ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել Գագիկ Խաչատրյանի մասին սկանդալային լսանյութի հիման վրա
Հայկական Ժամանակը գրում է․ «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի հիմք է հանդիսացել ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա մերձավորների վերաբերյալ լսանյութը:
Այդ լսանյութը համացանցում էր հայտնվել այս տարվա մարտի 30-ին եւ մեծ արձագանք էր գտել հանրության շրջանում: Դա ըստ էության անանուն բաց նամակ էր, որում «ՀՀ մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցների» անունից ներկայացվում էին մաքսային ծառայությունում տարիներ շարունակ գործող կոռուպցիոն սխեմաները, տրվում էին կոնկրետ անուններ, որոնց թվում էին Գագիկ Խաչատրյանը եւ նրա եղբորորդին` Կարեն Խաչատրյանը, որը ՀՀ պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության ստորաբաժանման ղեկավարն է:
Ըստ բաց նամակի հեղինակների՝ կոռուպցիոն սխեմաների շնորհիվ «յուրաքանչյուր ամիս գրպանվել է տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գումարներ, որոնք ըստ էության պետք է մուտքագրվեին պետբյուջե»: Երեկ մեզ չհաջողվեց պարզել, թե քրօրի որ հոդվածով է հարուցվել գործը` ԱԱԾ-ն քննում է բերված փաստե՞րը, թե փորձում է գտնել «բաց նամակի» հեղինակներին:
Հիշեցնենք՝ ձայնագրությունը կարճ ժամանակ անց անհետացավ համացանցից:»