ԵՄ-ն հեշտացրել է բազմակի վիզայի ստացումը. կարճաժամկետ մուտքի նոր կանոնները գործում են փետրվարի 2-ից
Եվրամիության երկրներ կարճաժամկետ մուտքի նոր կանոններ են գործում փետրվարի 2-ից: Կանոնների փոփոխությունը վերաբերում է բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնք պետք է ունենան վիզա՝ ԵՄ երկրներ մուտք գործելու համար:
Փոփոխությունները վերաբերում են Շենգեն գոտու՝ ԵՄ 22 պետություններ (Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա և Շվեդիա), ինչպես նաև Իսլանդիա, Լիխտեյնշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա մեկնելուն:
Այս երկրներից յուրաքանչյուրի կողմից տրված մեկ միասնական կարճաժամկետ վիզան վավեր է Շենգենյան բոլոր 26 երկրներում ճանապարհորդությունների համար՝ մինչև 90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում։
Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ վիզայի դիմումները կարող են ներկայացվել ծրագրված ճամփորդությունից մինչև վեց ամիս շուտ, նախկին երեքի փոխարեն: Այժմ ավելի հեշտ է ստանալ երկարաժամկետ (1-5 տարի) մուլտիվիզա, ինչը հաճախ ճամփորդողների համար ժամանակի և ֆինանսների տնտեսման հնարավորություն է, որովհետև նրանք այսուհետ ստիպված կլինեն դիմելու ավելի պակաս հաճախականությամբ։
Մեծամասամբ դիմումը կարող է ներկայացվել անմիջապես քաղաքացու բնակության երկրից և, որտեղից որ հնարավոր է լրացնել ու ստորագրել այն էլեկտրոնային, մինչդեռ մինչև փոփոխությունները միայն դիմումների բնօրինակներով էին կատարվում գործարքները։
Հաճախ ճամփորդող քաղաքացիները, որոնք ունեն լավ վիզա-պատմություն, աստիճանաբար ավելի երկար վավերականության ժամկետի հաստատում կստանան՝ 1-5 տարի։
Դիմումների վարման ժամկետը մնացել է անփոփոխ՝ 15 օր։
Վիզայի դիմումատուները մնացած փաստաթղթերի հետ միասին պետք է ներկայացնեն նաև վավեր առողջական ապահովագրություն։
Ընդհանուր առմամբ, վիզայի գինը 60 եվրոյից դարձել է 80 եվրո, քանի որ նախկին գինն այլևս չէր բավարարում բոլոր վարչական գործընթացները, այդ թվում՝ անօրինական միգրացիայի վերահսկման մեխանիզմները պատշաճ իրականացնելու համար։
Սակայն մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շրջանակում ՀՀ քաղաքացիների համար գինը մնացել է անփոփոխ՝ 35 եվրո։
«Այսպիսով, վիզայի և ռեադմիսիայի (հետընդունման) ընթացակարգերը միավորվել են համապարփակ և արդյունավետ միգրացիոն քաղաքականության համատեքստում։ Այս փոփոխությունները, որ ԵՄ-ի կողմից իրականացվող շարունակական աշխատանքների արդյունքն են, նոր հնարավորություններ են ստեղծում գործընկեր պետությունների համար միգրացիայի վերաբերյալ երկխոսության համար»,-նշվում է Եվրահանձնաժողովի կայքում:
Վիզայի վերանայված կանոնները ներմուծում են վիզայի քաղաքականության և հետընդունման համագործակցությանն առնչվող նոր մեխանիզմ, և ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանեց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, մշտապես նշվել է, որ վիզաների ազատականացման համար կարևոր է ռեադմիսիոն համաձայնագրերի լավ կատարումը, դրանց շրջանակներում երկրի համագործակցելու պատրաստակամությունը: «Հայաստանի կատարողականը միշտ եղել է 80-90 տոկոս, որը լավ ցուցանիշ է և կարող է նպաստել վիզաների տրամադրման դյուրացմանն ու հետագայում նաև ազատականացման գործընթացի մեկնարկին: Այս փոփոխություններով նաև սահմանվում են պատժիչ-զսպիչ գործողությունների մեխանիզմեր այն երկրների նկատմամբ, որոնք չեն համագործակցում ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակում»,- ընդգծեց Նելլի Դավթյանը:
Ինչ վերաբերում է բազմակի վիզաներ ստանալու կարգին, այն բավական հեշտացվում է: «Ենթադրվում է, որ վարկային պատմության պես վիզա- պատմությունը ևս դառնում է շատ կարևոր. եթե երբևէ չես ունեցել վիզայի խախտում, հաջորդ անգամ կարող ես ստանալ բազմակի մուտքի արտոնագիր՝ 2 տարով, ապա՝ երեք ու մինչև հինգ տարով»,- պատկերավոր համեմատություն արեց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն:
ԵՄ սահմանած փոփոխություններն ինչպե՞ս են ազդելու ռեադմիսիայի վրա
ԵՄ-ն մշտապես աջակցել է անդամ պետություններին անօրինական միգրանտներին իրենց երկրների տարածքից վերադարձնելու աշխատանքներում։ Եվ չնայած սեփական քաղաքացիների հետընդունումը միջազգային պարտավորություն է, անդամ պետությունները դժվարություններ են ունեցել անկանոն միգրանտներին վերադարձնելու հարցում:
Վիզայի վերանայված կանոնները ներմուծում են վիզայի քաղաքականության և հետընդունման համագործակցությանն առնչվող նոր մեխանիզմ:
Նոր կանոնների համաձայն՝ Հանձնաժողովը կկատարի կանոնավոր գնահատում, թե ինչպես են ոչ ԵՄ երկրները համագործակցում ռեադմիսիայի ոլորտում՝ հաշվի առնելով հետևյալ ցուցանիշները.
– Տվյալ ոչ ԵՄ անդամ պետության ռեադմիսիոն որոշումների քանակը.
– Փաստացի վերադարձի քանակը ՝ դրական որոշումների հարաբերակցությամբ,
– Վերադարձի գործընթացի տարբեր փուլերում գործնական համագործակցության մակարդակը, ներառյալ ԵՄ-ում անօրինական բնակվող անձանց նույնականացնելու հարցում տրամադրվող աջակցությունը և ճանապարհորդական փաստաթղթերի ժամանակին տրամադրումը:
ԵՄ անդամ պետությունը կարող է նաև բողոք ներկայացնել Հանձնաժողով, եթե խնդիր ունի անօրինական միգրանտ քաղաքացիության երկրի հետ՝ նրան վերադարձնելու հարցում։ Հանձնաժողովը պետք է գնահատի բողոք-ծանուցումը մեկ ամսվա ընթացքում:
Դրա հիման վրա Հանձնաժողովը, անդամ պետությունների հետ համատեղ Վիզայի օրենսգրքի որոշ դրույթներ կարող է ժամանակավորապես, օրինակ՝ վիզայի դիմումների քննման ժամկետները, վավերականությունը, վիզայի վճարը, տուրքը և այլն։
Եվ ճիշտ հակառակը, եթե ոչ ԵՄ անդամ պետությունը լավ է կատարում ռեադմիսիոն պարտավորությունը, ապա Հանձնաժողովը կարող է նաև խրախուսող մեխանիզմներ կիրառել Վիզայի օրենսգրքի որոշ դրույթների նկատմամբ (վիզայի ցածր գին, արագ քննում, սեղմ ժամկետներ և այլն):