Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է դադարեցնել հոծ գծերը շոշափելու համար մարդկանց տուգանելու պրակտիկան
Վարչապետն անդրադարձել է նաև երթևեկությանը հետևող արագաչափերի և տեսախցիկների գործունեությանը: «Հսկայական տույժ, տուգանքներ կան կուտակված, որոնք մարդիկ չեն վճարել, ենթադրվում է՝ դրա հնարավորությունը չունենալու պատճառով: Մենք պետք է մեխանիզմներ մտածենք այդ պարտքը ներելու մասին: Երկրորդ՝ պետք է մտածել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին: Կարծում եմ՝ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջան, եթե կա այդպիսի օրենսդրական հնարավորություն, եթե չկա՝ մտածել այդ մասին, դրանց գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու համար: Կամ առնվազն մենք պետք է այդ պրակտիկան շատ արագ, հենց այսօրվանից դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են: Ես նախկինում էլ ասել եմ՝ մարդկանց շատ տուգանելու մոլուցքը պետք է կասեցնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հանձնարարել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ոստիկանության հետ համատեղ առաջարկություններ մշակել: