ մինչ այս Նիկոլա Սարկոզին հանձնարարել էր ուսումնասիրել այսպես կոչված «Google-ի հարկ»-ի կիրառման հնարավորությունները, ինչը ենթադրում է հարկման ենթարկել խոշոր ինտերնետային ընկերությունների` օնլայն-գովազդից ստացվող եկամուտները: